HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը, ըստ հաղորդագրության, բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, որի հետ Հայաստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի և իր նպաստն է բերում երկրի տնտեսական աճին: 

«Եկող տարեսկզբին իր գործունեության 135-ամյակը նշող «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրենը դրվատանքով է խոսել Հայաստանում իր հիմնական գործընկերոջ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող իր գլխավորած ձեռնարկությունը Հայաստանում հաջողությամբ է իրականացնում գործունեությունը ի շնորհիվ նաև աշխատասեր հայ ժողովրդի և որակյալ հայ մասնագետների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են բնական պաշարների խնամքով և խնայողաբար օգտագործումը բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան՝ ի նպաստ տնտեսության զարգացման և ներկայիս ու ապագա սերունդների բարեկեցության: 

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Թոմաս Շուլցին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար: 

Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալ է հանձնել նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, որով գործարարը պարգևատրվել էր ավելի վաղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter