«Չորրորդ ինքնիշխանություն». պատգամավորները զբաղված են Սամվել Նիկոյանին թասիբի գցելով
Խորհրդարանի առաջիկա քառօրյայում նախատեսված է ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրություններ։ Ահա այս կարևոր իրադարձությամբ պայմանավորված՝ ԱԺ նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանը արդեն քանի օր է՝ հանդիպում է կոալիցիոն պատգամավորների հետ ու նրանց հորդորում դեկտեմբերի 5-ի քառօրյային չբացակայել։
Նիկոյանը ԱԺ աշխատակազմի դեկավար Գեղամ Ղարիբջանյանից պահանջել է դեկտեմբերի առաջին օրերին գործուղումների մեկնող պատգամավորների ցուցակն ու ում կարողացել է՝ արգելել է մեկնել գործուղման։ Իսկ ում վրա ուժը չի պատել՝ հորդորել է դեկտեմբերի 5-ին գործուղումը կիսատ թողնել և վերադառնալ Հայաստան։
Եվ սա միանգամայն հասկանալի է։ Նիկոյանի թեկնածությանն առանձնապես կողմ չեն իր իսկ հարազատ Հանրապետականում, ուստի Նիկոյանը մտահոգվելու լուրջ պատճառներ հաստատ ունի։ Չնայած ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նրան վստահեցրել է, որ պրոբլեմ չի լինի, և անհրաժեշտ «ընտրակեղծիքները» կարվեն հավուր պատշաճի։
Ավելացնենք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ նախագահի պաշտոնակատար Նիկոյանը բավականին լարված տրամադրության մեջ է։ Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարության տարիներին բիզնես չունեցող պատգամավորները Ամանորին մշտապես ստացել են մեկ աշխատավարձի չափով պարգևավճար։ Այդպիսի պատգամավորների թիվը մոտավորապես 24-ն է։ Սակայն այս օրերին Նիկոյանն ամեն տեղ բողոքում է, որ ԱԺ բյուջեն դատարկ է, և ինքը չգիտի ինչպե՞ս գումար տալ բիզնես չունեցողներին։
Բիզնեսազուրկներն էլ սպասում են, թե արդյոք կկարողանա՞ Նիկոյանն այդ հարցը լուծել, թե՞ նման հարցեր լուծելու ունակություն ուներ միայն Հովիկ Աբրահամյանը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Նիկոյանի համար այս հարցը լուծելը դարձել է թասիբի և սկգբունքի հարց։ Իսկ խորհրդարանում արդեն անգամ գրազ են գալիս՝ կկարողանա՞ Նիկոյանը լուծել խորհրդարանի ֆինանսական խնդիրները, ինչպես դա անում էր Հովիկ Աբրահամյանը, թե՞ ոչ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել