HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ես իմ հողակտորը, իմ տնկած ծառն ու ծաղիկն եմ ուզում

«Ես իմ հողակտորը, իմ տնկած ծառն ու ծաղիկն եմ ուզում» պահանջով երեկվանից Երևանի քաղաքապետարանի շենքի այն տարածքում, որտեղով Երևանի քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան է ելումուտ անում, հացադուլ է սկսել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Լեյլա Ասատրյանը:

Նա Զաքարիա Սարկավագ 131 շենքի բնակիչ է, զոհված ազատամարտիկի կին և իր պատուհանի տակ 100 քմ հողատարածք ունի, որը, իր խոսքով, փորձում են խլել: «41 տարեկանից ես այդ հողակտորը մշակում եմ, արդեն 18 տարի է: Իմ հողակտորը սեփականաշնորհեք իմ անունով»,- պահանջում է հացադուլ հայտարարած կինը:

Զաքարիա Սարկավագ 131 և հարևան շենքերի արանքում շինարարություն է իրականացվում: Քաղաքապետարանի աշխատակիցներն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը տիկնոջը հավատացնում են, թե խաղահրապարակ է կառուցվում: Սակայն տարածքի բնակիչներն այլ կարծիքի են. նրանք լսել են, որ տարածքը վաճառվել է մեծահարուստ ոմն զեյթունցի Ռաֆիկի:

Լեյլա Ասատրյանը նշեց, որ իր աչքով է տեսել` տարածքի շինարարական պաստառների վրա գրված է եղել, որ հասարակական օբյեկտ է կառուցվում: «Դա կարող է ատրակցիոն լինել, ասենք, առաջին հարկում բար լինի և այլն»,- նշեց նա` մտահոգվելով, որ գուցե իր հողակտորի տարածքում էլ այդ օբյեկտի համար ավտոկայանատեղի կառուցվի:

«Ես գժություն չեմ անում, անբարոյական չեմ, 25 տարվա իրավաբան եմ, գուցե ես այդ հողամասով եմ ապրում, ինչո՞ւ եք վերցնում»,- հարցադրում էր անում նա:

Քաղաքապետարանի բակում կնոջն ընդունեց քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, ով պնդում էր, թե տարածքում խաղահրապարակ է կառուցվում:

«Թաղապետի նախաձեռնությամբ մանկական խաղահրապարակ է կառուցվում 2 բարձրահարկերի կողքին, որն անմիջապես տիկին Լեյլայի հողակտորի կողքին է»,- լրագրողներին ասաց քաղաքապետի խորհրդականը:

«Մի հավատացեք պարոն Սարիբեկյանին, ես էլ եմ ժամանակին հավատացել»,- բացականչում էր հացադուլ հայտարարած կինը:

Նրան զայրացրել է այն, որ հարուստ հարևանին թույլ են տվել սեփականաշնորհել իր հողատարածքը, իսկ իրեն` ոչ. «Օրենքը բոլորի համար չէ՞: Հիմա ինձ պատասխանեք, թե ինչու իմ հարևանին թույլ տվեցիք սեփականաշնորհել իր հողատարածքը, իսկ ինձ` ոչ»:

Լեյլա Աստարյանը նշեց, որ անհայտ մարդիկ արդեն կտրատել և այրել են իր հողատարածքի ծառերը: Նախորդ տարի կնոջն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել, որ կանաչապատեն տարածքը: Սակայն համայնքի ղեկավարի կողմից ոչինչ չի արվել:

«Երեկ Արայիկ Քոթանջյանն ինձ անամոթաբար ասում է` տիկին Լեյլա, ես ձեզ առաջարկեցի կանաչապատել տարածքը, ինչո՞ւ չընդունեցիք իմ առաջարկը: Զարմանալի սուտ, տղամարդն էլ այդքան սուտասան լինի՞»,- նշեց Լ. Ասատրյանը:

Նա չընդունեց քաղաքապետի խորհրդականի այն առաջարկը, թե «բարձրանանք վերև, ճարտարապետների հետ հարցը քննարկենք»: Տեղեկացնելով, որ հարցով դիմել է նաև Գլխավոր դատախազություն` Լեյլա Ասատրյանը նշեց, որ քաղաքապետարանի շենքի մոտ հացադուլ կանի այնքան ժամանակ, մինչև քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն ընդունի:

Հ.Գ. Երեկ երեկոյան Լեյլա Ասատրյանը դեռ քաղաքապետարանի շենքի մոտ էր: Ըստ նրա` թեև քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամբողջ օրը տեղում էր, բայց այդպես էլ չցանկացավ ընդունել իրեն: «Գիշերը մնալու եմ այստեղ, կամ` կսառեմ, կմեռնեմ, կամ` կհաղթեմ»,- ասաց նա: Լեյլա Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ երեկ կեսօրին իրեն տարել են ոստիկանական բաժանմունք, համոզել, որ դադարեցնի հացադուլը, հետո բաց են թողել: Հացադուլավոր կնոջ առողջական վիճակն արդեն վատացել է. «Արդեն ճնշումս իջել է, ինձ բժիշկ է պետք: Չգիտեմ ինչ անել»,- գանգատվեց նա:

Հովհ. Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter