Պահ, պատրանք, պատում. Արամ Կիրակոսյան
Մինչ քայլում էինք դեպի արվեստանոց, որ գտնվում է հին ու նոր Երևանի խաչմերուկում, Արամը հեռախոսով համոզում էր ընկերոջը, որ իր համար լուսանկարչական ժապավեն գնի: Հետո թերթի կրպակից մի տուփ ծխախոտ վերցրեց, որ գրեթե ավարտվեց հարցազրույցի մեկ ու կես ժամվա ընթացքում:
Լուսանկարչության, հայաստանյան ու սեփական փորձառության շուրջ զրրույցի ավարտին, «ավելացնելու բան ունե՞ք» հարցին Արամը ժպիտով պատասխանեց. «եթե դուք հարցեր չունեք, իմ անձն ինձ չի հետաքրքրում»:
Որովհետև ինքս լուսանկարչական սարք չունեի` Արամը հարցերին պատասխանում էր արվեստանոցի փայտե աթոռին նստած` ոտքը ոտքին գցելով, ծխախոտը պահող աջ ձեռքը ձախի դաստակին հենած, մոխիրը փոքրիկ ծաղկամանի մեջ լցնելով, կարմիր ու դեղին հատվածական գունավորում ունեցող պատի դիմաց, փոքր-ինչ կռանալով ու գրեթե գրկելով տաքացուցիչը, ծիծաղի թեթև, անշտապ ընդմիջումներով:
դրվագ1
Ժամանակին հայրս է լուսանկարչությամբ զբաղվել, հետո կիսատ է թողել: Պապս, որ խիստ մարդ էր, ձեռքը խփել է սեղանին, ասել` թարգը տուր այդ անկապ բանի, նորմալ բանով զբաղվի, ու հայրս դարձել է ֆիզիկոս: Ես զբաղվել եմ ֆիզիկայով, հետո կիսատ եմ թողել ու հիմա զբաղվում եմ ֆոտոյով ու կինոյով: Հայրիկիցս ինչ-որ քիչ գործեր մնացել են, որոնք տեսել, հավանել եմ, բայց առավել դուր է եկել մորական կողմից տատիս գործերը, ով «Կիև» տեսախցիկ է ունեցել ու նկարել ընտանիքը: Երբ ավելի լուրջ սկսեցի զբաղվել ֆոտոյով, հին ալբոմ գտա պապական տանը, որի հեղինակը չգիտեմ ով է: Այնտեղ մի լուսանկար կա, որում հորս մեծ պապն է իր ընտանիքի հետ, ով Ցեղասպանության ժամանակ վեց եղբայր է կորցրել: Ազդեցիկ նկար է, որովհետև այդ ցավը իր աչքերում կա: Հիմա ընտանեկան ֆոտոյի տեսակը վերացել է:

դրվագ 2
Մի ժամանակ գրում էի, փակ էի: Հիմա գուցե տարին մեկ-երկու անգամ գրեմ: Պատմվածքներ եմ գրում` հիմնականում ռուսերեն, մեկ գործ ունեմ արևմտահայերենով: Մի արտահայտչամիջոցը փոխարինեց մյուսին: Լուսանկարչությամբ զբաղվելուց հետո սկսեցի շատ խոսել: Ֆոտոն այդ առումով «վատ» բան է, ստիպում է, որ շփվես: Եթե ուզում ես մեկին նկարել, պիտի կարողանաս խոսել, համոզել, լեզու գտնել:
Աշխարհում միայն Կուդելկան չի բացատրում իր նկարները, որովհետև այնքան կա, որ դրա հնարավորությունն ունի: Ենթագրելը ճիշտ է, որովհետև, Հայաստանի տեղային թեման օտար մարդուն անհասկանալի է: Ես չեմ հավատում «ոնց ուզում ես հասկացի» արվեստին: Կարծում եմ, որ ճիշտ է բացատրություն գրելը, թեև ինձ համար շատ դժվար է: Առանձին ֆոտոները չեմ վերնագրում, իսկ շարքի անվանումը մտածում եմ լուսանկարելուց առաջ:
Առաջին շարքս կոչվում է “Self portrait therapy”: Այդ ժամանակ ուրիշ տեղ էի աշխատում, նոր-նոր էի սկսել զբաղվել լուսանկարչությամբ: Ամեն օր վատ տրամադրությամբ էի գնում աշխատանքի, հասկանում, որ էլ չեմ ուզում այդ գործով զբաղվել: Ինքնանկարները թերապիա, միջոց էին այդ վիճակից դուրս գալու համար, հասկանալու, թե ինչ կարելի է անել լուսանկարի հետ: Շարքից հետո թողեցի ամեն ինչ ու ընտրեցի լուսանկարչությունը:
Մի անգամ Կարեն Միրզոյանը հարցրեց` ինչո՞ւ ես ֆոտոյով զբաղվում, պատասխանեցի` որովհետև չեմ կարող չզբաղվել: Եթե ավելի լավ պատ շարեի` պատշար կդառնայի, դրանից բավականություն կստանայի: Նոր-նոր սկսել եմ խմբագրել գործերս: Մինչ այդ անընդհատ լուսանկարում, բայց չէի խմբագրում:

դրվագ 3
Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում ռեժիսուրա եմ սովորել: Երբ ընդունվում էի, մտածում էի, որ խաղարկային ֆիլմերի ռեժիսիոր եմ դառնալու, բայց պարզվեց` վավերագրական: Ի սկզբանե սկսեցի լուսանկարել, որ հասկանամ` ինչպես աշխատել կերպարի հետ: Հետո սկսեցի վավերագրական լուսանկարչության մեջ խորանալ:
Ինքնուս եմ: Աշխարհում կան շատ լուսանկարիչներ, որ իմ ուսուցիչներն են եղել` նույն Կուդելկան, Բրեսոնը... շատ են: Հայաստանում «Միրզոյան գրադարան» կա, որտեղ կարելի է շատ գրքեր, ֆիլմեր գտնել լուսանկարչության մասին: Այստեղ միակ ճանապարհը ինքնակրթությունն է, սուտ է, թե որևէ տեղ ինչ-որ բան կսովորեցնեն: Հաստատություններում, համալսարանում սովորեցնում են սովետական կարգերով, իսկ լուսանկարչությունը շատ առաջ է գնացել: Օրինակ` հիմա աշխարհում շատ տարածված են ֆոտոպատմությունները: Մեզ մոտ ոչ ոք չի սովորեցնում վիզուալ պատկերներով պատում կառուցել, մինչդեռ Հայաստանը վավերագրական լուսանկարչության համար իդեալական վայր է:

դրվագ 4
Ես աշխատում եմ և ներսի, և դրսի շուկայի հետ: Չի եղել, որ մտածեմ, թե ինչպես գումար վաստակեմ: Լինում է, որ պատվեր եմ ունենում ներսից, դրսից, ինչ-որ մեկը որոշում է գնել նկարս: Պատահում է, որ ես էլ եմ հարսանիք նկարում` տարին մի չորս հատ, այն մարդկանց, ովքեր ինձ դուր են գալիս, հասկանում եմ, կարողանում եմ իրենց հետ աշխատել:
Գլոբալ առումով, ինչ-որ բան չկա, որ չեմ նկարի: Անդրեյ Տարկովսկու ընկեր Գեորգի Պինխասովի առաջին գիրքը, որ ֆենոմենալ գործ է, պատվեր էր: Գուցե ինչ-որ ռաբիս բան լինի, ասեմ` չէ, բայց, հիմնականում, կախված է պատվիրատուից: Տեղական պատվիրատուները միշտ վստահ են, որ գիտեն, թե ինչ են ուզում, հետո երբ լուսանկարում ես, հասկանում են, որ իրենց ուզածը չի, բայց երբ սկզբից զգուշացնում էիր իրենց, չէին համաձայնում: Բոլորին թվում է` քեզնից լավ գիտեն, թե ինչ պիտի անես:
դրվագ 5
Հայաստանում լուսանկարչության զարգացմանը նպաստող, կարգավորող ոչինչ չկա: Աշխարհի բոլոր երկրներում կան լուսանկարչական փառատոններ, մեզ մոտ` ոչ: Այստեղ լուսանկարչության զարգացումը քաոսային է: Հայտնվում են մարդիկ, ովքեր բավական լավ նկարում են, բայց հետո գալիս է պահ, երբ պիտի գումար աշխատեն, ընկնում են փոխարկման հետևից, կորում: Եթե չկա փառատոն` արտասահմանյան ժյուրիով, կապերի հաստատման, դրսի շուկա դուրս գալու հնարավորությամբ, չի կարող լուսանկարչությունը զարգանալ: Կա ինտերնետ, բայց մարդիկ շատ չեն խորանում: Պիտի նշեմ, որ մենք ունենք շատ լավ լուսանկարիչներ, ովքեր, հիմնականում, չեն աշխատում ներքին շուկայի հետ:
Թեև ինքս էլ ցուցադրություններ ունեցել եմ, կարծում եմ, որ այստեղ ցուցադրվելն անիմաստ է: Հայաստանում միշտ նույն մարդիկ են, բոլորը բոլորին գիտեն. գան, տեսնեն, ծափ տան, ասեն` ապրես, հետո՞: Գուցե հետո էլի ցուցադրվեմ` չմոռացվելու համար: Այլ է, երբ առաջին անգամ ես ցուցադրվում, որովհետև ամեն ինչի առաջին անգամը լավ է:
Սկսենք նրանից, որ չես կարող նկար վաճառել, շուկա չկա, հետո էլ` որակյալ տպագրություն: Լուսանկարչական տպագրության մշակույթը վերացել է: Տպարաններում կա բաժակների և այլնի տպագրություն, վերջում` լուսանկարի, պարզ է, որ չի կարող բոլորը միասին լավ լինել: Ֆոտո տպարանը լրիվ ուրիշ հասկացողություն է: Օրինակ` այստեղ սև ու սպիտակ ֆոտոթուղթ չկա: Եթե ցանկանամ սև ու սպիտակ լուսանկարը տպել ֆոտոթղթի վրա, RGB-ով (հեղ.- կանաչ, կապույտ, կարմիր սկզբունքով գունային վերարտադրության, համադրման միջոց), երեք գույներից մեկը կընկնի իր վրա: Այսինքն` սև ու սպիտակը այլևս սև ու սպիտակ չէ:
Առաջարկ-պահանջարկի հարցն էլ կա: Ոչ ոք այստեղ լուսանկարը չի տպում ու վաճառում տեղական շուկայում, լուսանկարչական գրքեր չեն հրատարակվում, որոնք զանգվածային սպառում կունենան: Դրսում շուկա կա, հետևաբար` որակյալ տպագրություն:
Հայաստանում ֆոտոյի տեսանկյունից ինձ հետաքրքիր են մի քանի մարդ, ում հետ շփվում եմ, ովքեր շատ բան գիտեն, կարող եմ սովորել, կարծիքներ լսել:

դրվագ 6
Այն ինչ նկարում ես, այդ պահին չես զգում. այլ հետո` երբ գնում ես տուն: Վավերագրաական լուսանկարչության պարագայում նկարում ես այնտեղ, որտեղ կերպարները, իրադարձությունն են:
PAN-ից երեք հոգով ֆոտոպատում էինք անում արտագաղթի թեմայով: Ես նկարում էի ճանապարհը, մյուսը` դատարկ գյուղերը, մյուսը` ընտանիքները, որոնց մի մասն այստեղ է, մյուսը` Ռուսաստանում: Մի ընտանիքի հետ նստել եմ ավտոբուս, մինչև Ռուսաստան գնացել: Երբ հետ էի գալիս, մի ընտանիք կար, որ փաստաթղթային խնդիր ուներ: Պիտի հետ գային, երկու օր հյուրանոցում էին մնացել, ամեն ինչ խառն էր: Միակ մարդիկ էին, ովքեր երջանիկ էին, որ իրենց երկիր էին հետ գալիս, այնքան էին հոգնել այդ քաշքշուկներից: Ամբողջ ճանապարհին ինձ պատմում էին իրենց խնդիրները: Հետո Ռուսաստանի սահմանին նորից խնդիր առաջացավ, ու պիտի էլի հետ գնային: Այդ պահին կամ պիտի նկարեի, կամ օգնեի մարդկանց: Ինչքան գումար ունեի տվեցի իրենց: Դա իմ պատմության ամենաէական մասն էր, որից ոչ մի վիզուալ ապացույց չունեցա: Հիմա գուցե նույն իրավիճակում նկարեի, մտածեի, որ իմ լուսանկարն ավելի շատ բան կարող է անել այդ ընտանիքի համար, քան ես:
դրվագ. 7
Աշխարհը ֆոտոյի վրա և իրականում լրիվ տարբեր բաներ են: Լուսանկարը չի կարող օբյեկտիվ լինել: Ես ինչ-որ օբյեկտիվ եմ ընտրել, ինչն արդեն սուբյեկտիվ է:
Երբ նայում ես, թե ինչ է եղել, կատարվում լուսանկարչության գլոբալ աշխարհում, հասկանում ես, որ ոչ մեկ ես, պիքսել ֆոտոյի պատմության մեջ, որ մինչև տասը անգամ չմեծացնեն, քեզ չեն տեսնի:

դրվագ 8
Մի անգամ Բրեսոնը մի նկարչի է լուսանկարում: Ընթացքում նկարիչը պտտվում, հարցնում է` ինչու՞ հիմա նկարեցիր: Բրեսոնը ֆենոմենալ պատասխան է տալիս` ինչո՞ւ այդ գույն ընտրեցիր:
Սև ու սպիտակ լուսանկարը աբստրակտ է, գունավորը` իրականություն: Գույնի ընկալման ձև է, սև/սպիտակի մեջ լիքը գույն կա: Սիմվոլները փոփոխական են` հայելին, հեռուստացույցը... մի օր կհոգնեմ ու ուրիշ բան կնկարեմ:
Բնորդներին ընտրում եմ լրիվ պատահական: Գրում եմ, որ բնորդի կարիք ունեմ: Նախ ես մոդելներին չեմ նկարում: Մոդելները հիմնականում սահմանափակ են ինչ-որ դիրքերով, հայացքներով, ինչն արդեն անկապ է, որովհետև շատ մարդկանց մոտ են նկարվում, ովքեր իրենցից պահանջում են կոնկրետ սա, նա: Քեյթ Մոսս չեն, որ տասը տարբեր լուսանկարիչների մոտ տասը տարբեր կերպար ունենան: Իրենց հետ աշխատելն ինձ ավելի բարդ է, քան նրանց հետ, ովքեր փորձ չունեն: Գուցե կան լավ մոդելներ հայկական տարածության, ժամանակի մեջ, ես չգիտեմ:
Մեկ-մեկ լինում է, որ մի բան եմ մտածում, ինչի համար նիհար մարդ է հարկավոր, բայց ընդհանուր առմամբ չեմ նայում, ընտրում, «սիրուն աղջիկների»:
Գեղեցիկ մարդիկ կյանքում ու ֆոտոյում տարբեր բաներ են և ընդհանրապես մարդիկ: Կարող է մեկը իրականում տգեղ թվալ, բայց ֆոտոյում աչքի ընկնել խարիզմայով, բնավորությամբ: Եթե զգացմունք չի կարողանում տալ, արտաքին գեղեցկությունը ոչինչ չասող է:
դրվագ 9
Կատուները իմ տարերքն են, կանգնում են այնպես,ինչպես ես ուզում եմ այդ պահին: Չեմ համոզում, խոսում եմ իենց հետ, լսում են: Մնում են երկար, մինչև նկարեմ: Կարող է քիթը մտնեմ, բայց չեն գնում: Ճկունությունը ֆենոմենալ է: Կատուները մարդկանց չեն կապվում, այլ` տեղանքին: Ես էլ եմ այդպես, չեմ սիրում կախված լինել: Նման ենք: Մեր բակում երևի արդեն կատուների ութերորդ սերունդն է: Ոչնչով իրար պարտական չենք: Ես իրենց կեր եմ տալիս, իրենք թողնում են, որ իրենց նկարեմ, իրար առաջ պատասխանատու չենք:

դրվագ 10
Ժամանակին շատ էի սիրում նկարել քանդված գործարաններում, որովհետև ինձ դուր էր գալիս այնտեղի էներգետիկան, վիճակը, որ թողել էին մարդիկ խորհրդային միության փլուզումից հետո: Ֆենոմենալ կոմպոզիցիաներ կային: Հիմա արվեստանոցում եմ նկարում, մեկ էլ դրսում, որովհետև դեռ դուր է գալիս:
Կարևոր է, թե որտեղ, ինչպես է ցուցադրվում լուսանկարը: Դա ավելի շատ մարքեթինգային քայլ է: Երբ ինչ-որ բան տպված է կտավի վրա, մարդիկ ինքնաբերաբար մտածում են, որ դա արվեստ է: Հատկապես Հայաստանում կարծրացած է միտքը, թե ցուցասրահում անպայման պիտի արվեստի գործ տեսնես, թե ամեն ինչ պետք է ցուցադրվի ցուցասրահում: Հիմա սկսել են գործարաններում, այլ միջավայրերում ցուցադրություններ կազմակերպել, ինչը կոնցեպտային առումով անկապ է, բայց փորձ է:

դրվագ 11
Հիմա պատրաստվում եմ ֆիլմ նկարել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, բայց կինոյով հետագայում ավելի լուրջ կզբաղվեմ: Ֆիլմն ավելի զանգվածային է, պիտի ավելի լուրջ լինես, ավելի շատ բան իմանաս: Այս պահին լուսանկարն ավելի է ձգում: Ֆոտոյին կարող ես մի ժամ նայել ու մտածել, կինոյի մասին մտածում ես նայելուց հետո: Կինոն ու լուսանկարչությունը որքան մոտ, այնքան էլ հեռու են իրարից: Լուսանկարը պահ է, կինոն` շարժում: Մեծանամ կինոյով եմ զբաղվելու (հեղ.- ծիծաղում է):
Մարիամ Եղիազարյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել