Սպանված երեխաների մայրը աշխատել է որպես մանկավարժ և մաքրուհի
Գայանե Սարգսյան
Սպիտակ քաղաքի բնակելի շենքի շքամուտքերից մեկում կախված վիճակում գտնված կինը մասնագիտությամբ ուսուցչուհի էր: Աշխատում էր Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Սարալանջ գյուղի հիմնական դպրոցում: Դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանը ուսուցչուհուն բնութագրում է որպես համեստ, հավասարակշռված, անմիջական անձնավորություն:
Վերջինիս խոսքով՝ կինը դպրոցում աշխատանքի էր անցել այս ուսումնական տարվա սկզբից: Թ. Աֆյանը հիացմունքով է հիշում, թե ինչպես է թափուր տեղի համար անցկացված մրցույթի ժամանակ Մ. Հ.-ն լավագույն արդյունք ցուցաբերել, հնարավոր 100 միավորից վաստակելով 99-ը:
«Շատ անմիջական աղջիկ էր, կոլեկտիվի հետ անմիջապես շփվեց, խելացի էր, բանիմաց, ավարտել է Հայաստանի պետական համալսարանի քիմիայի բաժինը: Հավասարակշռված, մեղմ, հանգիստ բնավորություն ուներ» ,- պատմում է տնօրենը:
Սարալանջում աշխատող ուսուցչուհին երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր Սպիտակում վարձակալությամբ: Կինն ամուսնալուծված էր և միայնակ էր խնամում երեխաներին:
Թ. Աֆյանի խոսքով` մինչ գյուղում աշխատելը կինն աշխատել է նախ Շիրակի տարածաշրջանի գյուղերից մեկում: Ապա ամուսնացել ու որոշ ժամանակ բնակվել է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ համայնքում:
Ամուսնալուծվելուց հետո տեղափոխվել է Սպիտակ ու երեխաների կարիքները հոգալու համար որոշ ժամանակ որպես մաքրուհի աշխատել Սպիտակի մեծահարուստներից մեկի տանը:
Կինը բնակվել է սոցիալական ոչ բարվոք պայմաններում: Սարալանջում քիմիայի դասաժամերը քիչ լինելու պատճառով նրա աշխատավարձը ցածր է եղել ու կազմել մոտ 33.000 դրամ:
«Զգացվում էր որ սոցիալապես անապահով էր»,- ասում է տնօրենը:
Վերջերս Մ.Հ.-ն տնօրենից խնդրել է տեղեկանք տալ, որպեսզի կարողանա վարկ ստանալ: Տեղեկանքը տրվել է, սակայն վարկ ստանալ նրան չի հաջողվել:
«Հետո եկավ, թե՝ ոսկիս ժամկետանց էր, չտվեցին»,- հիշում է տնօրենն ու հավելում, որ որոշել էր Ամանորին ընդառաջ աջակցություն ցուցաբերել աշխատակցի ընտանիքին: Աշխատանքային օրերին գյուղացիներից որևէ մեկը մշտապես իջել է մինչև գյուղի տակ՝ մայրուղի՝ աշխատակիցներին բարձրացնելու համար: Այսօր Մարինեին դպրոցում սպասել են չորրորդ ժամով:
«Այսօր պետք է գար 4-րդ ժամով: Իջանք, չկար: Անհանգստացա, սկսեցի զանգահարել, բայց անհասանելի էր: Մտածեցի` երևի երեխաներից ինչ-որ մեկը հիվանդացել է: Պարզվեց, այս դեպքն է տեղի ունեցել»,- պատմում է Թ. Աֆյանը:
Տեղի ունեցածը գործընկերների համար անսպասելի ու անհավանական է թվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել