HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գնահատականներ և դիտարկումներ` «Գնումների մասին» նոր օրենքի վերաբերյալ

Դեկտեմբերին 16-ին ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ՝ 77 կողմ, 0 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» նոր օրենք, որով ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը դառնալու են պետական գաղտնիք։

Այսօր կայացած ասուլիսին՝ տնտեսագետ, գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը, անդրադառնալով այս օրենքին, հավաստում է, որ արդի միտումներով՝ գնումների «անկյունաքարային» սկզբունքներ գոյություն ունեն, որոնցից ամենագլխավոր «աքսիոմը» հենց թափանցիկությունն է։ Որպես գնումների մասնագետ՝ Մանուկյանը պարզաբանում է, որ աշխարհի շատ երկրներ անգամ պաշտպանության ոլորտի գնումներն են թափանցիկ դարձնում։

Մանուկյանի գնահատմամբ՝ այս օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի հայտ եկան բավականաչափ անարդյունավետ ծախսերի մասին տեղեկատվություն. «Կարծես թե պետությունը գնում է այն մոդելին, որ ամենահեշտը այդ անարդյունավետության վերաբերյալ տեղեկատվությունը փակելն է։ Այն նաև կդժվարացնի ԶԼՄ-երի աշխատանքը, որովհետև արդեն հղում կկատարեն գաղտնի լինելու հանգամանքին և, ըստ էության, չեն բացահայտի այն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք պարբերաբար բացահայտվել են ԶԼՄ-ներում»,-նշում է տնտեսագետը։

Մանուկյանի որակմամբ՝ այս գործընթացում «գործ ունենք» դասական մանիպուլյացիայի հետ, քանի որ աշխարհի մոտ 50 երկրներում փակ մրցույթով իրականացվում են  ոչ թե նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը, այլ, մեծամասամբ, ռազմական ծախսերը։ Տնտեսագետը չի բացառում, որ փակ գնումների գործընթացը «չի տարածվի» այլ ինստիտուտների վրա ևս։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը այս օրենքի ընդունման մեջ լուրջ խնդիր է տեսնում, քանի որ պատգամավորների հարցադրումները ցույց են տվել, որ լինելով ԱԺ-ում նստած՝ նրանք  պատրաստվում էին քվեարկել մի օրենքի «դեմ» կամ «կողմ», որից գաղափար չեն ունեցել, և օրենքի վտանգավոր դրույթները հայտնաբերել են իրենց այդ հարցադրումների արդյունքում։

«Ստացվում է, որ քողարկված ձևով բերում են օրենք, ուզում են անցկացնել՝ անգամ չբարձրաձայնելով միտումները։ Այսինքն՝ այս պահին ընդունում են օրենք, որն ունի շատ վտանգավոր միտում»,-նշում է նա։

Թանդիլյանի դիտարկմամբ՝ այս օրենքի գործարկման արդյունքում հասարակությունը այդպես էլ չի տեղեկանալու կատարված մեծ ծախսերի մասին, ումից են կատարվելու այդ գնումները, ինչ պայմաններով են այդ ընկերությունները մասնակցել մրցույթներին։

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը,  օրենքի ընդունումը «վերանայելով» քաղաքական PR-ի տեսակետից, կարծում է, որ նախընտրական տարում նման օրինագծի ԱԺ «բերումը» բավականին ռիսկային և անիմաստ է՝ հաշվի առնելով դրանով ի հայտ եկող կոռուպցիոն ռիսկերը։

Հակոբյանն օրենքի ընդունման նման շտապողականությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ սա այս ԱԺ-ի վերջին ժամկետն է, և շտապում են, որպեսզի իշխող մեծամասնություն կազմող իշխանությունը հեշտությամբ վավերացնի այն։

«Գուցե լուրջ հույսեր չկան, որ հաջորդ ԱԺ-ն այսքան փափուկ չի լինի իշխանությունների ներկայացրած նախագծերի նկատմամբ։ Այլ պատճառ առայժմ չի երևում»,-հավելեց նա։ 

Լուսնկարաները՝ Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter