HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսյալ բարեկամ և ուսուցանող ուղեկից. գրախոսականի փորձ

Աշոտ Հովսեփյան

Ահավասիկ, հուրախություն ինձ և բազմաթիվ ներկաների՝ «Նարեկացի արվեստի միության» հյուրընկալ սրահում վերջապես տեղի ունեցավ մի բացառիկ գրքի (գոնե թե ինձ համար) երկար սպասված շնորհանդեսը: Թերևս համանման պարագաներին հարմար է գալիս Պարույր Սևակի «ուշ, բայց ոչ ուշացած» բանաձևումը: Խոսքս վերաբերում է Արմեն Քեշիշյանի հեղինակային աշխատակցությամբ ու անմնացորդ նվիրումով դեռևս 2014թ. «Ֆենոմեն» հրատարակչության տպագրաքուրայի բովով անցած ու լույս աշխարհ եկած «Աստվածաշնչյան դարձվածքների և արտահայտություն­ների հայերեն-անգլերեն-ռուսերեն բացատրական բառարան» ստվարա­ծավալ աշխատությա­նը: Շնորհանդեսում, իհարկե, ըստ էության հնարավորինս հանգամանալից խոսվեց գրքի մասին և հավուր պատշաճի ներկայացվեց այն, ինչի մասին խոսք կլինի ստորև: Ու կարծում եմ, ավելին՝ հուսով եմ, որ հետագայում էլ դեռ պիտի խոսվի այս գրքի մասին, դեռ այն պիտի էլի´ ներկայացվի տարբեր հարթակներում, թերևս ավելի համապարփակ վերլուծությունների նյութ դառնա, այլև դրան նվիրված մասնագիտական գրախոսություններ ծնվեն:

Ըստ ամենայնի ամեն մի գրքի, այն էլ՝ արժեքավոր գրքի ծնունդը, գոնե գրի սիրահարների ու նվիրյալների համար ցանկալի և հոգեպարար երևույթ է, կամ առնվազն պիտի որ այդպիսին լինի: Ինքս այդպես եմ կարծում: Եվ ըստ իս՝ ինչպես հայ, այնպես էլ օտարալեզու ընթերցողի, ընդհան­րապես գրասեր հասարակության, կիրթ հետաքրքրվողների սեղանին այլևս դրված է իր տեսա­կի մեջ բացա­ռիկ մի գիրք՝ «Աստվածաշնչյան դարձվածքների և արտա­հայտություն­ների հայերեն-անգլերեն-ռուսերեն բացատրական բառարան» ստվարածավալ աշխատությու­նը: Ստվարածավալ՝ ոչ միայն իր ֆիզիկական մեծությամբ, հենց իսկ ծավալային չափանիշներով (հանրագիտարանային ձևաչափի 632 էջ, 2007 դարձվածքային միավոր, իսկ բացատրություններով, մեկնու­թյուններով ու լրացուցիչ տեղեկություններով՝ շուրջ 3500 բառարանային միավոր), այլև, և առաջին հերթին, ստվարածավալ (մեծարժեք իմաստով)՝ իր բովանդա­կային և իմաստաբանա­կան ընդգրկումներով: Սա հենց այն դեպքն է, երբ ամենևին տեղին չէ վոլտերյան Միկրոմեգասի (փոքրամեծ) համոզումն առ այն, որ չի կարելի դատողություն անել ոչ մի բանի մասին՝ ելնելով միայն նրա առերևույթ մեծությունից, ըստ այդմ այստեղ բովանդակային հագեցվածությունը հույժ համարժեք է հատորի ծավալային մեծությանը:

Բառարանում որպես դարձվածքային եռալեզու միավորների համադրման հիմք վերցված են յուր լեզվական միջավայրերում անառարկելի հեղինակություն և սկզբնաղբյուրի կարգավիճակ ունեցող՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և աստվածաշնչային ընկերության 2001թ. հայերեն, «King James Version» անգլերեն և «Библия в синодальном переводе» 2010թ. ռուսերեն հրատարակությունները: Այնուամենայնիվ, համաշխարհային ճանաչում վայելող Սուրբ Գրքի գրաբար տարբերակից բազմաթիվ են համարժեքները: Լուրջ ծավալ են կազմում նաև այս կամ դարձվածքների և արտահայտությունների լատիներեն համարժեքները:

Հիրավի´ բացառիկ աշխատություն, իր տեսակի մեջ՝ եզակի: Ասում ենք՝ իր տեսակի մեջ եզակի, և անվարան, առանց կասկածի նշույլի ենք ասում, քանզի թեև բացատրական բառարաններ շատ կան՝ լեզվաբանական, տեխնիկական և այլ մասնագիտական բնույթի, բայց հոգևոր բնույթի ու բո­վանդակության, հոգևոր նյութ ու թեմատիկա պարունակող բառա­րանները սակավ են: Ասենք, օրինակ, որ Յակոբ Պօյաճեանի «Բառարան Սուրբ Գրոց» 1881թ. Կոստանդնուպոլսի Ա. տպա­գրութիւնը վաղուց ի վեր է առկա (նաև վերահրատարակված), սակայն Արմենի այս աշխատու­թյունը՝ իբրև նոր ու նորովի հրատարակություն, տարբերվում է իր նախորդներից, թող թույլ տրվի ասել՝ իր աշխարհիկայնությամբ: Եվ ի տարբերություն հենց իսկ «Բառարան Սուրբ Գրոց» հատորի, որն ավելի շուտ հոգևոր բնույթ ունի, եթե կարելի է այդպես բնորոշել, ըստ այդմ՝ այն պահանջում է քիչ թե շատ պատրաստված ընթերցող (հոգևոր ընկալումների և լեզվական բարդու­թյան առումով), Արմեն Քեշիշյանի աշխատությունն ավելի լայն ընդգրկում ունի և հասու է ան­գամ այսպես ասած՝ ամենաանպատ­րաստ ընթեր­ցողին, հատկապես յուրաքանչյուր նյութին վերաբերող բառարանային մեկնաբանություն­ներով և բազում ու տարա­զան լրացուցիչ տեղեկություններով, որոնք ոչ միայն աստվածա­շնչյան ծագում ու «գրանցում» ունեն, այլև դասական գրականության փայլուն նմուշներ են, ինքնին գեղարվեստական գոհար­ներ (Մովսես Խորենացի, Առաքել Դավրիժեցի և այլ պատմիչներ, Գրիգոր Նարեկացի ու Ներսես Շնորհալի, Խրիմյան Հայրիկ ու Գարեգին Նժդեհ, Հ. Մաթևոսյան ու Վ. Գրիգորյան և այլք, ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության բազմաթիվ հեղինակներից (Կիմ Բակշի, Ֆրենսիս Բեկոն, Ռեդիարդ Կիպլինգ, Շալամով, Շամֆոր և շատ ու շատ այլք՝ մեծ մասամբ հեղինակի և խմբագրի թարգմանությամբ) և այլ մշակու­թային կոթողներից (Սվետոնիոնոս, Սենեկա, Ցիցերոն ևն) տեղին մեջբերումներ, անգամ Լեռ Կամսարի նրբին հումորով ներծծված), ինչն ընթերցանությունը դարձնում է ավելի հետաքրքրական ու մատչելի, նյութն՝ ավելի դյուրըմբռնելի, իբրև մեր օրերում մեծերին կարդալու միջոցով ընթերցանությունն առօրյա վերադարձնելու կոչ և խթան: Ավելին, ըստ էության այս աշխա­տությունն իր ընդգրկումներով, իմաստաբա­նական շերտերով ու շեշտերով տքնաջան գիտա­կան ուսումնասի­րություն է, որ միաժամանակ նաև հանրա­մատչելի բնույթ ունի, և ճանաչողական մեծ ներուժ է կրում իր մեջ: Այն հիրավի´ մի հսկայա­ծավալ աշխատանք է, և ինչպես բնորոշվեց շնորհանդեսի ժամանակ՝ ոչ թե գիրք է լոկ, այլ՝ մատյան, հանդգնեմ հավելել՝ մատյանակերտ կենդանի հուշարձան, որ ես կասեի՝ անօրինակ սխրանքի դրսևորում է, և ինչն ըստ իս աներկբա է:

Արմեն Քեշիշյանը

Շնորհանդեսի ընթացքում նշվեց նաև, որ հեղինակն իր այս բառարանի համար նախատեսել էր նեղ ճանապարհ, կամ եթե կարելի է այլ կերպ արտահայտվել՝ «փշոտ» ճանապարհ. ո´չ մի հովանավոր, ո´չ մի շնորհանդես, և մեր օրերում հավանաբար ևս մեկ՝ դժվարություն ասե՞մ, թե՞ անհարմարություն, մասնավորապես՝ գիրքը պիտի նախ և հայերեն լիներ: Ըստ եվրոպական տարբեր համալսարանների ու անհատների կարծիքի՝ ցանկացած եվրոպական լեզվով նման բառարանի լույս տեսնելը մեծ շուկա կապահովեր հեղինակին: Ու հենց այդպես էլ սկսվել է գրվել՝ բոլոր մեկնաբանություններն ու մեկնությունները երեք լեզուներով, բայց աշխատանքի ընթացքում ֆինանսական առումով ևս մեկ, տնտեսապես աննպաստ որոշում ընդունվեց. ըստ հեղինակի՝ «Եթե գիրքս մի բան արժե, ապա թող այն լինի հայերեն ու հայկական՝ իր ծագման լեզվով, ոգով ու լսարանի թիրախավորմամբ: Իսկ արժեցող լինելու դեպքում արդեն տեղ կգտնի այլալեզու միջավայրերում՝ որպես Հայաստանում հայերեն լույս տեսած գիրք»:

Ի բնե բանասերի, ուսյալ լեզվաբանի, և ի վերջո իր տեսակի մեջ եզակի մշակութաբանի նույնպիսի եզակի այս աշխատության առաջին ընթերցողներից մեկն ու բախտավոր հաղորդակիցը լինելու պատեհությունն եմ ունեցել նաև ես: Այդ առումով կցանկանայի ընդամնենը մի քանի դիտարկում ներկայացնել:

Հենց առաջին իսկ հոդվածից զգալի է այն արդիական շունչը, որ առկա է բառարանում, հատկապես իր հղումներով, որ է´լ ավելի համադրված է դարձնում բուն նյութն՝ ամբողջական ընկալման առումով, հնօրյա և նորօրյա իրողությունների՝ ներկայումս արդեն իսկ ոչ այնքան զարմանալի զուգահեռների ճշգրիտ նմանությամբ ու զուգադրումներով. ի հաստատումն այն բանի, այն հանգամանք­ների, որ դեռևս աստվածաշնչյան գրոց-բրոց ժամանակներից մինչ օրս արդիական են, ի մասնավորի ասենք, ունևորի ու տնանկի փոխառնչությունները, որոնք միշտ ու մշտապես նույնն են եղել երեկ և նույնն են նաև այսօր. ինչպես օրինակ՝ հարուստների (ավելի ստույգ՝ ունևորների, ընչաքաղց­ների, մեծատունների) կողմից աղքատ (ավելի ստույգ՝ չունևոր, չքա­վոր, տնանկ) ժողովրդին «նետվող» մանր ու նվաստացնող «ընծաները» (ներկայումս նույնպես հույժ արդիական), կեղծ բարեգոր­ծութունը (որ թալանվածի հաշվին է կատարվում, ապա և կատարածից ավելի շատ տարփողվում է), և նմա­նապես այլ հոռի դրսևորումներ, որոնք կարծես թե նորօրյա վայ-մեծավորացն հուշում են՝ զգույշ լինել, այլապես հետո պիտի նախանձեն Հայր Աբրահամի գոգում իր հանգիստը գտած աղքատ Ղազարոսին, այլև «տապից տապակված»՝ նրանից պիտի խնդրեն, որ ընդամենը «իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուն», ճիշտ այն փշուրների չափով, որ երբեմն բաժին էր ընկել աղքատին (տնանկին)՝ հարուստի (մեծատունի) սեղանից: Եվ ինչպես Հովհան Ոսկեբերանն է դեռևս իր ժամանակին մեկնել՝ «Սա եղավ այն ժամանակ: Հիմա էլ է լինում: Այդ մասին գրվեց, որպեսզի հետո եկողներս խրատվենք դրանից ու չկրենք այն, ինչ նա կրեց», բայց, ավա˜ղ, խրատվելը կարծես թե դժվար, դժվարա­գույն մի բան է, եթե չասենք, որ երբեմն անգամ անհնարին: Ի խորոց սրտի: Այսպիսի օրինակ­ներ շատ կարելի է բերել. բառարանն ամբող­ջությամբ հագեցված է ուսանելի բազում օրինակ­ներով: Ասենք՝ բառարանն իր ամբողջության մեջ հենց տեղեկացում, զգուշացում և ուսուցում է, որ առաջին հերթին պիտի որ ուսանելի օրինակ լինի, թող թույլ տրվի ասել՝ հենց իսկ բոլոր ժամանակներում էլ առկա անկիրթ գոյերի հա­մար, որք իրականում գրի ու գիտելիքի կարոտն ու տենչը պիտի ունենային՝ չլինելու-չմնալու համար այնպիսին, ինչպիսին որ կան: Իսկ շատերի համար բառարանն ուսյալ բարեկամ է, ուսուցանող ուղեկից: Այնպես որ վերը ասվածին այլևս որևէ բան հավելելն ավելորդ է, զի նույնն է և այսօր, ինչ որ է´ր երեկ: Եվ մի արասցե Աստված, որ վաղն էլ նույնը լինի: Ամեն:

Ստորև ևս մեկ-երկու օրինակ զետեղելը (ճիշտ նույնական՝ ըստ բնօրինակի) պետք է որ ավելի պատկերավոր դարձնի ինչպես բառարանի կառուցվածքը, այնպես էլ նյութի ներկայացման եղանակը, որի նպատակներից մեկն ըստ հեղինակի և ստեղծագործական խմբի՝ «բառարանն ընթերցանության համար» պատրաստելն էր: Մասնավորապես.

թքել մեկի երեսին 

spit in smb’s face

плюнуть в лицо кому-л

Տերն ասաց Մովսէսին. «Եթէ Մարիամի հայրը թքէր նրա երեսին, մի±թէ նա եօթը օր չէր ամաչելու»: (Թուեր ԺԲ 14)

And the Lord said unto Moses, If her father had but spit in her face, should she not be ashamed seven days? (Nu XII, 14)

И сказал Господь Моисею: если бы отец ее плюнул ей в лице, то не должна ли была бы она стыдиться семь дней? (Чис 12:14)

Սաստիկ ամոթանք տալ, խայտառակ անել, պախարակել, պատվազրկել:

«Երեսին թքելը» նշանակում էր պատժվողի դիմացը կանգնելով հատակին (և ոչ ուղղակի երեսին) թքելը: Խորհրդա­նշում էր հասարակության ազատ, լիիրավ անդամի իրավունքներից զրկելը: Այս «ծեսը» կատարվում էր նաև ծերերի որոշմամբ` այն դեպքերում, երբ հանգուցյալ ամուսնու եղբայրը հրաժարվում էր կնության առնել նրա այրուն: «Երեսին թքելը» բացառիկ պատիժ էր, որ կիրառվում էր երեխայի (կամ տան կրտսեր անդամի) նկատ­մամբ` վերջինիս կողմից հոր (տան ավագ անդամի) առանձնահատուկ վրդովմունքը հարուցելու դեպքում: «Զարհուրելի» արարքը կատարելուց հետո երեխան յոթ օր զրկված էր լինում հոր հետ շփվելու հնարավորությունից, որից հետո հայրը որոշում էր, ներել, թե՞ շարունակել պատիժը[1]:  Տ/ն Հ-1355

«Իսկ արդ, ո´վ նզովյալներ, ո՞ր մահապարտին են բռնցքահարում և երեսին թքում: Բռնցքահարում ես Նրան, որ գլուխդ պատվական ակներով զարդարեց, թքում ես Նրա երեսին, Ով քեզ արարելիս քո մեջ կենդանության շունչ փչեց. որի մասին այն կույրը, շրջելով քաղաքի փողոցներում, աղաղակում է` հայտարարելով, թե` «Նա, ում Հիսուս են ասում, կավ շինեց թքով, ծեփեց իմ աչքերին և հրամայեց, որ լվանամ Սելովամում: Եվ տեսնում եմ» (Հովհ Թ 11): Կույրը լուսավորվեց, իսկ դու` լուսավորդ, կուրացար: Տեսնո՞ւմ ես տգետների հանդգնությունը և Աստծու անհամեմատելի համբերությունը. բոլորի Ազատիչն անօրենների կողմից բռնցքահարվում է և մեղավորներից թուք է ընդունում Իր դեմքին: Սա վեր է մարդկային բնությունից. Ով արարածներին արարեց` Նա՛ միայն կարողացավ տանել այս ամենը»: (Եղիշե, «Աստվածաբանական երկեր», էջ 103)

«Արի՛, արի՛, իմ ծուռ գրիչ և կեղտոտ քառակուսի թանաքաման: Իմ կյանքի ընկերներ` իմ կյանքն ու հոգին: Դուք իմ հոգու մրմունջներին արձագանքողներ ու հավերժացնողներ: Դուք իմ բանտի ու աքսորի ընկերներ, որ տաժանակրու­թյունս այնքան թեթևացրիք, որ չիմացա, թե ինչպես անցավ հալածանքիս քսան տարին: Դուք ինձ օգնեցիք անջնջելի սև բիծ դնելու իմ անարգ հալածիչների անամոթ ճակատներին, որ պատմությունը իր անվերջանալի ընթացքում կարդա ու թքի նրանց երեսին»: (Կամսար, «Սոցիալիզմի Սահարա», էջ 29-30)

«Արարատեան դաշտի չորս կողմը գիծ են քաշել, ասես ժանտախտով վարակուած վայր լինէր: Վրաստանը արգելում էր հացի առաքումը: Բագւի թուրքերը աւազակների խմբեր էին ղրկում դիակները կողոպտելու համար: Տաճիկները քանդում էին քանդւած Անին եւ այրում Ալեքսանդրապոլը: Կաթողիկոսը լաց էր լինում: Հռիփսիմէի եկեղե­ցին մորթւած գառնուկի աչքերով նայում էր հրեշտակներին, մինչ պարոն Զինովիեւը համաիսլամական ժողովի մէջ դարերի միջից իր հայրենակից Տերտուղիանոսի երեսին արիւնալի թուք էր թքնում: Հայաստանը, լեռներից իջած գայլերի հետ, ոռնում էր»: (Զարեան, «Անցորդը եւ իր ճամբան», էջ 173-174)

Եվ մեկ ուրիշը.

ձայն բարձրացնել

lift up one’s voice

подавать голос (голосить, плакать)

Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո´ւս վարդապետ, ողորմի´ր մեզ»: (Ղուկ ԺԷ 12-13)

And as he entered into a certain vill­age, there met him ten men that were lepers, which stood afar off: And they lifted up their voices, and said, Jesus, Master, have mercy on us. (Lk XVII, 12-13)

NIV: call out in a loud voice

И когда Он входил в одно селение, встретили Его десять человек прокаженных, которые остановились вдали. И громким голосом говорили: Иисус Наставник, помилуй нас! (Лк 17:12-13)

Ձայն տալ, կանչելով ուշադրություն հրավիրել:

Սամարիայի և Գալիլիայի միջով դեպի Երուսաղեմ ուղևորվելիս Հիսուսը հանդիպում է տասը բորոտների: Անբուժելի հիվանդությունից տառապող այս մարդիկ միասին դիմեցին Հիսուսին` խնդրելով ողորմել իրենց: Լեռներով ու բլուրներով շրջապատված տեղանքում տասը հոգու ձայնը սովորականից բարձր հնչեց: Հաշվի առնելով այս արտահայտության նաև «լացել» իմաստը, կարելի է պատկերացնել, որ նրանք իրենց լացակումած ձայնը ուղղում էին առ Աստված, ինչն այս դեպքում բառացի պետք է հասկանալ: Խոսքի մեջ հաճախ նախորդվում է «բողոքի» բառով:

Հիսուսի և բորոտների հանդիպումը տեղի ունեցավ Գարեբ և Գեբաղ բլուրների մոտ, ուր լսելիությունը պետք է որ անխոչընդոտ լիներ` ձայները բարձր հնչեցին: Բորոտները[2] աղերսում էին մաքրել իրենց այլանդակ հիվանդությունից: Այսպիսի վայրերում բավական է միայն հստակ արտասանել վանկերը, և ձայնդ լսելի է դառնում մեծ տարածության վրա[3]:

Մյուս կողմից, տասը բորոտները արդեն հույսը կորցրած մարդիկ էին, գիտեին, որ այլոց ֆիզիկապես մոտենալը իրենց արգելված է, մինչդեռ իրենց ցավը և հուսահատությունը լսելի դարձնելու մղումը պետք է որ իրենց մոռանալ տար լեռնային օդի խտության մասին: Նրանց միակ ցանկությունը լսված լինելն էր և հույսը, որ լսողը նրանց օգնության կգա և կբուժի (առհասարակ, ձայնը ցա´վն է բարձրացնում, լինի դա առանձին մարդ կամ հասարակություն): Բացի այդ, նույն ցավով տառապող այս տասը հոգին իրենց ձայները միասին բարձրացրին, և տասը հոգու ձայնը արդեն ինքնին ավելի բարձր էր, քան մեկինը. «Հիսո´ւս վարդապետ, ողորմի´ր մեզ», աղերսում էին նրանք: Հետաքրքիր կլիներ իմանալ, արդյոք այս տասից որևէ մեկը կա՞ր հարվածող և հայհոյող այն ամբոխի մեջ, որի միջով Հիսուսը Գողգոթա էր բարձրանում:

«Այդ օրերէն 40-50 տարիներ ետք ահաւասիկ այսօր թուրք կրթական գործերու պատասխանատուներու կողմէ կը շեշտուի կարեւորութիւնը ուսման հետ միասին արհեստագիտական հաստատութեանց: Եւ ինչպէս կը պատահի յաճախ, ոչ ոք պաշտպանեց հալածանքի զոհը[4]: Ոչ ոք ձայն բարձրացուց ըսելու համար որ տգիտութեան զոհ մը եւս աւելցաւ չհասկցուած հոգիներու փաղանգին վրայ»: (Պուրմաեան, էջ 119)

Բավարարվենք այսքանով: Այսու միայն հավելեմ, որ բացառիկ հաջողված է նաև գրքի ձևավորումը (նկարիչ՝ Գևորգ Մշեցի-Ջավրուշյան). խոսուն նկարազարդումներ՝ հուշող ենթատեքստերով: Խորին խոնարհումս եմ բերում այս «համեստ» աշխատության իրապես համեստ հեղինակ Արմեն Քեշիշյանին՝ հիրավի´ տիտանական իր նվիրումի համար: Մեր նորօրյա իրականությունում, ի խորոց սրտի, հենց Արմենի նման կիրթ ու բանիմաց, բազմիմաց անհատների սակավու­թյան դառը պտուղներն ենք ճաշակում այսօր: Անհատներ, որ աշխատանքն սկսելով երազանքից, արդյունքում՝ իրենց հարուստ ներաշխարհի բազում անգին գանձերը բաշխում են ընթերցողին:

Անշուշտ, բառարանը զերծ չէ ինչ-ինչ թերություններից, որոնք ըստ էության ավելի շատ տեխնիկական բնույթի են, քան՝ բովանդակային, կամ պարզապես վրիպակներ, որոնք, սակայն, ամենևին էլ չեն ստվերում նրա հսկայական արժեքը: Կարծում եմ, ավելին՝ համոզված եմ, որ հեղինակն ինքն էլ դեմ չէ (ասենք՝ դրա մասին խոսվեց նաև շնորհանդեսի ժամանակ), որ այդ առումով նկատված վրիպակների, շահեկան այլ նկատա­ռումների մասին բարձրաձայնվեն՝ ի շահ հետագա հնարավոր շտկումների, առավել ևս, որ առաջիկայում սպասվում է մատյանի շարունակությունը. հերթի են երկրորդ, երրորդ հատորները, թերևս գուցեև էլի հատորներ:

Կեցցե˜ս, Արմեն: Շնորհակալություն, որ դու կաս, շնորհակալություն, որ ձեռնարկել և ավարտին ես հասցրել այս անպարագիծ, համընդգրկուն, առանց չափազանցության ու ձևականությունների՝ հիրավի´ հիասքանչ գործը: Խորին երախտագիտություն նաև այն բոլոր անձանց (խմբագիր Հայկ Խեմչյանին, նկարիչ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանին, սրբագրիչ Նունե Արզաքանյանին և այլոց, չշարունակեմ հականե-հանվանե թվարկումը), որ եղել են քեզ աջակից այս գործում: Ե´վ քեզ, և´քեզ աջակից անձանց ուժ ու ավյուն, անսահման եռանդ՝ ի նպաստ հաջորդ մատյանների երևակման և հետագա նորանոր այլ ձեռքբերումների:

11.12.2014թ.-29.09.2016թ.


[1] Որպես օրինակ կարելի է հիշել «Ծննդոցում» նկարագրված դրվագը, երբ Տերը Մարիամին բորոտությամբ է պատժում` իր իսկ եղբորը` Մովսեսին եթովպուհու հետ ամուսնանալու մեջ մեղադրելու և նրան վատաբանելու համար: Երբ Մովսեսը Տիրոջը աղերսում է բժշկել Մարիամին, Տերը հիշեցնում է այս ընտանեկան կանոնը և պատրադրում, որ յոթ օր նա հեռանա բանակատեղիից: Քանի որ Մարիամը մարգարե էր, նա այսպիսով զրկվում էր Աստծու` հոր հետ շփվելու իրավունքից:

[2] Այս հիվանդությունը մարդկանց սոցիալապես մեկուսացնում էր հասարակությունից, ինչը ամրագրված էր օրենքով (Ղևտ ԺԳ 46), ըստ որի բորոտները չէին կարող ապրել պարսպապատ քաղաքներում, գյուղերի վարչական սահմաններում և այլն` հիգիենայի և հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով: Միևնույն ժամանակ բորոտները չէին մերժվում հասարակության կողմից, նրանց հատկացվում էր առանձին բնակավայր` քաղաքից կամ գյուղից ոչ շատ հեռու: Նույնիսկ ժողովարաններում նրանք ունեին առանձնացված տեղ, ուր կարող էին աղոթել և մասնակցել կրոնական արորողություններին: Նրանց արգելված էր Երուսաղեմ մտնել: Այս էր պատճառը, որ Հիսուս նրանց հանդիպեց ոչ թե գյուղում, այլ «գյուղ մտնելիս»:

[3] Տեղին է հիշել Լեռան քարոզը (Մատթ 5). դժվար է հավատալ, որ մի ամբողջ վարդապետական համակարգ ներկայացնելիս որևէ մեկը, նույնիսկ եթե դա Քրիստոսն է, լեռան լանջերին և ստորոտում հավաքված բազմությանը դիմել է գոռալով:

[4] Խոսքը Արամ Նիկողոսյանի մասին է (1871-1937թթ.), հայ մանկավարժ, մտավորական: Առաջինը Թուրքիայի հայ կրթօջախներում ներմուծեց արհեստավարժական կրթամեթոդը (աշակերտների աշխատանքները նաև վաճառվում էին հօգուտ դպրոցների և հեղինակների): Միայն կես դար հետո այս մեթոդը սկսեցին պարտադիր կիրառել Թուրքիայի բոլոր դպրոցներում առանց, իհարկե, Նիկողոսյանի անունը հիշատակելու: Նրան անվանում էին «ժամանակէն առաջ քալող դաստիարակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter