HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ին տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում նոր փոփոխություններ են սպասվում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ մինչ տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվեն մոտ 1500 նոր ճանապարհային նշաններ։ Նախարարն ընդգծեց, որ անգամ այս եղանակային պայմաններում աշխատանքներն իրականացվում են, և որ Հրազդանի հատվածում այդ նշաններն արդեն տեղադրվել են։ Մյուս մայրուղիների վրա ճանապարհային նոր նշանների տեղադրման աշխատանքները 2017 թվականին ևս կշարունակվեն։

Նախարարի փոխանցմամբ՝ նաև մեկնարկել է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ստեղծման նպատակով ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները. «Դա մեզ հնարավորություն կտա օնլայն տեսնելու ավտոճանապարհների ընդհանուր վիճակը, կոնկրետ նշված տեղերով՝ որտեղ, ինչ ճանապարհային նշան կա, ճանապարհների կառուցման օրը, ամսաթիվը, վերանորոգման, հիմնանորոգման և ընթացիկ նորոգման օրերը»,-նշեց նախարարը։

Հանրապետության առավել վտանգավոր հատվածներում, մասնավորապես՝ Սարավանի, Սիսիանի և Ֆիոլետովոյի հատվածներում, ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակներով, տեղադրվել են շուրջ 800 գծամետր արգելափակոցներ, իսկ  ճանապարահների ապահովությանն ուղղված միջոցառումները կլինեն շարունակական։

Անդրադառանալով ճանապարհների մաքրման աշխատանքներին՝ Մարտիրոսյանը հայտնեց, որ առցանց հսկողություն ապահովելու նպատակով կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են սարքեր, որոնք հնարավորություն են տալու վերահսկել այդ տեխնիկաների աշխատանքային ռեժիմը։

«Օնլայն ռեժիմով կարող ենք տեսնել, թե որ ճանապարհի վրա ինչ մեքենա է աշխատում, որը դուրս է եկել բազայից, որը դուրս չի եկել։ Այս համակարգը  նախարարությունում դրված է և ամբողջ ձմեռվա ընթացքում հսկվելու է»,-ասում է նա։

Նախարարությունը նախատեսել է ուղևորափոխադրում իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցների վրա ևս տեղադրել այդ սարքերը՝ ոլորտում ստեղծելով կառավարման և հսկման համակարգ, որով կվերահսկեն, թե ինչպես են աշխատում տրանսպորտային միջոցները։

Բացի այդ, սահմանվել է ճանապարհաշինական ծրագրերի որակի հսկողության երկաստիճան մեխանիզմ, այսինքն, Մարտիրոսյանի խոսքով, հսկողություն իրականացնողների «վրա» ևս մեկ հսկող է «դրվել»։

2017-ին նախատեսվում է նաև կանոնակարգել միջպետական ոչ կանոնավոր և ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը և սահմանել վերահսկողության մեխանիզմներ՝ բարձացնելով ուղևորափոխադրումների անվտանգության որակը։ Նաև կկիրառվի միջազգային համաձայնագրերին համապատասխան թվային տախոգրաֆներ՝ կանոնակարգելով վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմները: Պարտադիր պայման կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց՝ տրանսպորտային միջոց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսների շահագործումը։

Նախարարը հայտնեց, որ նաև մեկնարկել է էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման գործընթացը, որով կկրճատվի այդ գործընթացի համար պահանջվող ժամանակը։ Մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր կարգ։

Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքով փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան՝ Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը, և այս տարվա նոյեմբերին փորձնական 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվել է Փոթիի նավահանգիստ, այնուհետ երկաթուղով՝ Հայաստան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան։ «Հուսով ենք՝ շուտով կկազմակերպենք նաև Իրանից դեպի Եվրոպա այդպիսի փոխադրում, և մյուս տարվա ընթացքում դա արդեն կստանա կոմերցիոն բնույթ, և Հայատանը կդարձնենք տարանցիկ ճանապարհ՝ բեռնափոխադրումների համար»,-նշում է նախարարը։

Անդրադառնալով կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ Վահան Մարտիրոսյանը  ընդգծեց, որ արդեն մեկնարկել են ՏՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքները, ավարտական փուլում են մասնավոր հատվածի հետ համատեղ այդ ոլորտը խթանելու նպատակով թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու աշխատանքները։ 2017-ին նաև սկսվելու են Հայաստանում կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու աշխատանքները։

Նախարարը կարծում է, որ միջազգային համագործակցության ոլորտում Հայաստանը հաջողություններ է գրանցել։ Մասնավորապես՝ Հայաստանը Եվրամիության ընդհանուր ավիացիոն գոտում միանալու մանդատ է ստացել, որի համաձայնագրով նախատեսվում է 36 երկրների ավիացիոն շուկաների համար տրամադրել բաց և անարագել մուտքի երկկողմանի իրավունք։

Լուսանկարը՝ mtc.am-ի

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter