
Ոռոգելի ջրանցք՝ կոյուղաջրերով
Թաիրով գյուղով անցնող ջրանցք են լցվում այդ տարածքի մի քանի շենքերի և սեփական տների կոյուղաջրերը, բնակիչներից ոմանք այնտեղ են թափում իրենց աղբը, իսկ ջրանցքով հոսող ջուրը «դառնում է» ոռոգելի՝ հասնելով Էջմիածնի տարածաշրջանի այգիներ։
Թաիրովի Մամիկոնյան փողոցի բնակիչ Քնարիկ Գրիգորյանի տունը գտնվում է ջրանցքի կողքին։ Ասում է՝ տարվա այս շրջանում իրավիճակը դեռ բարվոք է, քանի որ ջուրը չի հոսում, շոգի պատճառով էլ ստիպված չեն լինում փակել տան դռներն ու պատուհանները՝ գարշահատությունից խուսափելու համար։
«Ամեն տեղից բերում, աղբը գցում են այստեղ, կոյուղաջրերն էլ իրենց հերթին են թափվում, ամառն էլ ժողովուրդը բաղ ու բաղչան էս ջրով են մշակում։ Ամեն հիվանդություն էլ հենց սրա միջից ա դուրս գալիս։ Ջրանցքն էլ ամեն գարուն են մաքրում, գալիս են մի անգամ տրակտորով մաքրում են ու պրծավ։ Էն էլ լավ չեն մաքրում, ստից-մտից անում, թողնում, գնում են։ Ամառը էս հոտից էլ մեռնում, կոտորվում ենք»,-ասում է Քնարիկ Գրիգորյանը։
Փարաքար գյուղի Երևանյան փողոցի բնակիչ Հասմիկ Մխիթարյանի փոխանցմամբ՝ թեև իրենց տարածքով անցնող ջրանցքում կոյուղաջրեր չեն լցվում, սակայն աղբն իրենցից «անպակաս է», որն էլ, նրա պնդմամբ, ոչ թե տարածքի բնակիչներն են լցնում, այլ Երևանյան լճից հոսող ջուրն է իր հետ բերում, մնացածն էլ՝ տարածքը մաքրող հավաքարարներն են ջրանցք լցնում։
«Մայթը մաքրում է «Սանիթեկ»-ը, իսկ ընկերության հավաքարարները մայթերից մաքրված ողջ աղբը լցնում են ջրանցք։ Բնակիչները գրեթե աղբ չեն լցնում ջրանցք, քանի որ գյուղի աղբահանությունն ամեն օր կատարվում է»,-ասում է նա։
Իսկ ջրանցքի մշտական աղբը Հասմիկ Մխիթարյանը ևս պայմանավորում է մեկանգամյա մաքրումով: Ցույց տալով ջրանցքի աղբաշատ հատվածը` հավաստում է, որ այն ամբողջական չի մաքրվում, քանի որ դրան կից ծառեր են աճած, որոնք խանգարում են աղբի դուրսբերմանը։
Թաիրով գյուղը պատկանում է Փարաքարը համայնքին։ Փարաքարի համայանքապետ Սամվել Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում հերքեց բնակիչների այն մտահոգությունը, որ կոյուղաջրերով լցված ջրանցքով են ոռոգվում տարածքի այգիները։ Վարդանյանը հավաստում է, որ այդ կոյուղաջրերը, մինչ այգիներ հասնելը, բիոլճակում մաքրվում են։
«Այդ կոյուղագծերը կառուցված են 80-ական թվականներին, և մինչ 92 թվականը այդ պոմպակայանները աստիճանաբար դադարեցրել են իրենց գործունեությունը։ Նախկինում այդ կոյուղաջրերը մղվում էին Աէրացիայի գործարան։ Սակայն այդ ընթացքում համակարգը կամաց-կամաց շարքից դուրս է եկել, և 2010 թվականին Փարաքար գյուղի մոտ կառուցել ենք բիոլճակ, որի միջոցով իրականացնում ենք կոյուղաջրերի մաքրումը»,-ասում է համայնքապետը։
Վարդանյանի կարծիքով՝ բիոլճակի կառուցումով խնդիրը բավական կերպով լուծվել է և, ըստ նրա, դրա շնորհիվ մաքուր և «նպաստավոր» ջուր են հատկացնում տարածքի բնակիչներին։ Սակայն շեշտում է, որ բնակիչները ևս պետք է բարեխիղճ գտնվեն եւ ջրանցքում աղբ և բուսական զանգված չլցնեն։
Համայնքապետն ասում է, որ այս տարվա ծրագրում նախատեսված էր Թաիրով գյուղի այդ հատվածի բազմաբնակարան շենքերի կոյուղագծերն ուղիղ գծով միացնեին Փարաքար համայնքի կոյուղագծերին, սակայն ֆինանսական միջոցների բացակյության պատճառով չեն կարողացել իրականացնել այդ նախագիծը։
Կարծում է՝ խնդիրը կկարգավորվի հաջորդ տարի, քանի որ կոյուղու ցանցն արդեն հանձնել են «Երևան ջուր» ՓԲԸ-ին՝ հայտնելով խնդրի մասին, և ընկերությունը խոստացել է հաջորդ տարի կսռուցել կոյուղագիծը։
Իսկ անդրադառնալով ջրանցքի մաքրման աշխատանքներին՝ Սամվել Վարդանյանը նշում է, որ այն տարեկան մեկ անգամ հիմնական մաքրվում է և ամիսների ընթացքում պարբերաբար բուսային և աղբային կուտակումները դուրս են բերվում, քանի որ խցանումներ են առաջանում, որի պատճառով ջուրն «անարգել» չի հասնում այգիներ։
Լուսնկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել