Երբ երաժշտությունն ինքն է թելադրում՝ ինչպես ուղղորդվել
Նաիրա Հայրապետյան
«Թե չես գա-լի, մը-նաս բա-րի». սա վերջերս կայացած երաժշտական մի շատ հետաքրքիր ու միաժամանակ արտասովոր համերգի ոչ պակաս արտասովոր խորագիրն է: Բայց եթե խոսքը վերաբերում է ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանին, ուրեմն ամեն ինչ իր տեղում է. անկանխատեսելի էությամբ և ստեղծագործական աշխարհայացքով այս մարդուն մենք վաղուց արդեն սովորել ենք բեմում տեսնել անսովոր նախագծերում և երաժշտական ամենաանսպասելի երկխոսություններով: Ամեն ինչ տեսած ու շատ անգամ զարմացած բեմն այս անգամ միավորել էր երաժշտի ջազ տրիոն (Վահագն Հայրապետյան (դաշնամուր, վոկալ), Արմեն Հովակիմյան (կոնտրաբաս), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ)) և «Հովեր» պետական կամերային երգչախմբին: Սակայն ամենանասպասելին ու անսովորը ոչ այնքան նրանց միավորումն էր, այլ այն երաժշտությունը, որը դարձել էր այս երկու տարբեր աշխարհներն ու հանդիսատեսին միմյանց կապող ամուր օղակը… ոչ ջազ, ոչ դասական երաժշտություն, այլ ազգային-ավանդական երգեր, որոնք այս երաժիշտների մատուցմամբ դուրս եկան 100 տարվա նիրհից ու նոր «հանդերձանքով» սկսեցին շրջել ունկնդիրների երաժշտական հիշողությունում:
Ալինա Փահլևանյանի՝ ազգագրական երգերից կազմված հսկայածավալ հատորում Վահագնն ու Սոնան թերթեցին, ապա վերհանեցին ապարանյան երգերի մի փոքրիկ ու չքնաղ փունջ: Երգեր, որ այստեղ են տեղափոխվել հայոց աշխարհի տարբեր գավառներից, փոխանցվել բերնեբերան: Իսկ հետո ժամանակի խառը շրջապտույտում դրանք մոռացվել են, մնացել հատ ու կենտ ավանդական ընտանիքների հիշողության խորքերում կամ բանահավաք-ազգագրագետների թղթապանակներում: Ժողովրդական երգերի վերածնունդը, թերևս, ամենակարևոր նպատակն էր այս նոր երաժշտական նախագծում:

Ավանդական երգեր՝ ոչ ավանդական մշակմամբ
Այս բնութագրումն են առավել հաճախ փորձում ամրացնել համերգային նախագծի հեղինակները՝ խուսափելով հատկապես ջազի հետ կապվող անմիջական մեկնաբանություններից: « Ակադեմիական երաժշտության, ջազային տարրերի և մաքուր ավանդական երգ- երաժշտության համադրումից ծնված նոր երաժշտություն է,- ասում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Դրանք ավանդական երգերի ոչ ավանդական մշակումներ են»:
Վահագն Հայրապետյանն այս դեպքում գրեթե արգելում է ջազ բառն օգտագործել և բնորոշման համար առաջարկում է հետևյալ անվանումը՝ մոդեռն ֆոլկ կամ ավանգարդ ֆոլկ: Նա նշում է, որ հանդիսատեսը հաճախ է իր տարբեր երաժշտական համադրությունների մեջ գործածում ջազ բառը՝ հավանաբար իր՝ ջազում այդքան շատ լինելու պատճառով: «Բայց դա սխալ է, և ոչ էլ էթնո ջազ պիտի այդքան հաճախ ասենք, վերջապես խուսափենք նման ձևակերպումներից: - ասում է Վահագնը,- Ջազ ասելով՝ գնում ենք Նյու Յորք, Նոր Օռլեան, մի խոսքով՝ Միացյալ Նահանգներ, բայց մենք ախր էստեղ ենք ու ունենք էսօրվա մեր մտածելակերպն ու, ամենակարևորը, մեր հիմքը: Այո, այս երաժշտության մեջ ջազ էլ է հնչում, բայց դա ջազ անվանել պետք չի: Ջազը պրիտենցիոզ է»:

«Թե չես գա-լի, մը-նաս բա-րի»
Համատեղ ծրագրով ելույթ ունենալու մտահղացումը վաղուց ունեին, սակայն ժամանակն այդպես էլ չէր կողմնորոշում, թե երբ և ինչ ճանապարհով սկսել: «Սոնան միշտ ասում էր. «Մի բան կատարենք միասին»,- ասում է Վահագնը,- բայց չէի ուզում, որ դա սահմանափակվեր զուտ համագործակցությամբ, այսինքն՝ հենց էնպես մի ծրագրով՝ էնքան որ մի բան արվեր: Չէի ուզում մի ստեղծագործությամբ լիներ, այլ կոնկրետ ծրագիր, որից մի նոր ու հետաքրքիր բան հետո կունենայինք»:
Սոնա Հովհաննիսյանը տպավորված էր Ալինա Փահլևանյանի նոր հրատարակած ժողովածուով ՝ հայկական ազգագրական երգեր հավաքագրած մատենաշարի նոր հրատարակությունը, որը ներառում էր Ապարանի երգեր և մեղեդիներ: Հենց այս գիրքն էլ առիթ դարձավ իրականացնելու նոր գաղափարը: «Ժողովրդական մեղեդիների հետ հասունացավ և վերջապես կայացավ երկար տարիներ սպասված այս ծրագիրը,- ասում է Ս. Հովհաննիսյանը,- ընտրեցի 20 երգ, որոնց միջից մեղեդային և ռիթմիկ առանձնահատկությամբ Վահագնը ընտրեց 10-ը: Նա է բոլորը մշակել՝ շատ հարուստ ու հետաքրքիր լուծումներով: Համերգային ծրագրում, սակայն, երգերից մեկը՝ «Ես աղջիկ եմ» ոչ թե այս, այլ կոմիտասյան «100 երգ» ժողովածուից էր»:
Ժողովրդական այդ գեղեցիկ երգերից մեկի տողն էլ դարձավ ազդագրի և համերգի երգող խորագիրը՝ «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի»: Երգերն ընտրելիս, Վ. Հայրապետյանը նշում է, որ ուշադրություն է դարձրել ոչ միայն ռիթմիկ, մեղեդային, այլև իմաստային առանձնահատկությանը: «Ընտրել եմ նրանք, որոնց կարելի էր ձեռք տալ,- ասում է նա,- Հաշվի առա նաև համերգի ծրագրային մասը ու փորձեցի տեղավորել արդեն պատկերացրած չափի ու տրամադրության մեջ: Մեծ մասը 6-8-րդական չափի մեջ էին, բայց կային շատ բազմաչափ երգեր, և դրանց մշակումն արդեն առավել բարդ ու նուրբ աշխատանք էր պահանջում: Ես մեղեդիները չեմ փոխել, այդ առումով ձեռք չեմ տվել նրանց: Փորձել եմ մշակման ընթացքում միայն ինչ-որ բաներ ավելացնել՝ մեղեդու տարածությունն ավելի ընդլայնելու համար: Սոնան, օրինակ, ինչ-որ բառեր է ավելացրել, բայց այդ ամենն արվել է ինչ-որ հստակ սահմանում»:

Կարելիի ու չի կարելիի սահմանը
«Այնտեղ է, որտեղ փչանում կամ գեղեցկանում է ինչ-որ բան:- ասում է Վ. Հայրապետյանը՝ անդրադառնալով ժողովրդական երգին նոր սկզբունքով մոտենալու խնդրին,- Չի կարելին էն է, որը տգեղացնում է գործը: Եվ հետո ամեն ինչ պետք է երաժշտական էսթետիկայի տեսանկյունից անել, գրագետ: Իրականում երաժշտությունն ինքը քեզ թելադրում է, թե ինչ կարելի է իր հետ անել և ինչ չի կարելի: Բաներ կային, որ մենք փորձերի ընթացքում հանեցինք: Ես աշխատել էի, գրել, մշակել, ավելացրել, բայց հետո հասկացանք, որ պետք է հանենք: Այլ նրբություններ էլ կան, որոնք ևս պետք է անպայման հաշվի առնվեն. Օրինակ՝ տվյալ մշակումն իբրև գործ կարող է շատ տեղին լինել ու գեղեցիկ, բայց կոնկետ այս երգչախմբին՝ ոչ հարմար: Մեկ ուրիշին միգուցե հարմար լինի, բայց այս պարագայում՝ ոչ: Ուրեմն հրաժարվել է պետք»:
Վահագնը ասում է, որ պատրաստվում է մի ամբողջական կտոր հանել ընդհանուր ծրագրից, թեև գործն արդեն կատարված է, աշխատած, մշակված: Պատճառը նույնքան ազնիվ է, որքան ժողովրդական երգին դիպչելու իր զգուշությունը: «Որովհետև ամեն ինչ անում ենք հանուն լավ արդյունքի, լավ երաժշտության, լավ գործի:- ասում է երաժիշտը,- Ոչ թե քո անձի համար, որ քեզ շատ ծափահարեն ու գովեն, և ոչ էլ հանուն նրա, որ դու վերջում դառնաս շատ հայտնի: Հիմա ամենահեշտ բանը հայտնի լինելն է: Բայց հայտնի լինելն ու ստեղծագործ մարդ լինելը շատ տարբեր բաներ են»:

Ոչ ավանդական մշակմամբ նոր համերգային ծրագրում հնչեցին «Դարդո», «Յար, մտքիդ մեռնիմ», «Ես աղջիկ եմ», «Սին, Սին, Սինամե», «Էլլու Յար», «Չիթ, չիթ» և այլ ժողովրդական երգեր, ինչպես նաև Վ. Հայրապետյանի երկու հեղինակային գործերից: Ե՛վ Ս. Հովհաննիսյանը, և՛ Վ. Հայրապետյանը կարևորում են այն հանգամանքը, որ նրանք հատուկ ընտրել են երգեր և մեղեդիներ, որոնք մոռացվում են, չեն հնչում և այս նոր ձևավորմամբ նրանք նպատակ ունեն դրանք հասանելի դարձնել նոր լսարաններին:
« Հասկանալի լինելու, հասանելի լինելու գործողությունը կայացավ, ընդունվեց, այս մշակումները ոգևորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից:- ասում է Սոնա Հովհաննիսյանը,- Ճանաչելիության փաստը շատ կարևոր էր: Բացի այդ, դրանք իսկապես շատ գեղեցիկ էին: «Էլլու յարում», օրինակ, բասերի համար էնպիսի հետքրքիր, էթնիկ տարրերով, աննկարագրելի լուծում էր Վահագնը տվել, որ մինչև հիմա հիշելիս՝ ներսս արթնանում է նորից: Նա աներևակայելի տաղանդավոր մարդ է: Էդքան խորը կանգնած լինելով ջազային հիմքում՝ Վահագնը ամուր, ազգային արմատներ ունեցող մարդ է, հայ մարդ»:

Մենք ամբողջ կյանքում ուրիշ տեղերում ենք մերը փնտրում, մինչդեռ…
Հարցին, արդյո՞ք դժվար և շատ պատասխանատու գործ չէ ավանդականը ոչ ավանդականի վերածելը, Վահագնը պատասխանում է. « Դժվար չէ ձեռք տալը և գիտե՞ս ինչու, որովհետև էդ ամենը մեր մեջ է, մենք այն կրում ենք: Մենք ամբողջ կյանքում ուրիշ տեղերում մերն ենք փնտրում, մինչդեռ աչքներիս առջև ունենալով՝ մերը չենք տեսնում: Երաժշտական էդքան հարստություն ունենալով՝ մենք էսօր ուրիշի տնազն ենք ուզում անել: Ավելի եռանդով ուրիշինն ենք պրոպագադում, քան մերը: Քանի՞ հոգի գիտեր ապարանյան այս երգերը: Էս ծրագրի նպատակներից մեկն էլ մերը պրոպագանդելն է և հիմքում դրել էինք այն գաղափարը, որ հայտնի ժողովրդական երգերի փոխարեն(որոնք շատ են երգվել ու մշակվել նաև) ընտրենք այնպիսի գործեր, որոնք բոլորովին չեն հիշվում, չեն կատարվել կամ որոնց մասին տեղյակ էլ չենք: Բայց հսկայական թվով գոհարներ ունենք, թանկարժեք նյութ, որոնք վերհանել ու արթնացնել է պետք»:
Երաժիշտները մեծ ցանկություն ունեն նախագիծը ոչ միայն շարունակելու, այլև ընդլայնելու: Աշխատանքը, սակայն, նվիրումից բացի, մեծ ջանքեր և գիտակցված աջակցություն է պահանջում: «Նմանատիպ աշխատանքի պահանջն իսկապես կա, պարտադիր չէ նույն համադրմամբ, ոճով կամ մշակմամբ լինի,- ասում է Սոնան:- Այն նորություն չէ, այսինքն՝ ժողովրդական երգերի մշակումները մեր կոմպոզիտորները բազմիցս արել են, բայց այս ձևաչափով դեռ չէր եղել: Շարունակության մասին դեռ հստակ չեմ կարող ասել, նման նախագծերը իրականացնելը շատ դժվար են, բարդ, աշխատատար և ծախսեր են պահանջում: Կոնկրետ այս ծրագրին աջակցել է մշակույթի նախարարությունը»:

Զարկերակ, որը ժամանակի հետ հաշվի չի նստում
Համերգի ձայնագրությունն ու տեսագրությունը այժմ գտնվում են աշխատանքային փուլում, և որոշակի մշակումից հետո հավանաբար նաև շուտով կհրապարակվեն: Ե՛վ «Հովերը», և՛ ջազ տրիոն, և՛ հանդիսատեսը, որոնց մեջ, ի դեպ, գերակշռում էին մասնագետները, այս համերգը դիտարկում էին նաև որպես լուրջ փորձություն, քննություն՝ հնի ու նորի միավորման, որի ընթացքում հին ճշմարտություններ վերաիմաստավորվեցին: Ազգագրագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանի բնորոշմամբ՝ ժողովրդական երգի նման մեկնաբանությունը տեսակի ներքին շարունակության մասին է խոսում: «Ես միշտ եմ ասում՝ ծագումնավանությունը որևէ ժամանակի հետ հաշվի չի նստել և չի նստելու: Մեր օրվա հետ էլ է այդպես լինելու. դա զարկերակ է: Վահագնը էդ ռիթմերը խենթացնելու նման գեղեցիկ որսացել էր, մշակել՝ մնալով նյութի ռիթմի մեջ: Սա մեծ շնորհ է՝ կարողանալ հարստացնել այն և միաժամանակ չառնել- տանել հեռուները: Դա անելու համար ինքը պիտի արդեն սիրահարված լինի ֆոլկլորին: ժողովրդական երգն այս դեպքում նրա համար առիթ չի եղել, ո՛չ: Այս համերգի և ողջ ծրագրի առավելությունն այն էր, որ ժողովրդական երգը, այսպես ասած, մահանա չէր: Իսկ երգեցողությունը… ես ապշած եմ. ճիշտ ժողովրդիս պես էին երգում»:

Երաժիշտներից յուրաքնչյուրն իր հերթին, ժողովրդական մեղեդիների ու նոր մեկնաբանության տպավորությամբ, մի շարք հետևություններ են արել: Այն ոչ միայն նոր փորձառություն էր, այլև բացահայտումներով ու զգացմունքային ալեկոծություններով լի հոգեվիճակ:
« Այս համագործակցությունից ինքս անձամբ տակնուվրա եմ եղել,- խոստովանում է Ս. Հովհաննիսյանը,- մեր երգչախումբը միշտ էլ ընդառաջ է գնացել նորարարություններին և բազմաթիվ անգամ հանդես ենք եկել ակադեմիական կոնկրետ ձևաչափից դուրս, նոր համադրություններով՝ ներկայացումներ, կինո երաժշտություն, օպերաներ… ինչի ասես, որ չենք դիպել և շարունակելու ենք: Երբեմն ստացվել է, երբեմն՝ ոչ այնքնան: Բայց ես նման հունը արվեստի մեջ կարևորում եմ, որովհետև այն նոր ոգի է արթնացնում:

Վահագնը կարևորում է աշխատանքի մեթոդն ու այն, թե ինչպես ես մոտենում գործին, ինչ լրջությամբ, պատասխանատվության ինչ զգացումով:
«Երգչախմբի հետ աշխատելը կարծում եմ դժվար չի (համենայն դեպս «Հովերի» հետ) բայց մեծ առանձնահատկություններ է պահանջում, գիտելիքներ, համբերություն, նրբություններ: Օրինակի համար նշեմ, որ երբ Սոնայի հետ տարիներ շարունակ մտածում էինք համատեղ համերգի ձևը գտնելու մասին, ես այդ տարիների ընթացքում բազմաթիվ անգամ լսել եմ նրանց համերգները, հետո ձայնագրությունները, ներկա եղել փորձերին… այլապես ես չէի կարողանալու այս երգերը երգչախմբի համար մշակել»: Իսկ ինչ վերաբերում է նման նախագծերի թողած ազդեցությանն ու կարևորությանը՝ «Դա մեր ջիղն է, այդ մեղեդիները մենք ենք: Երբ որ սկսում ես մեջդ երգել, դու սկսում ես իրականում քեզ հանել դուրս»,- ասում է Վ. Հայրապետյանը:
«Էս նախագիծը մի տեսակ թափ տվեց մեզ, որովհետև սովոր էինք շատ ճշգրիտ, հստակ համակարգված աշխատանքի, իսկ այս համերգում ճիշտ հակառակն էր:- շարունակում է Ս. Հովհաննիսյանը,- Մեզ համար կարևոր էր նման համագործակցությունը, որովհետև այն մտածողության բեկում է առաջացնում, նոր ու կարևոր խնդիրներ առաջ բերում: Ես հիմա՝ այս համերգից հետո, էլ նույն մարդը չեմ, և խմբի անդամներն էլ նույնն են զգում: Անշուշտ բոլորս վերափոխված ենք, իսկ դա ամենակարևոր բանն է, նոր լիցքեր է հաղորդում, նոր հուն է բացում, նոր մտքեր ու մոտեցում է իր հետ բերում, և մենք էլ ենք փոխվում ու կարգավորվում»:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել