Ֆոտոպատմություններ դատական սխալ վերապրածների մասին
Ամալյա Մարգարյան
«Եթե մարդիկ ավելի շատ տեղեկանան, որ աշխարհի տարբեր երկրների բանտերից անմեղ դատապարտվածներ են ազատություն վերադառնում, ապա հնարավոր է ժամանակի ընթացքում Հայաստանի նման երկրներում հասնել արդարացման դատավճիռների»,-«Անմեղ մարդիկ ամերիկյան բանտերից» ֆոտոպատմությունների ցուցահանդեսի ժամանակ ասաց «Ջեֆրի Դեսկովիչը՝ հանուն արդարության» հիմնադրամի նախագահ Ջեֆրի Դեսկովիչը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացված «Անմեղ մարդիկ ամերիկյան բանտերից» ֆոտոպատմությունների ցուցահանդեսին ներկայացված է շուրջ ԱՄՆ 40 քաղաքացիների ֆոտոպատմություն: Նրանք դատական սխալների զոհեր են, պատիժ են կրել չկատարված ծանրագույն հանցանքների համար: Ջեֆրի Դեսկովիչը մեկն է նրանցից: Նա 16 տարի պատիժ է կրել ամերիկյան բանտում չգործած բռնաբարության ու սպանության համար: Մեղադրական դատավճռի հիմքում ինքնախոստավանական ցուցմունքն է դրվել, որը կորզվել է ոստիկանությունում ժամեր տևած հարցաքննության ու սպառնալիքների տակ: 16 տարի անց կրկնակի ԴՆԹ թեստն ապացուցել է՝ Դեսկովիչը բացառապես անմեղ է:
Ֆոտոցուցահանդեսը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող «Դատական ճակատագրական սխալների շտկման ամերիկյան փորձը» ծրագրի մի բաղադրիչն է:
Ամերիկյան բանտերից դուրս եկած անմեղների մասին այս ֆոտոցուցահանդեսը պատրաստելիս, մանրակրկիտ ուսումնասիրվել են բոլոր պատմությունները: Մարդիկ են, ովքեր դատապարտված են եղել ծանրագույն հանցանքների համար, բայց մինչև իսկ 39 տարվա դատապարտունից հետո արդարացվել են շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման, գիտական նվաճումների ու արդար դատաքննության: ԱՄՆ-ում հին ժառանգության քրեական գործերի վերաբացման արդյունքում 1993-ից ի վեր արդարացվել է մոտ 1944 մարդ, որոնցից 350-ը ԴՆԹ փորձաքննության արդյունքների հիման վրա:
Ցուցահանդեսի բացմանը նկարչուհի Զարուհի Մուրադյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ ներկայացված 40 ճակատագրերը միակը չեն, այսպիսի հազարավոր ճակատագրեր կան ԱՄՆ-ում, աշխարհում. «Տիտանական աշխատանք են արել Անմեղության շարժման ներկայացուցիչները, որ կարողացել են ապացուցել մարդկանց անմեղությունը»:

«Անմեղության հայկական ծրագրի» հիմնադիր, լրագրող Զարուհի Մեջլումյանն էլ նշեց, որ անմեղության միջազգային փորձին ծանոթացել է համացանցում որոնումներ անելիս, որից հետո փորձել է նաև Հայաստանում պատժի առավելագույն չափի դատապարտվածների քրեական գործերի նյութերին ծանոթանալ դատական արխիվներում. «Փորձում էի հասկանալ` ինչպես է այդ խնդիրը լուծվում այլ երկրներում, ինչպես է հնարավոր, որ մարդը պատիժ կրի, ամեն օր բարձրաձայնի, որ դատական սխալի հետևանքով է հայտնվել բանտում, և մեկ օր մաքրի խարանը ճակատից և վերադառնա հասարակություն: Մենք նույնպես կարիք ունենք ապացուցելու, որ բանտերում կան անմեղ մարդիկ: Երբ դատապարտվում է անմեղը, իսկ ազատության մեջ է մնում մեղավորը, ուրեմն հասարակությունը պարտվել է»:
Ֆոտոցուցահանդեսի կազմակերպիչները հավատում են, որ հետևողական պայքարի դեպքում մի օր կկարողանան կազմակերպել ցուցահանդես` «Անմեղ մարդիկ հայկական բանտերից» խորագրով:

ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել նաև քրեական իրավունքի և կենսաբանության պրոֆեսոր Գրեգ Համփիկյանը: Նա ղեկավարում է «Անմեղության ցանցի» Այդահոյի գրասենյակը: Արդեն երկար տարիներ օգնում է անարդար դատավճռի զոհերին. «Իմ տատիկն ու պապիկը տուժվել են իրենց հավատքից, իրենց գաղափարների համար, դա է պատճառը, որ պայքարում եմ անարդարության համար: Այստեղ ցուցադրված 40 անձանցից մի քանիսին մենք լավ ենք ճանաչում: Մի քանիսի գործով զբաղվել ենք երկար տարիներ, մինչև, որ հասել ենք արդարացման»,-ասաց Գրեգ Համփիկյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել