HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի բյուջեի ու զարգացման ծրագրի քննարկմանը ներկա էր ավագանու 33 անդամներից 5-ը

Գայանե Սարգսյան

Այսօր Վանաձորի քաղաքապետարանում անցկացվող համայնքի բյուջեի 2017թ.-ի և 2017-2022թթ. հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկումը նախատեսված էր խմբակցությունների ավագանու անդամների համար: Հանրային քննարկմանը ավագանու 33 անդամներից ներկա էր 5-ը, որոնցից 4-ը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 1-ը՝ ՀՅԴ-ից:

Համայնքի բյուջեի հետ կապված ներկա ավագանու անդամներրից հարց ունեին երկուսը: «Տուրքերի գծով նախատեսել էինք, որ բյուջեում որոշակի նվազեցումներ լինեն, սակայն  ավագանու նիստեր չեն լինում: Ստացվում է, եթե այս տարի ավագանու նիստ չկայանա, տեղական տուրքերի դրույքաչափերը նույն ձևո՞վ են մնալու»,- հարց ուղղեց ավագանու անդամ Արմեն Մատինյանը:

Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Ավագ Ավագյանը տեղեկացրեց՝ նիստ չգումարվելու դեպքում քաղաքապետարանը կշարունակի առաջնորդվել գործող դրույքաչափերով: 

ՀՅԴ-ն ներկայացնող Արմենուհի Կյուրեղյանը հարց չուներ, փոխարենը հայտնեց իր տեսակետը կապված բյուջեի քննարկման հետ: «Բյուջեն այս պահին այն է, ինչ ունենք, փոփոխության ենթակա չէ և ես մի տեսակ չեմ կարող ասել անիմաստ, բայց անօգուտ եմ համարում այս քննարկումը»,- նկատեց նա:

Բյուջեի հետ կապված հաջորդ հարցը ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանն ուղղեց: Նախ նախ կարևորեց դեպի քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհի նորոգման հարցը: Ապա անդրադարձավ տարիների շարունակ չարչրկվող թեմաներից մեկին. «Վանաձորը տուրիստական քաղաք ենք համարում, բայց քաղաքում մի հասարակական զուգարան չունենք: Մի քանի տարի առաջ ես էլի գրավոր առաջարկել եմ: Պատասխանը եկավ, որ հանձնարարականը տրված է, բայց չի կատարվել»:

Տեղեկացվեց, որ հասարակական զուգարանների կառուցման հարցն ընդգրկված է համայնքի 2017-2022թթ.-երի զարգացման հնգամյա ծրագրում: Տասնհինգ րոպեում ավարտելով բյուջեի հանրային քննարկումը, ներկաները սահուն անցում կատարեցին համայնքի զարգացման ծրագրին: Այս մասով հարցերն ավելի շատ էին: 

Ա. Կյուրեղյանի հարցը քաղաքի ճոպանուղու կառուցման հետ էր կապված. «Ճոպանուղու կառուցման հետ կապված ծրագիրը որքանո՞վ է առարկայական ու իրատեսական»: Հարցին պատասխանեց քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:

«Ցանկացած ծրագրի իրականացում կախված է նախ և առաջ ֆինանսական միջոցներից: Եթե մտածենք, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն համայնքի միջոցներով, դա, իհարկե, իրատեսական չէ: Քանի որ որևէ ծրագրի մասով հստակ պայմանավորվածություն չունենք որևէ կազմակերպության հետ, բացառությամբ մեկի, հիմնականում նախատեսում ենք, որ յուրաքանչյուր ծրագրում համայնքը կունենա 20 տոկոսի չափով ներդրում: Դրանից պակաս ներդրման դեպքում որևէ կազմակերպություն չի համաձայնվի ծրագիր իրականացնել»:  

Ա. Մատինյանն առաջարկեց զարգացման ծրագրի հետ կապված պատասխանատվության մեխանիզմ մշակել. «Պատասխանատվության մեծանիզմ պետք է լինի, որ այն մարդիկ, որոնց պատճառով հնգամյա ծրագրից  ինչ-որ բաներ չլինելու դեպքում, չեմ ասում դատեն կամ գործից հանեն, բայց ինչ-որ պատասխանատվության ենթարկվեն»:

Լ. Դավթյանը հիշեցրեց՝ աշխատակազմը  ամեն տարի պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կատարած ու չկատարած աշխատանքների մասին:

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի հարցը վերաբերում էր համայնքի ունեցվածքի պահպանությանը. «Ես կարծում եմ, որ պահպանությունը պետք է առաջնակարգ լինի, մենք պետք է պահպանենք այն, ինչ ունենք, բայց պահպանության մասով ես ոչինչ չտեսա ծրագրում»:

Ա. Կյուրեղյանը հետաքրքրվեց. «Հնգամյա զարգացման ծրագրի մեջ ի՞նչ միջոցներ եք նախանշում արդյունաբերական ձեռնարկություններին ու ընդհանրապես ձեռներեցությանը աջակցելու համար:Վանաձորը ժամանակին եղել է առողջարանային և խոշոր արդյունաբերական կենտրոն, մեկը մյուսին չեն խանգարել»:

Քաղաքապետարանի աշխատակիցները նկատեցին՝ տուրիզմի զարգացման ուղղված քայլերը նաև քաղաքի ձեռներեցների համար նպաստավոր պայմաններ կստեղծեն: Փոխքաղաքապետ Արման Բերնեցյանի արձագանքը կտրուկ էր. «Ես Վանաձորի և ընդհանրապես Հայաստանի արդյունաբերական ապագային չեմ հավատում»:

Ա. Կյուրեղյանը մի քանի առաջարկ ուներ. մանկապատեզներում մսուրային ցանցի ստեղծում, մարզադպրոցների, մշակույթի տների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների  մանկավարժների աշխատավարձի բարձրացում, համատիրությունների կյանքի կոչմանն ուղղված քայլերի ու բնակչությանը մասնակցային կառավարման հարցերում ընդգրկելու մեխանիզմների մշակում:

Համատիրությունների կյանքի կոչմանն ուղղված առաջարկը զարմացրեց քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետի տեղակալ  Գարիկ Մատինյանին. «Ես զարմանում եմ, որ ժամանակ առ ժամանակ ասում են՝ համատիրությունները չեն կայացել: Համատիրությունները, իրոք, կայացած են մեր քաղաքում: Ունենք 63 համատիրություն և 63-ն էլ գործում են: Այստեղ խնդիրը բնակիչների տեղեկացվածությունն է: Եթե դուք համատիրության անդամ եք, համատիրության ժողովներից որևէ մեկին պետք է որ մասնակցած լինեք»:

Այս դիտարկումը ներկաների բուռն արձագանքին արժանացավ: «Ես ակտիվ քաղաքացի և ավագանի եմ, երբևիցե ինձ որևէ ժողովի մասին չեն իրազեկել»,- նկատեց Գ. Քալանթարյանը:

Հանրային քննարկման ընթացքում եղան նաև զարգացման ծրագրի բովանդակային մասի, ձևակերպումների հետ կապված, ինչպես նաև այլ առաջարկություններ:

Համայնքի ավագանու անդամները զարգացման ծրագրի հետ կապված գրավոր առաջարկություններ կարող են ներկայացնել առաջիկա 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter