Սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը
Թուրքիայում սպանվել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը:
Ռուս դիվանագետին կրակել են Անկարայում կազմակերպված մի ցուցահանդեսի բացման ժամանակ, որը կոչվում էր «Ռուսաստանը՝ ճանապարհորդի աչքերով. Կալինինգրադից մինչև Կամչատկա»: Կրակողը եղել է մի երիտասարդ, որը ցուցահանդեսին ներկա է եղել որպես անվտանգության աշխատակից:
Հանցանքի դրդապատճառների մասին հստակ տեղեկություն չի հաղորդվում: Meduza.io-ն հաղորդում է, որ երիտասարդն ասել է. «Մենք մեռնում ենք Հալեպում, դուք կմեռնեք այստեղ»: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ նա նաև արաբերեն բառեր է ասել: The Guardian-ը հավելում է նրա հետևյալ խոսքերը. «Մի՛ մոռացեք Հալեպը: Մի՛ մոռացեք Սիրիան: Քանի դեռ մեր քաղաքներն անվտանգ չեն, դուք անվտանգություն չեք ունենա: Միայն մահը կարող է հեռացնել ինձ այստեղից: Ցանկացած մեկը, որ ներգրավված է այս տառապանքի մեջ, պատասխան կտա»:
#BREAKING The video shows the attack scene moments after Russian Ambassador shot to death. He shouts "don't forget Aleppo, Syria" pic.twitter.com/xtX974W39t
— Ragıp Soylu (@ragipsoylu) December 19, 2016
Լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում ու տեսանյութերում երևում է կոստյումով մի երիտասարդ, ձեռքին՝ ատրճանակ: Նա, ըստ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, 1994թ-ին ծնված Մեվլյուտ Մերտ Աթլինասն է, որն ավարտել է Իզմիրի ոստիկանական դպրոցը: Թուրքիայի հատուկ ուժերը շրջապատել են ցուցասրահը և սպանել նրան:
LATEST — Assailant who shot Russian envoy to Ankara Andrey Karlov caught on camera https://t.co/8JwzE0kU24 pic.twitter.com/QdEkLPxXov
— DAILY SABAH (@DailySabah) December 19, 2016
Հաղորդվում է ևս երկու վիրավորների մասին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը սպանությունը համարել է ահաբեկչություն:
62-ամյա Անդրեյ Կառլովը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանն էր 2013թ-ի հուլիսից: Մինչ այդ աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ-ում, իսկ ավելի վաղ՝ 2001-2006թթ., եղել է Ռուսաստանի դեսպանը Հյուսիսային Կորեայում: The Guardian-ի տեղեկությամբ՝ Կառլովը մասնակցել է պաշարված արևելյան Հալեպից քաղաքացիների տարհանման՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ պատրաստված համաձայնագրի քննարկումներին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք սպանության պատճառով կչեղարկվի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը, որը նախատեսվում է վաղը:
Միջադեպից հետո անվտանգության նկատառումով փակվել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը:
լուսանկարը՝ Twitter/Tunku Varadajaran
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել