HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաների թիրախում հայտնված Գլաձորի հանքավայրը չի շահագործվի. ԲՆ-ն բացասական եզրակացություն է տվել

ՀՀ բնպահպանության նախարարությունը դեկտեմբերի 15-ին բացասական եզրակացություն է տվել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացհանքի շահագործման աշխատանքային նախագծին:

Հիշեցնենք՝ 2015 թվականի ամռանը գրանցված «Վայկ մետալս» ՍՊԸ-ն հավակնում էր շահագործել Գլաձորի հանքավայրը, որի շահագործման վերաբերյալ բնապահպանության նախարարությունը երեք տարի առաջ արդեն իսկ բացասական եզրակացություն էր տվել:

Հանքավայրը շահագործելու հայտ ներկայացնող «Վայկ մետալս» ՍՊԸ-ի հիմնադիրը, միակ բաժնետերը և տնօրենը Արթուր Տեր-Սիմոնյանն է: Նա կառավարության Վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է: Ընկերությունը չնայած փոխվել էր, հանքի նկատմամբ հավակնություններ ունեցող անձինք մնացել էին նույնը: Հանրային լսումներից մեկում «Վայկ մետալս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նույն անձն էր` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան ընտանիքի գործընկեր Արամ Օսիկյանը, ով նաև առաջին նախագիծը ներկայացնող ընկերությունում բաժնեմաս ուներ: Իսկ դա նշանակում էր, որ Գլաձորի հանքավայրում հետաքրքրություններ ուներ նաև Աբրահամյանների ընտանիքը:

Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ հանքավայրի համար հայցվող տարածքի կենտրոնական մասը «Եղեգնաձոր» պետական արգելավայրի սահմանից մոտ 1300 հեռավորության վրա է, իսկ ամենամոտ բացահանքի ծայրակետը արգելավայրի սահմանից գտնվում է 650 մ հեռավորության վրա: Այս պարագայում անհրաժեշտ էր ներկայացնել հանքավայրի հնարավոր ազդեցությունը հատուկ պահպանվող տարածքի վրա, և նախատեսել անհրաժեշտ միջոցառումներ այդ ազդեցությունները բացառելու նպատակով, ինչը չի արվել:

Ավելին, համաձայն նախագծի, հանաքաքարի հաստատված պաշարների մոտ 0,6  տոկոսն էր նախատեսվում շահագործել բացհանքերի միջոցով, սակայն բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջներից ելնելով, ինչը փորձաքննության կարևորագույն սկզբունքներից է, անհրաժեշտ էր ներկայացնել հանքավայրի համալիր նախագծային փաստաթղթերը՝ ներառելով հանքավայրի մնացած 99,4 տոկոս պաշարները:

ԲՆ-ն փաստել է, որ նախագծում չի իրականացվել նախատեսվող գործունեության տարածքի հիդրոերկրաբանական պայմանների լիարժեք ուսումնասիրություն, ինչի արդյունքում բացակայել է տեղեկատվություն հանքավայրերի հարակից տարածքներում և լցակույտային տնտեսության իրականացման տարածքում առկա աղբյուրների վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացվել գործունեության հետևանքով աղբյուրների վրա հնարավոր ազդեցության գհանատումները, ազդեցության կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումները:

Գլաձորում դեկտեմբերի 6-ին իրականացված հանրային քննարկումների արդյունքում համայնքի բնակչությունը՝ 165 մասնակիցներից 159-ը դեմ է արտահայտվել հանքավայրին: Համայնքը որպես հիմնավորում ներկայացրել է, որ հեռանկարային զարգացման համար ընտրում է գյուղատնտեսությունը՝ հողագործությունը, խաղողագործությունը, գինեգործությունը, անասնապահությունը և այլն, իսկ հանքավայրի շահագործման դեպքում համայնքը կորցնում է արոտավայրեր: Միաժամանակ նշվել է, որ հանքավայրի շահագործման արդյունքում կվնասվեն և կաղտոտվեն նշված տարածքից սկիզբ առնող ջրերի հոսքերը: Հնարավոր բացասական ազդեցություն կկրի շրջակա միջավայրը, բնակչության առողջությունը, ինչպես նաև համայնքում զարգացում ապրող գյուղատնտեսությունը:

Գլաձորի համայնքի բնակչության համար ընդունելի չի եղել նաև «Վայկ մետալս» ընկերության կողմից սոցիալ-տնտեսական համագործակցության ծրագիրը, ըստ որի՝ ձեռնարկությունը պարտավորվում էր Գլաձորում համայնքի կայուն զարգացման տարեկան նախատեսված 10 մլն դրամի փոխարեն կատարել 50 մլն դրամի ներդրում:

Բացասական կարծիք և ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների վերաբերյալ մտահոգություն է ներկայացրել նաև Վերնաշեն համայնքի ղեկավարը:

ՇՄԱԳ հաշվետվությունում և նախագծային փաստաթղթերում առկա են եղել նաև մի շարք այլ թերություններ և բացթողումներ, մասնավորապես հանքավայրի օժանդակ շինությունների վերաբերյալ, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել ազդեցությունների ամբողջական և համալիր գնահատում:

Վերոնշյալ հիմնավորումներով էլ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծին տրվել է բացասական եզրակացություն: Այն հաստատել է նախարար Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter