
Նորից Ձեզ հրավիրում եմ «ժամադրության»
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Դեկտեմբերի 19-ը Սողոմոնի ծննդյան օրն է, նա կդառնար 50 տարեկան: Միշտ ասում էր՝ հազիվ 50 տարի ապրեմ: Պատճառաբանում էր, թե իրենց ընտանիքում տղամարդիկ երկար չեն ապրում: Բայց միշտ երազում էր ազատության մեջ հեռանալու մասին: Այդպես էլ եղավ. նա լուռ իր խաչը տարավ բանտից մինչև Եռաբլուր:
Սողոմոնի ծննդյան օրվա կապակցությամբ նվեր եմ պատրաստել՝ «Զգացմունքների պետություն» պատմվածքների ու վավերապատումների ժողովածուն: Այն սկսել էի կազմել դեռ այն ժամանակ, երբ Սողոմոնը հիվանդ էր: Մի անգամ նրան նամակ գրեցի, որ շուտ լավանա ու ինքն անցկացնի գրքի շնորհանդեսը:
Երբ հիվանդանոցում էր, հեռախոսով զրուցեցինք, ուրախանում էր հենց գրքի մասին էի պատմում, ասում էր, որ արդարության համար շարունակեմ պայքարել գրչով ու մտքով:
«Զգացմունքների պետությունն» այժմ տպարանում է: Դեկտեմբերի 24-ին՝ շաբաթ օրը, ժամը 13:00-ին բոլորիդ հրավիրում եմ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահ, որտեղ տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Գիտեմ, որ շնորհանդեսին գալու են Սողոմոնի մայրը, քույրերն ու հարազատները: Գրքի գինը դեռ չենք որոշել, բայց այդ օրվա վաճառքի գումարը իմ ցանկությամբ հաձնվելու է Սողոմոնի ընտանիքին:
Այս ժողովածուն իրականություն դարձավ շնորհիվ Գագիկ Հարությունյանի, ում հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալ մահապատժի անօրեն դատավճռի բեկանման գործով անվերջանալի թվացող դատական նիստերից մեկի ժամանակ: Հավատում եմ, որ ֆիզիկական Ազատության մեջ նրա ձեռքն ամուր սեղմելու պատիվ դեռ կունենամ...
Գրքում նաև իմ գծանկարներն են: Արդեն տեսել եմ գրքի վերջնական մակետն ու կազմը: Կազմի նկարն ինքս եմ ընտրել ու վրան ածելիով «փորագրել»՝ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
Ժողովածուի մեջ բոլորը հայերեն գործեր են: Որոշ պատմվածքներ, որոնք ի սկզբանե ռուսերեն եմ գրել, թարգմանել եմ հայերեն: Գրքում ընդգրկել եմ 13 տարիների ընթացքում՝ 2003-2016թթ. գրված աշխատանքներ (գիտեք, որ բանտարկությունից հետո՝ առաջին 7 տարիներին, մահապատժի տակ, չեմ ստեղծագործել):
«Զգացմունքների պետությունը» բաղկացած է երեք մասից՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մա՛րդ», «Զուգահեռ աշխարհում» և «Կին-Աղջիկը»: Առաջին մասում է Սողոմոնի մասին «Սա կինո չէ» պատմվածքը, որը սկզբում գրել եմ ռուսերեն, հետո թարգմանել հայերեն: Համարյա վիպակ է. ծավալուն է ստացվել: Այս պատմվածքում նկարագրում եմ Սողոմոնի ու իմ առաջին փախուստը «Գորիսի» բանտից: Սկսել եմ այսպես. իմ պատմությունները կարող են ձեզ ֆիլմ թվալ, կարող է մտածեք, թե կինո եմ պատմում, այնպես, ինչպես մենք էինք պատանի տարիքում պատկերացնում Կոմս Մոնտե Քրիստոյի պատմությունը կարդալիս: Մտածում էինք՝ դե՛, հորինվածք է. ինչպե՞ս կարող են մարդուն բանտել մեկի վկայությամբ, ինչպե՞ս կարող է նա փախչել բանտից ու վերադառնալ Ողջերի աշխարհ: Բայց այն, ինչ գրում եմ, իրականություն է:
Ստեղծագործություններից մի քանիսը տպագրվել են իմ հեղինակած «Ես զրուցում եմ քեզ հետ, Մա՛րդ», « Զուգահեռ աշխարհում», « Դեպի ցմահ Ազատություն» գրքերում, վավերապատումներից շատերը՝ « Հետք» թերթում: Ժողովածուի մեջ ներառված են նաև դեռևս չտպագրված գործեր:
Նոր`«Ելք կա, ուրեմն գտիր այն» ստեղծագործությունում, որը գրեթե ամբողջությամբ հիմնված է իրականում տեղի ունեցած իրադարձությունների վրա, կգտնեք իմ ճակատագրին վերաբերող հարցերի պատասխանները…
«Զգացմունքների պետությունը» սիրո, պայքարի, ազատության, արդար դատաքննության պահանջի մասին է:
Մի բան էլ՝ եթե ազատության մեջ լինեի, կասկածում եմ, թե գրքեր գրեի, պարզապես կապրեի: Դա է պատճառը, որ գրքի վերջում ցանկացել եմ շեշտվի հետևյալը՝ ամենևին էլ հավակնություն չունեմ գրող լինելու, կոչվելու, դառնալու, պարզապես գրի միջոցով զրուցում եմ քեզ հետ, Մա՛րդ... զրույցը շարունակվում է:
Նորից ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ում շնորհիվ իրականություն են դարձել գրքերս, ուսումս՝ ԲՈՒՀ-ում, աշխատանքս՝ որպես բանտային թղթակից…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ նրանց, ովքեր արդար դատաքննության պահանջ ունեն:
Ուրեմն՝ «կհանդիպենք» դեկտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:
Եթե Իտալիայում լինեինք, անպայման կկարողանայի գալ գրքի շնորհանդեսին, քանի որ այնտեղ ցմահ բանտվածը 48-օրյա արձակուրդի իրավունք ունի...
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել