
Հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2017 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամի չափով, ինչը շուրջ 11.4%-ով ավելի է 2016թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 10.2%-ով գերազանցում են 2015թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2015թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 8% ով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.5 հազար դրամի չափով, որի շուրջ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:
Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2017թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, կազմվել է` հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։
«Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը»,- գրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Մեկնաբանել