HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավաբանական անձանց համար նախատեսված Վանաձորի բյուջեի հանրային քննարկմանը ներկայացել էին 3-ը

Գայանե Սարգսյան

Վանաձորում գործող իրավաբանական անձանց համար նախատեսված համայնքի 2017թ.-ի բյուջեի հանրային քննարկումն ու 2017-2022թթ. զարգացման հնգամյա ծրագիրը հետաքրքրել էր ընդամենը երեք կազմակերպության:  Զարմանալի էր հատկապես հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչների բացակայությունը, այն դեպքում, երբ տարիներ շարունակ վերջիններից շատերը տարբեր ծրագրերի իրականացման համար  պարբերաբար դիմել և ֆինանսավորում են ստացել համայնքային բյուջեից:

Որքանո՞վ է արդարացված ՀԿ-ներին համայնքային բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրելը, եթե վերջիններս չեն հետաքրքրվում բյուջեի հանրային քննարկմամբ: «Հետքի» այս դիտարկման հետ փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը նախ համաձայնվում է, ապա հավելում՝ այդ ՀԿ-ները շատ հաճախ նաև քաղաքապետարանի տարածքն են օգտագործում իրենց հանդիպումների ու սեմինարների համար:

«Մենք ակնկալում էինք, որ ավելի շատ ՀԿ-ներ կգային, կմասնակցեին: Նրանց պասիվությունը մտածելու տեղիք է տալիս: Քաղաքապետարանի աշխատակազմն, անշուշտ, կանի իր հետևությունները»,- անկեղծանում է փոխքաղաքապետը:

Քաղաքում գործող իրվաբանական անձինք ոչ միայն հանրային քննարկմանը չեն մասնակցել, այլև չեն օգտվել նաև գրավոր հարցերով կամ առաջարկություններով հանդես գալու իրավունքից: Այս մասին տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության ու տեղեկատվության բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը, հավելելով, որ գրավոր առաջարկություններ չի ներկայացվել նաև ֆիզիկական անձանց կողմից:

Ինչի՞ հետևանք է սա. անտարբերությա՞ն, քաղաքապետարանի նկատմամբ անվստահությա՞ն, թե այլ պատճառներ կան, դժվար է ասել:

Ներկա իրավաբանական անձանցից հարցերի գերակշիռ մասի հեղինակը «Լոռեցիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մենուա Բրուտյանն էր:

«Նախորդ բոլոր տարիներին, երբ բյուջեի քննարկումներ են եղել, ասվում էր՝ սա գոյատևման բյուջե է: Երբ հարց էր գնում, որ քառամյա զարգացման ծրագիրը ամբիցիոզ ծրագիր է, դուք ներկայացնում եք գոյատևման բյուջե, ասում էին՝ քառամյա զարգացման ծրագիրն ընդամենը օրենքի պահանջ է և մենք ընդամենը նկարել ենք այդ քառամյա զարգացման ծրագիրը: Ուզում եմ հասկանալ՝ այս ծրագիրը մենք պետք է ընկալենք որպես օրենքի տառի կիրառո՞ւմ, թե պատրաստվում ենք քաղաքի զարգացման իրական քայլեր ձեռնարկել»,- հարցրեց Մ. Բրուտյանը:

Հարցին նախ արձագանքեց փոխքաղաքապետը: «Բնականաբար, մենք հակված չենք գոյատևման, որովհետև թիմը եկել է Վանաձորի զարգացման տեսլականով: Եվ փորձում ենք իսկապես հավակնոտ ծրագրեր իրականացնել: Ուզում եմ հավաստիացնել, որ կա քաղաքական կամք, որ Վանաձորը զարգացող քաղաք դառնա, ոչ թե գոյատևող»:

Հարցին անդարադարձավ նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ով նախորդ գումարման ավագանու անդամ է եղել ու մասնակցել համայնքի 2012-2016թթ.  քառամյա զարգացման ծրագրի հաստատմանը:

«Նախորդ քառամյա զարգացման ծրագիրը որ հաստատվում էր, դա արվում էր ուղղակի որպես օրենքի պահանջ: Հիմա ընդհանուր առմամբ նաև կառավարության մոտեցումներն են փոխվել՝ ծրագիրը ուղղակի ֆորմալ բնույթ չի կրելու և դրանում պետք է ընդգրկվեն համապատասխան ֆինանսավորման  ռեսուրսներով հիմնավորված այնպիսի իրատեսական ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն»:

Մ. Բրուտյանը նկատեց, որ 2017թ. բյուջեի նախագծով նոր եկամուտների համալրում նախատեսված չէ: «Եթե մենք չունենանք մեծացող բյուջե, ապա հնգամյա զարգացման ծրագիրը մնալու է ցանկությունների մակարդակին»,- նշեց նա:

Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Ավագ Ավագյանը նախ նկատեց, որ բյուջեի համալրման համար թիմը շատ ծրագրեր ունի, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ավագանու նիստեր կայանան: Ապա հավելեց. «Հնգամյա զարգացման ծրագիրը կառուցվել է հիմնականում ոչ թե մեր բյուջեի հաշվին, այլ դոնոր կազմակերպությունների, պետության հաշվին»:

Մ. Բրուտյանի հաջորդ առաջարկը վերաբերում է տեղական տուրքերի դրույքաչափերի վերանայմանը:

«Առաջարկում եմ քաղաքը գոտիավորել և ըստ այդ գոտիավորման սահմանել տեղական տուրքի չափ: Կարելի է կիրառել նաև այլ մոտեցումներ դրույքաչափերը սահմանելու ժամանակ: Օրինակ, հաշվի առնել բիզնես գործունեություն ծավալողի զբաղեցրած տարածքը և այլն»:  

Անդրադառնալով 2017թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված ինքնակամ կառույցների օրիանականացումից ակնկալվող մուտքերին, ՀԿ-ի նախագահը նկատեց՝ ավելանալու փոխարեն ակնկալվող գումարը նվազել է:

«Այսօր այնքան ակնառու է, որ մեր քաղաքում անօրինական շինություններ կան, և եթե մենք գնում ենք օրինակացման ճանապարհով, այս թիվը պետք է մի քանի անգամ մեծանար, այնինչ բյուջեի եկամտային մասում 2016թ.-ի 2 մլն 250 հազարի փոխարեն 2017-ին ակնկալվում է 1 մլն 725 հազար դրամ»:

Գումարի նվազման տենդենցը ֆինբաժնի պետը հիմնավորեց տարիներ շարունակ իրականացվող գործընթացի արդյունքում ինքնակամ շինությունների նվազմամբ:

Եղան նաև համայնքի այլ ոլորտներին վերաբերող դիտարկումներ ու հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter