Լրատվական ռադիոն այլընտրանքային բիզնես մոդել է ներդրել` օնլայն հաղորդումների բաժանորդագրություն
106.5 հաճախականությամբ հեռարձակվող Լրատվական ռադիոն մշակել է նոր բիզնես մոդել: Նոյեմբերի 15-ից Լրատվական ռադիոյում գործում է բաժանորդագրություն եթեր տրվող ռադիոհաղորդումների տեսագրված տարբերակի «on demand» (ըստ պահանջի) դիտման համար:
Մոտ մեկ տարի առաջ Լրատվական ռադիոն սկսեց տեսաձայնագրել և համացանցում տեղադրել ռադիոեթերով հեռարձակվող հաղորդումները: Սկզբում դրանք հասանելի էին բոլոր օգտատերերին, սակայն բաժանորդագրության մոդելի ներդրումից հետո տեսագրված ռադիոհաղորդումները դիտելու հնարավորություն ունեն միայն ռադիոյի բաժանորդները:
Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանի խոսքով՝ բաժանորդագրության մոդելի ստեղծման հիմնական շարժառիթն այն է, որ ամբողջ աշխարհում նկատվում է լրատվամիջոցների ավանդական բիզնես մոդելների սպառում: «Ես տպավորություն ունեմ, որ մի քանի տարի հետո ցանցը՝ որպես տեխնիկական միջոց, լինելու է անվճար, բայց դրա ամբողջ բովանդակությունը լինելու է վճարովի: Բոլոր լրատվամիջոցները փորձում են հեռանկարային լուծումներ գտնել իրենց համար: Մենք մտածեցինք, որ սա հեռանկարային լուծումներից մեկն է մեզ համար»,-ասում է Գարեգին Խումարյանը:
Բաժանորդագրության սակագինը 1 ամսվա համար 990 դրամ է, 6 ամսվա համար՝ 5500 դրամ, 1 տարվա համար՝ 8800 դրամ: Ծրագրերի տնօրենի հավաստմամբ՝ սակագները սահմանելիս հաշվի է առնվել բնակչության գնողունակությունը: «Մենք վաճառում ենք երկրորդային արտադրանք, որի ինքնարժեքը մեզ համար զրոյական է: Բաժանորդագրության համար գործում է վաճառքի ձագարի սկզբունքը. որքան երկար ժամանակով եք բաժանորդագրվում, այնքան ավելի էժան է ստացվում»,-նշում է Գ. Խումարյանը:
Բաժանորդավճարների 30%-ը տրամադրվելու է հաղորդումների հեղինակներին: Նրանցից յուրաքանչյուրն ընտրել է մի խնդիր, որի լուծման վրա պետք է ծախսվեն ստացած գումարները: Օրինակ՝ «Հետախույզի օրագիրը» հաղորդաշարի հեղինակ-վարող Վովա Վարտանովը գումարը տրամադրելու է սահմանային գոտիներում զրահատեխնիկայի, դիրքերի, քաղաքացիական օբյեկտների պաշտպանության համար քողարկող ցանցերի կտորներ գնելուն, «Սա Հայաստան է, և վերջ» հաղորդման վարող Կարեն Վարդանյանը գումարը ներդնելու է պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած տղաների տեխնոլոգիական կրթության ծրագրերի մեջ:
Բաժանորդագրության ներդրումից հետո Լրատվական ռադիոյի եթերում կրճատվել է գովազդի չափաբաժինը: Գնահատելով այս քայլի ռիսկայնությունը՝ ռադիոընկերության ծրագրերի տնօրենը նշում է, որ այն ռիսկային կլիներ ցանկացած ցանցային լրատվամիջոցի համար, սակայն ռադիոյի համար, այնուամենայնիվ, հիմնական բիզնես մոդելը մնում է դասական գովազդային մոդելը. «Բաժանորդագրություն ստեղծելով՝ մենք պարզապես սկսեցինք չերկարացնել գովազդի որոշ պայմանագրեր, որոշեցինք՝ ում հետևից ենք շարունակում գնալ, ում հետևից՝ ոչ: Մենք չենք հրաժարվում գովազդից, բայց ոչ բոլոր դեպքերում ենք նախաձեռնող: Գովազդատուի կողմից մեզ վրա երբեք ճնշում չի եղել, բայց սա չի նշանակում, որ դա տեխնիկապես անհնար է: Այս քայլով ուղղակի մանևրելու հնարավորություն ենք ստեղծել մեզ համար»,-մանրամասնում է Գ. Խումարյանը:
Լրատվամիջոց-գովազդատու հարաբերություններում լրատվամիջոցի ճկունությունը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև գովազդի որակի բարձրացման վրա: Մեդիայի կառավարման մասնագետի խոսքով՝ Հայաստանում գովազդի գները այնքան ցածր են, որ ով երբ ցանկանա, կարող է ցանկացած ռադիոյով կամ հեռուստատեսությամբ տարածել գովազդ. «Այդ գովազդը կլինի որակյալ, թե անորակ, ոչ ոքի չի հետաքրքրում: Բայց երբ գնային որոշակի մրցակցության պայմաններում գնային աճ տեղի ունենա, երբ լրատվամիջոցը կարողանա իրեն թույլ տալ ընտրել գովազդատուներին՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ, այդ ժամանակ, բնականաբար, տեղի կունենա նաև որակական թռիչք: Սա նաև հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ. եթե մի գովազդատու տեսնում է, որ լրատվամիջոցն իր և այլ գովազդատուի միջև ընտրում է մյուսին, դա նրան մտածելու տեղիք է տալիս, մրցակցության նոր ձևեր են առաջանում: Այսինքն՝ այս միտումը կարող է ինչ-որ չափով առողջացնել դաշտը»,-ասում է մեդիայի կառավարման մասնագետ Անուշ Մարտիրոսյանը:
Գարեգին Խումարյանի կարծիքով՝ ֆինանսապես հնարավոր է, որ ռադիոն գործի առանց գովազդի: Կայուն բաժանորդագրության դեպքում երկրորդային արտադրանքից ստացված բյուջեն կարող է ապահովել ռադիոյի գործունեությունը: «Եթե պահպանենք բաժանորդագրության դինամիկան, վստահ եմ, որ մյուս տարի այս ժամանակ մենք պատրաստ կլինենք գովազդային շուկայից առհասարակ դուրս գալու: Ես չեմ խոսում այն մասին, որ մենք դրա ցանկությունն ունենք. փողը փող է բերում: Բայց մեկ տարվանից մենք կհասնենք մի կետի, երբ կսկսենք լրջորեն մտածել այդ մասին: Գուցե գովազդային մոդելից հրաժարվելը, մարկետինգի տեսանկյունից, նպաստի բաժանորդագրության մոդելի զարգացմանը»,-ասում է Գ. Խումարյանը:
Ըստ Անուշ Մարտիրոսյանի՝ Հայաստանում շատ դժվար է ֆինանսական կանխատեսումներ անել, քանի որ նույնիսկ ամենափոքր տնտեսական խնդիրը զրկում է մարդկանց ֆինանսական հնարավորություններից: Սակայն ռադիոն մեծ ծախսեր չի պահանջում: «Եթե կա տեխնիկական որոշակի հագեցվածություն, աշխատակիցները ստանում են միջինից մի փոքր բարձր աշխատավարձ և մոտ ժամանակներս ավելի բարձր աշխատավարձի ակնկալիք չունեն, ապա տեղավորվելով որոշակի հաշվարկների մեջ, հնարավոր է հրաժարվել գովազդից: Սա կարող է նաև PR ազդեցություն ունենալ, քանի որ մարդիկ, որպես կանոն, հակված են համագործակցելու ավելի կայուն հեղինակություն ունեցող կառույցների հետ. եթե ես մտածում եմ, որ տվյալ ռադիոն կայուն է, հնարավոր է՝ շարունակեմ համագործակցությունը դրա հետ»,-նշում է մասնագետը:
Նախքան բաժանորդագրության մոդելի գործարկումը Լրատվական ռադիոն երկու անգամ այն ներկայացրել է հանրությանը: Ծրագրերի տնօրենի խոսքով՝ մտավախություն կար, որ մարդիկ կարող էին այլ կերպ հասկանալ այն, ինչ իրենց առաջարկում են, սակայն լսարանի արձագանքը հակառակն է ցույց տվել. «Մենք շատ զարմացած ենք, որ մարդիկ շատ ավելի պատրաստ են այս մոդելին, քան մեզ թվում է: Քաղաքական հասունության բարձր մակարդակ կա մեր երկրում, որի մասին հաճախ մոռանում ենք: Մոդելի գործարկումից հետո երկու-երեք բացասական արձագանք է եղել: Մենք սիրով կվերլուծեինք բացասական արձագանքները, բայց դրանք հիմնականում փաստարկված չեն: Իսկ դրական արձագանքները հարյուրավոր են: Շատ դրական է փոխգործակցությունն այն մարդկանց հետ, ովքեր արդեն բաժանորդագրվել են, հաղորդումները համարում են իրենցը ու մեզ հետ ազատորեն քննարկում են իրենց պատկերացումները, առաջարկները: Այսպիսով՝ մենք դառնում ենք հանրային լրատվամիջոց հասարակության որոշակի հատվածի համար»,-ասում է Գարեգին Խումարյանը:
Լրատվական ռադիոյի բաժանորդների թվի վերաբերյալ տեղեկությունը առևտրային գաղտնիք է, բայց Գարեգին Խումարյանի հավաստմամբ՝ այն շատ ավելին է, քան իրենք ակնկալում էին. «Մենք մոտավոր հաշվարկել էինք, որ սկզբնական շրջանում օրական ունենալու ենք մեկ-երկու բաժանորդագրում, բայց թիվը էականորեն մեծ է, մի քանի անգամ ավելի մեծ»,-նշում է ռադիոյի ծրագրերի տնօրենը:
Մարինե Ստեփանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել