HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Հաշմանդամություն ունեցող Տիգրանից խաբեությամբ խլել են բնակարանը

Հանրապետական հիվանդանոցում ավելի քան երկու շաբաթ առաջ ծանր վիրահատություն տարած  48-ամյա Տիգրան Հյուսյանը չգիտի, թե ուր է գնալու, երբ նրան բժիշկները դուրս գրեն։ Նա այլևս չի կարող վերադառնալ այն բնակարանը, որտեղ մի ժամանակ ապրում էր ծնողների հետ։

2012թ. մոր կորստից կարճ ժամանակ անց «հարազատ» մարդու թեթև ձեռքով նա կորցրել է բնակարանն ու շուտով կհայտնվի փողոցում։

2013թ․ թվականի դեկտեմբերին Տիգրանը բնակարանը «նվիրել է» բարեկամուհուն՝ կնքահոր աղջկան, ով խոստացել է «լավ պահպանել» այն, որ «ուրիշները չտիրանան դրան», ու հոգ տանել նրա՝ առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող տղամարդու մասին։  Բայց բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց անմիջապես հետո Մարինե Խոսրովյանը վաճառել է այն, Տիգրանին տեղափոխել վարձով բնակարան ու մոռացել նրան։

Բժիշկները հոգատար են առանց հարազատների մնացած տղամարդու հանդեպ:

«Տիգրան Հյուսյանը հիվանդանոց է բերվել որովայնի սուր ցավերով, - ասում է  Կլինիկական օրդինատոր Արամ Մարտիրոսյանը, - հետազոտություններով պարզվել է, որ առկա է աղիքային անանցանելիություն և անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն»:

Վիրահատությունը կատարվել է պետպատվերով, դեղորայքի մի մասը նույնպես պետության կողմից հատկացվում է, մյուս մասն էլ գնում են բժիշկները՝ սեփական միջոցներով: Մարտիրոսյանն ասում է, որ հիվանդի օրգանիզմը շատ ամուր է, բայց ապաքինման ընթացքի համար դժվարություններ են առաջացնում ուղեկցող հիվանդություններն (ՄՈՒԿ-ն ու Պարկինսոնի հիվանդությունը) ու հարազատների խնամքի բացակայությունը:

Թեև Տիգրանը Հայաստանում հարազատներ չունի, նրան ամեն օր այցելության է գալիս հարևանուհին՝ Նատաշան:

Երբ Տիգրանի մայրը դեռ կենդանի էր, Նատաշան նրան խոստացել էր հոգ տանել որդու մասին, եթե իրեն մի բան պատահի:

«Տիգրանը շատ բարի ու լավ մարդ է, - ասում է Նատաշան, - նա շատ մեղմ բնավորություն ունի և նրան չպետք է թողնել, որ մեռնի։ Նրա հետ շատ դաժան են վարվել, խաբել են, զրկել են ողջ ունեցվածքից ու թողել անորոշության մեջ։  Նա հրաշալի ծնողներ ուներ, շատ ափսոս էին։ Այդպիսի մարդկանց որդին հիմա անհույս վիճակում է հայտնվել»։

Տիգրանը տան միակ զավակն է, հայրը՝ Սերգեյ Հյուսյանը Երևանի կոնսերվատորիայի դասախոս էր։ Սկզբում մահացավ հայրը։ Իսկ մոր մահից հետո նա մնաց մենակ։ Հարևանուհին՝ Նատաշան ասում է, որ ՌԴ-ում նա հարազատ մորաքույր ունի։   

Նատաշան ասում է, որ չի կարող Տիգրանին տանել իր բնակարան, որդին չի համաձայնվի, իսկ վարձով բնակարանի տերն անընդհատ անհանգստացնում է Տիգրանին ու սպառնում դուրս շպրտել, եթե նրա բնակարանի վարձը չբերեն:

«Այդ Մարինեն անընդհատ ուշացնում էր վարձը և նա զայրանում էր»,- ասում է Նատաշան։

Բայց  ըստ կնոջ՝ նույնիսկ եթե տանտերը նրան թույլատրի, բնակարանի մի քանի պատուհաններին ապակիներ չկան, ու նոր վիրահատություն տարած տղան կմրսի այնտեղ։ 

«Թեև նրա տարիքի տղամարդուն «որբ» ու «լքված» ընդունված չէ կոչել, բայց Տիգրանը  հատուկ կարիքներ ունեցող մարդ է, և նա իսկապես հայտվել է այդ վիճակում, - ասում է Տիգրանի փաստաբան Վահան Ենգիբարյանը»։

Նա իր գործընկերների հետ միասին տղային օգնում է վերականգնել խախտված իրավունքները: Փաստաբանը նշում է, որ Խոսրովյանը զրկել է հիվանդ մարդուն ոչ միայն հարազատ միջավայրում ապրելու իրավունքից, այլև ապրուստի այն սուղ միջոցներից՝ անապահովության նպաստից ու 19 000 դրամ հաշմանդամության թոշակից, որոնցից Տիգրանն օգտվում էր՝ ունենալով գրանցում։

Իրեն խաբված ու լքված զգալով՝ Տիգրանը 2015թ. ամռանը դիմել է ոստիկանություն։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից 2015թ. հունիսի 16-ին Տիգրան Հյուսյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա գործ է հարուցել, որը, սակայն, կարճվել է 2016թ. մարտի 25-ին՝ Մարինե Խոսրովյանի արարքում հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Փաստաբան Ենգիբարյանը բողոքարկում է այս որոշումը վերադաս դատախազին, սակայն վերջինս հաստատում է այն: Նա դիմում է Աջափնյակ և Դավիթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերջինից քննչական մարմնի կողմից քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշման վերացումը. 2016թ. սեպտեմբերի 13-ին հայցը բավարարվում է:

«Դատարանը հաշվի է առել, որ Մարինե Խոսրովյանն իր ցուցմունքներով ընդունել է, որ կատարել է բոլոր իրեն վերագրվող գործողությունները, - բացատրում է փաստաբան Ալինա Ղազարյանը, - որոնք հանգեցրել են Տիգրանի ունեզրկմանը և ավելի խոցելի վիճակում հայտնվելուն. նա ծնողների մահից հետո մտերմացել է Տիգրանի հետ և կատարել է մի շարք փաստաթղթային ձևակերպումներ, որոնք հնարավոր կդարձնեին Տիգրանի կողմից բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը: Խոսրովյանը պնդում է, որ այդպես է վարվել բնակարանը Տիգրանի համար պահպանելու նպատակով: Մարինեն ընդունում է նաև, որ բնակարանի վաճառքն էլ իրականացրել է, որպեսզի նոր, ավելի բարվոք բնակարան գնի Տիգրանի համար, բայց, փաստորեն, յուրացրել է գումարը: Այս փաստն արդեն հիմք է նրա արարքը խարդախ ճանապարհով ուրիշի գույքին տիրանալ որակելու համար»։

Ղազարյանը նշում է, որ իրավապահ մարմիններն աչք են փակել այն հանգամանքի վրա, որ Խոսրովյանը ներկայացել է որպես փաստաբան, ինչը հերքվել է հարցման միջոցով.

«Այսինքն՝ նա ստել է նախաքննության մարմնին, և սա մնացել է անհետևանք», - ասում է նա:

Ենգիբարյանը հայցադիմումում վկայակոչել է դատաբժշկական փորձաքննությունը, որով հաստատվում է, որ  Տիգրան Հյուսյանը «նվիրատվության պայմանագիրը կնքելու ժամանակ չի գիտակցել իր կողմից կնքված գործարքի պայմանները և հետևանքերը»:

Հենց այս հիմքով բացի վերոհիշյալ դիմումից, Ենգիբարյանը Տիգրան Հյուսյանի անունից ներկայացրել է նաև քաղաքացիական հայց, որով պահանջում է դատարանից Մարինե Խոսրովյանի հետ կնքած գործարքը՝ նվիրատվության պայմանագիրը, անվավեր ճանաչել: Հայցը ներկայացվել է 2015թ. օգոստոսի 11-ին։ Այս գործով դեռևս նախաքննություն է ընթանում, և հաջորդ դատական նիստը նշանակված է 2017թ. փետրվարի 19-ին։ Դատարանը որոշել է գործընթացը դադարեցնել՝ սպասելով քրեական գործի վերաբացման պահանջի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։

Վերաքննիչ քրեական դատարանում, պատասխանելով դատավոր Ս. Չիչոյանի հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեր նախաքննության մարմինը մեղադրանք առաջադրելու համար, Ենգիբարյանը մատնացույց անեց գործով պարզված հանգամանքներին:

«Հակասություններից մեկն այն է, - ասում է նա, - որ Խոսրովյանն իր ցուցմունքներում նշել է, որ բնակարանի գումարն իբր ավանդ է ներդրել և 2015թ․ օգոստոսի 30-ին կստանա ու Տիգրան Հյուսյանի համար բարեկարգ բնակարանի կգնի․ պարզվեց, որ դա չի համապատասխանում իրականությանը: Իր բողոքի ներկայացման ժամանակ կողմն ասաց, որ դա միայն Տիգրան Հյուսյանի հայտարարությունն է․ ո՛չ, դա միայն Հյուսյանի հայտարարությունը չէ։ Դա Մարինե Խոսրովյանի հայտարություն  է՝ քրեական գործերի նյութերով մի քանի ցուցմունք կա։ Այս ամենը հաստատում են, որ Մարինե Խոսրովյանը կանխամտածված ձևով է կատարել այդ գործողությունները՝ խարդախությամբ գույքին տիրանալու նպատակով։

«Հարգարժա՛ն Դատարան, եթե դիտավորությունը չկար, - ասաց Ենգիբարյանը, - ապա երբ Հյուսյանը վերադառնում էր հիվանդանոցից, նրա բնակարանը վաճառված էր արդեն, ինչո՞ւ չկան նաև Հյուսյանի մյուս իրերը։ Ամբողջ գույքը գտնվում է  Խոսրովյանի տիրապետության տակ»։

Փաստաբանը պատմեց դատարանին, որ անցած ձմռանը իր ներկայությամբ Տիգրանը հեռախոսով խնդրում է Խոսրովյանին, որ գոնե իր հագուստները տրամադրի.

«Պատասխան ստացվեց, - պատմում է նա, - որ՝ «մեկ ա  մեռնելու ես, մինչև գարուն դու չես հանելու»։ Հյուսյանը խնդրեց մի հատ վերմակ, դա էլ չտրամադրվեց։  Ցուցմունքներում կա՝ «նոր բնակարան վարձեցինք և Մաքսի հետ նրան տեղափոխեցինք նոր բնակարան»։ Նախաքննության մարմինը գոնե մի անգամ տեսա՞վ այդ բնակարանը, տեսա՞վ, թե ինչպիսի անմարդկային պայմաններում է ապրում այդ տղան»։

«Խոսրովյանը, Հյուսյանից ստանալով բնակարանի տիրապետման իրավունքը, - ասում է փաստաբանը, - Տիգրանին հանում-գցում է դուրս, անմիջապես նրան զրկում է իր ողջ գույքից, ավելին, հոգ չի տանում նրա մասին այն աստիճանի, որ Հյուսյանը ստիպված է լինում դիմելու «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան, որպեսզի կարողանա օրը գոնե մեկ անգամ սնվել։ Իմ հարցմանը այս կազմակերպությունից պատասխանել են, որ Հյուսյանը 2013թ․ օգոստոսի 23-ից հետո, այսինքն՝ Մարինեի՝ բնակարանի սեփականատեր դառնալուց անմիջապես հետո, սկսել է օգտվել այդ ճաշարանից։  Խոսրովյանը Հյուսյանին ասում է, որ ես քեզ հետ կամուսնանամ, քեզ երեխաներ կպարգևեմ:  Սակայն նվիրատվության օրվանից անմիջապես լքում է Տիգրանին, նրան տեղափոխում է հիվանդանոց, Հյուսյանը տեղյակ չի լինում բնակարանի վաճառքից, նոր սեփականատիրոջ հետ Խոսրովյանը պայմանավորվածություն է ձեռք բերում, որ՝ «Տիգրանին չասեք, որ բնակարանի սեփականատերը դուք եք. թող Տիգրանը դեռևս մնա այս բնակարանում»։ Սակայն մի քանի ամիս մնալուց հետո Տիգրանը սրտի նոպայով նորից ընկնում է հիվանդանոց. որտեղից արդեն Մ. Խոսրովյանը և գործի նյութերով անցնող մի երիտասարդ Տիգրանին տեղափոխում են վարձակալած  բնակարան»։

«Հետքի» հետ զրույցի ժամանակ Ենգիբարյանը նշել էր նաև, որ բնակարանի նվիրատվությունից ամիսներ առաջ (2013թ․ դեկտեմբերի 18) ՝ 2013թ․ օգոստոսի 26-ին, 41-ամյա իրավաբան Մարինե Խոսրովյանը դատարանի որոշմամբ տուգանվել է խուլիգանական արարք կատարելու համար։ Մեղսագրվող խուլիգանական արարքը Խոսրովյանը կատարել է մի տղամարդու հետ միասին։ Երկու անձինք եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նրանք Տերյան փողոցի «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում խախտել են հասարակական կարգը՝ աղմուկ բարձրացնելով և ատրճանակներից կրակելով օդ։ Մարինեն հինգ անգամ օդ է կրակել  գազային ատրճանակից, նրա ուղեկիցն 8 անգամ՝ ձայնային պարկուճներով։ Դատարանը երկուսին էլ ճանաչել է  մեղավոր և սահմանել պատիժ՝ 50 000-ական դրամ տուգանք։

Դատարանում բողոքը բերած դատախազ Ա. Սմբատյանը պնդեց դատախազության դիրքորոշումը, համաձայն որի՝ դատարանի կողմից չի նշվել որևէ կոնկրետ քննչական դատավարական գործողություն, որը պետք է ձեռնարկվեր, անձի գործողություններում հանցակազմի առկայությունը հաստատելու համար և որ «մեղադրական եզրակացությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա» (Հոդված 18, 3-րդ կետ):

Լսելով կողմերին՝ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ս. Չիչոյանի նախագահությամբ հաստատեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ պարտադրելով դատախազությանը վերսկսել գործի քննությունը:

Դատարանի բակում դատախազը փաստաբանին ընկերական տոնով ասում է՝ ախր հիմքեր չկան, բայց հետո կատակով խոստանում է ամեն ինչ անել, որ մեղադրանք առաջադրվի ու Ենգիբարյանը դատարան վազվզի ու շարունակի ներկայացնել տուժողի շահերն, ու հարցնում՝ կանե՞ս:

«Հա՛, հա՛, դու մեղադրանքն առաջադրի, ես մինչև վերջ գնալու եմ», - ասում է Ենգիբարյանը:

Ենգիբարյանը անկեղծորեն ուրախանում է հաղթանակի համար, բայց ասում, որ վստահ չի, որ դատախազությունը չի բողոքարկի այս որոշումն էլ:

Նա արդեն վաղուց Տիգրանին գրանցել է իր բնակարանում, որպեսզի վերջինս գոնե կարողանա նորից ստանալ հասանելիք հաշմանդամության թոշակը: Նրան հիմա  մտահոգում է 48-ամյա անօգնական մնացած տղամարդու կացարանի հարցը, որտեղ Տիգրանը պիտի ապաքինվի. բժիշկներն առայժմ խոստացել են որքան հնարավոր է երկար պահել, բայց դա չի կարող անվերջ տևել: 

Տիգրանը մի քանի օր առաջ զանգահարել է Մարինեին՝ պահանջելով վերադարձնել իր բնակարանը կամ հոգ տանել իր մասին, քանի որ հիվանդանոցում է հայտնվել և դժվարին կացության մեջ է։ Զանգին պատասխանել է մայրն՝ ասելով, որ աղջիկը բնակարանը վաճառել է, իսկ գումարը ներդրել բիզնեսի մեջ, որը չի հաջողվել։ Նա Տիգրանին մեղադրել է աղջկա ու իրենց ընտանիքի համար խնդիրներ ստեղծելու մեջ ու պահանջել այլևս չզանգահարել։

Փաստաբանները «Հետքի» հետ կիսում են Տիգրանի հարազատներին գտնելու հետ կապված իրենց մտահոգությունը․ շուտով քրեական գործի քննությունը կվերսկսվի, իսկ դատարանում Տիգրանի շահերը ներկայացնելու համար չափազանց կարևոր է, որ նրա հարազատներից մեկը ճանաչվի որպես նրա օրինական ներկայացուցիչը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է. «Հանցագործության համար կասկակծվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Կյանքի կարևո՛ր օրենք. ձեր կենդանության օրոք ձեր անշարժ գույքի սեփականության իրավունքը ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔԻ մի՛ տվեք՝ անկախ ամեն ինչից: Անգամ ձեր երեխաներին մի տվեք,քանի կենդանի եք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter