HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեյվիդ Լի. «Շատ վտանգներ կան, երբ փորձում ես լինել անկախ լրագրող»

Դեյվիդ Լին բրիտանացի հետաքննող լրագրող է, «Գարդիան»-ի հետաքննությունների նախկին խմբագիր, «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ի (ICIJ) անդամ: 1995թ. նրա փաստագրական ֆիլմը բացահայտեց բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյա Ջոնըթըն Էտկինի (Jonathan Aitken) կապը Սաուդյան Արաբիային վաճառվող զենքի հետ, ինչից հետո նա ձերբակալվեց: Նա նաև մասնակցել է Միացյալ Նահանգների դիվանագիտական և ռազմական փաստաթղթերի հրապարակմանը «Վիկիլիկս»-ի թիմի հետ: Լին «Գարդիան»-ից հեռացել է 2013-ին: Այժմ զբաղվում է խորհրդատվությամբ, նաև հետաքննական լրագրություն է դասավանդում Լոնդոնի Սիթի համալսարանում (City, University of London):

Դեյվիդ Լին դեկտեմբերի 6-8-ը Հայաստանում էր, որտեղ «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսին խոսեց միջսահմանային լրագրողական համագործակցության մասին: Կոնֆերանսից հետո «Հետք»-ը զրուցեց նրա հետ իր աշխատանքի, հետաքննական լրագրության մարտահրավերների և հնարավոր հեռանկարի մասին:

Ո՞րն է եղել Ձեր ամենասիրելի հետաքննական պատմությունը:

Դա այն պատմությունն էր, որն ամենաերկյուղալին էր ինձ համար: Ես ֆիլմ պատրաստեցի Բրիտանիայի պաշտպանության ոլորտի գնումների նախարարի մասին, որը կոռուպցիոն հարաբերություն ուներ Սաուդյան Արաբիայի հետ, զենքի գաղտնի գործարքներ էր անում: Մենք ֆիլմ արեցինք այդ մասին, և նա մեր դեմ հայց ներկայացրեց զրպարտության մեղադրանքով: Նա մամուլի ասուլիս հրավիրեց և սարսափելի բաներ ասաց իմ մասին: Ասաց, թե ես «անազնիվ և աղավաղող լրագրության աղտն եմ» և ինքը պատրաստվում է տապալել ինձ ճշմարտության սրով: Եւ հետո նա զրպարտության մի մեծ դատական գործ սկսեց իմ դեմ: Մենք գրեթե պարտվում էինք: Ես չէի կարողանում քնել, գիշերը երեքին արթնացրի կնոջս և ասացի` դու պետք է հասկանաս, որ մենք պարտվելու ենք այս գործում, և ես երբեք չեմ աշխատի կրկին, ուրեմն ստիպված կլինես գնալ և աշխատանք գտնել: Հետո` վերջին պահին, սնանկ ճանաչված և փակված մի շվեյցարական հյուրանոցի ներքնահարկում որոշ փաստաթղթեր գտանք: Ամբողջ հարցն այն էր, թե ով էր վճարել իր (նախարարի-խմբ) հյուրանոցի վճարը. նա ասել էր, որ իր կինն էր վճարել, բայց այս փաստաթղթերը ապացուցեցին, որ կինը չէր կարող վճարած լինել, քանի որ այդ պահին Շվեյցարիայում էր եղել: Սա, ուրեմն, ապացույց էր, և մենք գնացինք դատարան, ցույց տվեցինք այս թղթերը, և գործը բեկվեց: Նա բանտարտկվեց սուտ վկայության, ստելու համար: Դա միակ անգամն էր, որ ես բանտ ուղարկեցի նախարարի, և նա գրեթե ոչնչացնում էր ինձ:

Դուք վստա՞հ չէիք, երբ ունեիք բոլոր փաստաթղթերը` պատմությունը հրապարակելու համար:

Այդ օրերին զրպարտության օրենքը Բրիտանիայում ավելի խիստ էր, քան այժմ: Շատ հեշտ էր դատական կարգով հետապնդել մարդկանց, որովհետև պետք է ապացուցեիր, որ ամեն ինչ ճիշտ է: Այժմ օրենքը Բրիտանիայում մեղմացել է: Դու ունես պաշտպանություն, եթե կարող ես ցույց տալ, որ այն ինչ արել ես, պայմանավորված է եղել հանրային շահով, և որ զգույշ ես եղել ու պատասխանատվորեն ես գործել: Եւ եթե ամեն ինչ այդպես է, ստիպված չես ապացուցել իրավական առումով, որ այն ամենը, ինչ ասում ես, ճիշտ է: Դա հեշտացրել է կյանքը, բայց այն օրերին Բրիտանիայում կյանքը վտանգավոր էր լրագրողների համար:

Միջինում որքա՞ն ժամանակ էիք ծախսում ամեն հետաքննության համար:

Անհնար է ասել: Որոշ պատմություններ կարող ես անել մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ օրում: Ես միանգամայն հպարտ էի, որ «Գարդիան»-ում ապացուցեցինք, որ BAE-ն` զինամթերքի մեծ ընկերությունը, վաճառում էր իր ինքնաթիռները` կաշառելով բոլորին, բրիտանական կառավարության գաղտնի միաբանությամբ: Վերադառնալով հարցին` ասեմ, որ մենք ապացուցեցինք դա, և պատմությունը, որը դարձավ ազգային սկանդալ, տևեց մոտ յոթ տարի: Նկատի չունեմ, որ ամեն օր` յոթ տարի շարունակ, աշխատում էինք պատմության վրա: Մենք գտնում էինք պատմության մի կտորը, հրապարակում այն, որից հետո ինչ-որ մեկը գալիս էր մեզ մոտ և ասում` ահա ավելին, կամ դուք հրապարակել եք դա, իսկ մեկ ուրիշը հետաքննություն է արել: Թերթերի համար աշխատելու լավ կողմերից մեկը, ի տարբերություն հեռուստաընկերության, այն է, որ կարող ես շարունակել հրապարակել պատմություններ: Ամեն անգամ, երբ հրապարակում էինք մի բան, այն ինչ-որ մեկին քաջալերում էր արձագանքել: Դու շարունակում ես գրել պատմություններ, որոնք խրախուսում են, մարդիկ կարդում են ու ասում` ես այս մասին բան ունեմ ասելու: Եւ եթե բախտավոր ես, այն կխրախուսի նոր մարդկանց:

Դրա գագաթնակետը եղավ այն, որ ոստիկանությունը հետաքննություն սկսեց: Բրիտանիայի վարչապետը խափանեց հետաքննությունը` ասելով, որ դա վատ է երկրի ազգային անվտանգության համար: Եւ այդ փուլում` յոթ տարի հետո, արհամարհված լինելով բոլորի կողմից, պատմությունը թափ առավ, որովհետև բոլորը դրանից հետո գրեցին այդ մասին, և այն մեծ սկանդալ դարձավ: Դա տևեց յոթ տարի` սկսած այն պահից, երբ որոշեցինք փորձել և բացահայտել, թե ինչ է կատարվում:

Որո՞նք են ռիսկերը հետաքննող լրագրողների համար Եվրոպայում և մասնավորապես` Բրիտանիայում:

Ես կոնֆերանսի ժամանակ ասացի, որ Արևմտյան Եվրոպայում ինձ նման լրագրողի համար ռիսկը, որպես կանոն, հարձակման ենթարկվելը, սպանվելը կամ բանտ ուղարկվելը չէ: Ռիսկը դատական հետապնդման ենթարկվելն է, իսկ դատական պրոցեսները շատ թանկ են և շեղող: Երբ ես ներգրավվեցի զրպարտության գործում, որի մասին պատմեցի, այն իսկապես խլեց իմ կյանքի երկու տարիները: Ես ուրիշ բանի մասին չէի մտածում, քան այն, թե ինչպես պաշտպանեմ այդ գործը: Երբեմն վատ մարդիկ գիտեն, թե ինչպես կարող են շեղել լրագրողներին` հայցեր ներկայացնելով նրանց դեմ, ներգրավելով դատական պրոցեսի մեջ, քանի որ հետո դա զբաղեցնում է նրանց, և նրանք մտածում են իրենց պաշտպանելու մասին:

Կարծում եմ, որ դա մեծ խնդիր է, քանի որ ավանդական թերթերի բիզնես մոդելը Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում անհետանում է, և հետաքննական լրագրության աշխատանքը մասամբ ստանձնում են փոքր կազմակերպությունները, որոնք աշխատում են առցանց կամ որոնք շահույթ չեն հետապնդում, օժանդակություն են ստանում նվիրատուների կողմից: Նման փոքր կազմակերպությունների պարագայում խնդիրն այն է, որ մեկ մեծ դատական գործը կարող է կործանել նրանց, սնանկ դարձնել: Ես նման դեպքերի նույնպես ականատես եմ եղել:

Ուրեմն որտեղի՞ց պաշտպանված լինելու վստահությունը:

Հանգամանքներից մեկը, որի շնորհիվ կյանքը Բրիտանիայում դարձավ ավելի լավը, օրենքի բարեփոխումն էր, որով կարիք չկա պաշտպանել հանրային շահի օգտին գործող լրագրողներին: Դրանից բացի, ես ներգրավված էի մի փոքր ոչ առևտրային կազմակերպություն հիմնելու աշխատանքներում, որը կոչվում է «Հետաքննական լրագրության բյուրո»: Այն, ինչ ես խորհուրդ էի տալիս ի սկզբանե, իրենց գտած մեծ պատմություններն անելու համար մեծ մեդիա ընկերության` թերթի կամ հեռուստաընկերության հետ համագործակցելն է, որովհետև վերջիններս կկրեին իրավական ռիսկերը: Նրանք ոչ միայն ավելի շատ միջոցներ ունեն, այլև կարող են կրել իրավական ռիսկերը: Այնպես որ, փոքր հետաքննական տեղեկատվամիջոցը չէր լինելու հրատարակիչը, այլ լինելու էր հրատարակչի գործընկերը:

Մեծ մեդիա ընկերությունները հետաքրքրվա՞ծ են նման պատմություններով:

Նրանք սովորել են հետաքրքրված լինել, որովհետև գումարի կարիք ունեն: Եւ եթե մեկը հայտնվի ու ասի` մենք պատմություն ունենք, ունենք գումար նվիրատուներից, որով հետազոտել ենք, և ահա մի պատմություն, որի համար ստիպված չեք վճարել, նրանք շատ շնորհակալ կլինեն:

Փոքր կազմակերպություններն ինչպե՞ս կարող են լուծել ֆինանսավորման հարցը:

Ստիպված են գտնել նվիրատուների: Բարեգործներ կան, որոնք կգտնեն գումար: Կազմակերպությունը, որի մասին ասացի` «Հետաքննական լրագրության բյուրոն», օժանդակություն է ստանում մի շարք նվիրատուներից, հարուստ մարդկանցից: Ամերիկայում այժմ շատ կան նման կազմակերպություններ, օրինակ` ProPublica-ն: Սա իր խնդիրներն ունի, որովհետև նվիրատվություններով գործող լրագրությունը նույնպես խնդիր է: Հարցերից մեկն այն է, որ նրանք ցանկանում են, որ հաղորդես այն բաների մասին, որոնցով իրենք են հետաքրքրված: Ամերիկայում «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» տարիներ առաջ խնդիր ունեցավ, քանի որ նվիրատուները, որոնք պատրաստ էին գումար տալ, ուզում էին, որ նրանք գրեն ծխախոտի գործարանների մասին: Եթե նրանք ցանկանային գրել ծխախոտի գործարանների մասին, կարող էին անընդհատ հետաքննել, որովհետև միշտ գումար կար դրա համար: Բայց գումար չկար այլ բաների համար, որովհետև նվիրատուները այնքան էլ հետաքրքրված չէին: Այսպիսով, դա խնդիր է: Շատ դժվար է գումար ձեռք բերել հետաքննական լրագրության համար:

Արդյոք սա նշանակո՞ւմ է նաև, որ լրագրության և հատկապես հետաքննական լրագրության անկախությունը վտանգի տակ է:

Այո, այդպես է: Բայց վտանգի տակ է շատ բաների համար, վտանգ կա, օրինակ, սեփականատերերի կողմից: Բրիտանական թերթերում բազմիցս է եղել, երբ սեփականատիրոջ հետաքրքրությունները և լրագրողների հետաքրքրությունները բախվել են: Շատ վտանգներ կան, երբ փորձում ես լինել անկախ լրագրող:

Դուք աշխատե՞լ եք թիմերով, և որքանով է կարևոր դա հետաքննական պատմությունների համար:

Ես միշտ սիրել եմ աշխատել փոքր թիմերում: Երբ ես հետաքննություններ էի անում Բրիտանիայի կիրակնօրյա թերթերից մեկում, որը կոչվում էր «The Observer», իսկ հետո` «Գարդիան»-ում, երկու դեպքում էլ հիմնական թիմի կազմում երկու մարդիկ էին` ես և մեկ ուրիշ լրագրող: Երբ մեծ նախագիծ էինք ունենում, այլ մարդիկ էին միանում` ազատ թղթակիցներ կամ մարդիկ թերթի այլ բաժիններից: Հետո, երբ պատմությունն արդեն պատրաստ էր, թիմը ցրվում էր: Կարծում եմ` սխալ է հետաքննող լրագրողների մեծ բաժիններ հիմնելը, մարդկանց հավաքագրելն ու ասելը` «դուք` վեցդ, կլինեք հետաքննական թիմը»: Որովհետև հետո հավաքվում եք և մտածում` ինչ պետք է հետաքննենք: Կարծում եմ` հակառակն է պետք անել. առաջնորդվել պատմությամբ: Պետք է սկսես պատմությամբ: Ինչ-որ մեկը միանում է. ենթադրենք` սկանդալ է, որը ցանկանում են բացահայտել, կամ տեղեկություն, որը պատրաստել են երևան հանելու համար: Դիտարկում ես պատմությունը ու հարցնում` ինչի՞ կարիք ունի այն: Ո՞ւմ կարիքն ունի: Կազմում ես թիմդ պատմության շուրջը, ոչ թե հակառակը:

Ինչպե՞ս կարող են համագործակցել լրագրողները և ընթերցողները: Ի՞նչ կարող են անել ընթերցողները: «Գարդիան»-ը մի նախագիծ արեց` պատգամավորների ծախսերի ուսումնասիրությանը ներգրավելով ընթերցողներին…

Չեմ կարծում, թե դա շատ լավ գաղափար էր:

Ինչո՞ւ:

Այն որևէ արժեքավոր արդյունք չտվեց: Կարծում եմ` շատ լավ գաղափար է ընթերցողներին ներգրավելը, բայց գործնականում, երբ հետաքննություն ես անում, սա չի աշխատում, քանի որ դա մասնագիտացված գործունեություն է և կարիք ունի փորձագիտական գիտելիքի: Եւ օրինակը, որի մասին խոսում եք, ցույց տվեց, որ ընթերցողներն իրականում չկարողացան օգնել:

Պարոն Լի, երկար ժամանակ է` հետաքննական լրագրությամբ եք զբաղվում: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել տարիների ընթացքում և ի՞նչ փոփոխություններ եք կանխատեսում` հաշվի առնելով նաև նոր թվանշային գործիքները, որոնք հիմք են դառնում շատ պատմությունների համար:

Քանի որ շատ ծեր եմ (ժպտում է), ամեն մի հմտություն, որ սովորեցի որպես երիտասարդ լրագրող, արդեն հնացած է: Օրինակ` սովորեցի աշխատել գրամեքենայով: Այժմ իմ ուսանողները չգիտեն, թե ինչ է գրամեքենան: Սովորեցի զանգեր կատարել փողոցում գտնվող հեռախոսի խցիկներից: Այժմ դա ոչ ոք չի անում, քանի որ բոլորն ունեն շարժական հեռախոսներ: Եւ իհարկե, տպագրության ողջ բիզնեսը դառնում է անգործածական: Սա տևում է ավելի երկար, քան մտածում էինք: Եւ ես այժմ ստիպված եմ միշտ ամբողջովին վերամտածել, թե ինչ եմ անում:

Մի օրինակ բերեմ: Երբ «Վիկիլիկս»-ն էինք անում` հինգ թե վեց տարի առաջ, ձեռք բերեցինք ողջ նյութը, որոնեցինք և գտանք պատմություն: Օրինակ` Աֆղանստանի պատերազմի ամեն մի դրվագը գրի է առնված այստեղ` կատարվածի ճշգրիտ նկարագրությամբ. որտեղ և երբ եղան պայթյուններ, քանի մարդ սպանվեց, քանիսը վիրավորվեցին և այսպես շարունակ: «Գարդիան»-ում իմ վերադասներն ասացին. «Քեզ անհրաժեշտ է տվյալները պատկերող մեկը, և ահա մեր մասնագետը»: Եւ մի մարդ հայտնվեց, որը «Գարդիան»-ի տվյալները պատկերողն էր: Ես չգիտեի, որ նման աշխատանք կա: Եւ նա սկսեց վերցնել բոլոր տվյալները և վերածեց դրանք շարժվող քարտեզի, որն ընթանում է ժամանակի միջով և ցույց տալիս պատերազմի ամեն մի օրը. պայթյունները, որտեղ դրանք եղան, ինչպես… Դա կարծես մի կենդանի գծագիր էր, և ես զարմացած էի, չգիտեի, որ կարելի է նման բան անել: Իսկ դա անելը բավականին շատ ռեսուրս է պահանջում:

Ամեն տարի ստիպված եմ մի նոր բան սովորել: Եւ լրագրողները, որոնց դասավանդում եմ հիմա, պետք է կարողանան տեսանյութ պատրաստել, աշխատել առցանց: Մենք ասում ենք, որ հետաքննություն հրապարակելն այլևս միայն տպագրելը չէ: Պետք է ունենաս հասանելիության բազմաթիվ ձևեր: Մարդիկ պետք է կարողանան կարդալ այն, դիտել տեսանյութ, ունենալ գծապատկերներ, լուսանկարներ, հղումներ, որոնցով կկարողանան տեսնել սկզբնաղբյուր փաստաթղթերը կամ հարակից հոդվածները: Այժմ ամբողջը մի մեծ կառույց է, մեծ փաթեթ, որը շատ ավելի մեծ աշխատանք է:

Հայտնի դանիացի ֆիզիկոս Նիլս Բորնը ասել է (դա իրականում կատակ էր). «Շատ դժվար է կանխատեսումներ անել, հատկապես` ապագայի մասին»: Սա այն է, ինչ ես մտածում եմ լրագրության ապագայի մասին: Տասը տարի առաջ մտածում էինք, որ հինգ տարի անց ոչ մի տպագիր թերթ չի լինի: Հինգ տարիները եկան և անցան: Մեկ-երկու թերթեր դադարել են տպագրվել և դարձել են առցանց: Նրանց մեծ մասը դեռ տպագրվում է: Շատերը դեռևս ունեն մեծ դժվարություններ: «Գարդիան»-ը մեծ ֆինանսական խնդիրներ ունի: Այնպես որ հինգ տարի անց նրանք գուցե դադարեն տպագրվել, գուցե դառնան առցանց: Այստեղ էլ շատ մրցակիցներ կան` Buzzfeed, VICE News, Huffington Post… Բայց կրկին` դժվար է ասել` կգոյատևեն նրանք, թե ոչ: Եւ մարդկանց` տեղեկություն սպառելու ողջ գործընթացն այնքան զգալիորեն է փոխվում, որ կանխատեսում անելը սարսափելի դժվար է: Եթե որևէ մեկը կարողանար կանխատեսել, կլիներ շատ հարուստ մարդ: Ես միանգամայն ուրախ եմ, որ այժմ ըստ էության հեռացել եմ, որովհետև կարծում եմ, որ երիտասարդ լրագրող լինելը հիմա շատ դժվար է և վտանգավոր, քանի որ չգիտես, թե արդյոք աշխատելու հնարավորություն կլինի:

Ո՞րն է այն հիմնականը, որ միշտ նույնն է լրագրության մեջ:

Լորդ Նորդքլիֆը, որը բրիտանացի էր, թերթերի սեփականատեր, մի անգամ ասել է. «Նորությունը մի բան է, որն ինչ-որ մեկը ցանկանում է թաքցնել, իսկ մնացած ամեն ինչ գովազդ է»: Դա իմ կարգախոսն է, ես շատ եմ մտածում այդ մասին: Մնացածը գովազդ է, քանի դեռ ինչ-որ մեկը չի ցանկանում խանգարել:

Պարոն Լի, Դուք նաև Լոնդոնի Սիթի համալսարանի պրոֆեսոր եք: Ի՞նչ խորհուրդ եք տալիս ուսանողներին, երբ նրանք նոր են մտնում Ձեր կուրս, և ի՞նչ խորհուրդ կտայիք լրագրության հայաստանցի ուսանողներին:

Ես հետաքննական լրագրության մագիստրոսական կուրս եմ վարում: Ամեն տարի 23-24 ուսանող է սովորում, և երբ նրանք գալիս են, ես ասում եմ. «Մի´ կարծեք, որ երբ ավարտեք այս կուրսը, կգնաք գործատուի մոտ վկայականով ու կասեք` ես հետաքննող լրագրող եմ, և նրանք ձեզ աշխատանքի կընդունեն: Չեն ընդունի, միայն կծիծաղեն ձեզ վրա: Դուք պետք է ասեք` ես սովորել եմ` ինչպես անել հետազոտություն և կարող եմ հետազոտել բարեխղճորեն»: Հույս ունեմ, որ նրանցից ոմանք կգտնեն աշխատանք: Ես ասում եմ` կարևորը փաստերի համբերատար հավաքումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter