«Առավոտ». կեսօրից հետո կանչ չե՞ն ընդունում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները որոշել են, որ իրենք կեսօրից հետո այլեւս որեւէ քաղաքացու կանչ չեն ընդունելու: Երեկ Քանաքեռ համայնքի բնակիչներից մեկը ժամը 12:30-ի սահմաններում զանգահարել է այս պոլիկլինիկայի ընդունարան եւ խնդրել, որ կանչ գրեն իր դպրոցահասակ երեխայի համար, քանի որ երեխայի մոտ նկատվել է ջրծաղիկ հիվանդության նախանշաններ:
Սակայն ընդունարանից քաղաքացուն մերժել են` ասելով, որ ոչ մի կանչ էլ չեն գրի, քանի որ տվյալ տարածքը սպասարկող մանկաբույժը տեղում չէ, ու կանչերի ժամերն էլ վերջացել են:
Երբ քաղաքացին պնդել է, որ իրենք իսկապես պոլիկլինիկայի բժշկի կարիքն ունեն, քանի որ միայն նա կարող է երեխայի հիվանդության մասին հավաստող փաստաթուղթ տալ, որը անհրաժեշտ է ներկայացնել դպրոց` բացակայությունները հարգելի համարելու համար, նրան պատասխանել են. «Նո՞ր եք նկատում, երեխայի հիվանդ լինելը»:
«Առավոտը» փորձեց պոլիկլինիկաների գործունեության համար պատասխանատու` Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե արդյոք պոլիկլինիկաներում կա՞ ֆիքսված ժամ, որից հետո քաղաքացիների կանչերը չեն ընդունվում: Քաղաքապետարանի լրատվական վարչությունից «Առավոտի» հարցմանն ի պատասխան ասացին, որ Երեւան քաղաքի բոլոր պոլիկլինիկաներում կանչերը պետք է գրանցվեն բոլոր աշխատանքային ժամերին` առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 18-ը:
Նշենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներն այս պոլիկլինկայի գործունեությունից շատ հաճախ են դժգոհում, խոսքը մասնավորապես` բյուրոկրատական քաշքշուկների մասին է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել