
Հայ առևտրականները դժգոհում են Բագրատաշենի մաքսային անցակետում նախատոնական օրերին սահմանված տուրքերից
Բագրատաշենի մաքսային անցակետով հայ առևտրականները Վրաստանից մարդատար ավտոմեքենաներով ու ձեռնասայլակներով մանդարին, նուռ և այլ մրգեր են տեղափոխում: Ձեռնասայլակներով մանդարին տեղափոխողներից մաքսակետում տուրք չեն գանձում: Այդ մասին երեկ Բագրատաշենի անցակետում «Հետքին» հայտնեցին հենց առևտրականները:
Հայ առևտրականները վրացական անցակետում խնդիրներ չեն ունենում. «Վրացիներին ձեռք է տալիս իրենց երկրի գյուղատնտեսական մթերքների իրացումը»,- նկատեց մեզ հետ զրուցող առևտրականներից մեկը: Բագրատաշենի անցակետով մանդարին տեղափոխողների մի մասը Տավուշի մարզի` Նոյեմբերյանի, Պտղավանի, Բագրատաշենի և հարևան սահմանային համայնքերի գյուղացիներն են, ովքեր առևտրով մի կերպ լուծում են իրենց գոյատևման խնդիրը:
Անցակետում ապրանքափոխադրման ժամանակ այս գյուղերի գյուղացիերը մաքսային որևէ արտոնությունից չեն օգտվում: Մինչդեռ դա, գյուղացիների ասելով, կնպաստի սահմանային գյուղերի աշխուժացմանը: «Ես ուզում չեմ խոսեմ: Առանց էդ էլ մենք սահմանամերձ գյուղում` Նոյեմբերյանում ապրող ենք, բայց էնքան ծանր աշխատանք ենք կատարում, գոնե էս հասարակ մանդարինը, որ ուզում ենք մաքսակետից դուրս բերենք, չեն թողնում: Նայիր իմ ապրանքը, ինձանից 25 հազար դրամ փող են վերցրել: Կաչկով գռուզը տանում են, նրանց ոչ մի բան չեն ասում։ Մի 200-300 կգ ապրանք եմ վրացական կողմից բերում»,- իր ավտոմեքենայի բեռնախցիկի մանդարինը ձեռքով ցույց տալով` ասաց Նարինեն:
Մաքսակետից 1 կմ հեռու՝ Պտղավան գյուղին հարող տարածքում, առևտրականները շուկա են բացել, որտեղ, ինչպես իրենք են ասում, «բիրիք», կիլոգրամը 300-400 դրամով վաճառում են մանդարինը, 500 դրամով՝ նուռը, 1000 դրամով՝ բանանը, 800 դրամով՝ կիվին և այլ ապրանքեր:
«Ինչո՞ւ Նոյեմբերյանում Ձեր ապրանքը չեք վաճառում»,- հարցրի: «Էստեղ մեր ապրանքը «բիրիք» առնողներին ենք տալիս,- բացատրեց տարեց առևտրականը և շարունակեց իր դժգոհությունը,- Տամոժնիայում մեզ շատ-շատ տանջում են: Մեր ժողովրդի վիճակը ազնվությամբ շատ ծանր է: Մեր ընտանիքում ոչ մեկս չենք աշխատում: Էսենց առևտուր ենք անում, թե ինչ վիճակով եմ ես ներս մտնում մաքսատուն ու դուրս գալիս, լեզվով չեմ կարողանում ասել: Որ մենք աշխատանք ունենանք, դա ուրիշ հարց ա: Բայց մեր աշխատանքի միակ միջոցը սա է: Էն էլ թողում չեն: Եթե հանկարծ իմ մեքենան նկարեք, վափշե չեն թողալ ես դենն անց կենամ»,- զգուշացրեց տիկին Նարինեն:
«Գնացեք նկարեք, տեսեք տամոժնիայում ոնց են ճնշում: Առևտրականներից փող են պոկում ու ուղարկում են տերմինալ, էդ»,- հայտնեց Գայանե Քոչարյանը:
«100 կգ-ի դեպքում անցակետում որքա՞ն փող են Ձեզնից պահանջում»,- հարցրի: «Շատ: Նայած ումից»,- պատասխանեց Գայանեն: «Ինչո՞ւ են մեկից քիչ, մյուսից շատ տուրք ուզում»,- հարցրի: «Իրենք լավ կիմանան: Մաքսավորները լավ էլ ճանաչում են բոլորին: Մի խեղճ մարդուց, մի մեշոկ մանդարինի եղածը ինչ է, 5 հազար դրամ վերցրին»,- ասում է Գայանե Քոչարյանը:
Գայանե Քոչարյանը
Վրաստանի մաքսային անցակետում ամեն ինչ խաղաղ էր, հայ առևտրականներին տեղափոխող սպիտակ գազելի մոտ կանգնած երկու երիտասարդ աղջիկներ, որոնք նույնպես մանդարինի գործ էին անում, դժգոհեցին հայ մաքսավորներից. «Ահավոր բան է մեր մաքսակետով անցնելը»,- ասացին նրանք և խնդրեցին հանկարծ չգրել իրենց անունները:
Բագրատաշենի մաքսակետի առաջ զրուցեցինք Սոֆյա Մարիկյանի հետ. «Հիվանդ եմ, գալիս եմ օրը 2 մեշոկ մանդարին եմ տանում՝ դեղի փող անում: Ընտանիք ունեմ, ամուսինս էլ ուռուցքով հիվանդ է: Տղաս էլ Բաղանիսի դիրքերում է»,- պատմեց Սոֆյան:
Վերջինիս ամուսինը` Հայկ Ղազինյանը, պատմեց, որ մանդարինը տեղափոխելիս վրացիները չեն նեղում. «Մեզ հայերն են նեղում»,- ասաց նա: «Ինչքա՞ն փող են ուզում մաքսավորները 2 մեշոկ մանդարինի համար»,- հարցրի: «Դե, նայած` որտեղ, ինչ»,- պատասխանեց Հայկը:
Ու մինչ պատրաստվում էի 2-րդ հարցս ուղղել Հայկին, Սոֆյան արմունկով զգուշացրեց ամուսնուն լռել. «Մեզանից փող չեն ուզում»,- խոսքը փոխեց Հայկը:
Մեկնաբանել