Քաղաքացին պաշտոնյաներին առաջարկում է մեկ շաբաթ աշխատանքի գնալ և վերադառնալ հանրային փոխադրամիջոցներով
Երևանի բնակիչ Ա. Խաչատրյանը բաց նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Նա պաշտոնյաներին առաջարկում է գեթ մեկ շաբաթ աշխատանքի գնալ և վերադառնալ հանրային փոխադրամիջոցներով․
«Մեծարգո՛ պարոնայք,
Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրի կառավարման համակարգում տեղի են ունենում որոշակի տեղաշարժեր՝ սկսած կադրային փոփոխություններից մինչև նոր հիմնադրամների ստեղծումը: Ժամանակը ցույց կտա, թե այդ ամենը որքանո՛վ կբարելավի երկրի ծանր տնտեսական վիճակը, կօգնի համապատասխան աշխատատեղերի ապահովմանը, կմասնակցի տեղական արդյունաբերության ու բիզնեսի զարգացմանը, կթեթևացնի ազգաբնակչության սոցիալական խնդիրների թնջուկը, կնպաստի արտագաղթի անդիմադրելի հոսքի կասեցմանը… Հայրենի կառավարության կողմից մշակված նոր ծրագրերի նկատմամբ ինքս փորձում եմ լինել լավատես՝ միաժամանակ չկորցնելով իրականության հանդեպ սթափ դատողություններս և փաստերի համադրությամբ վերլուծելու վճռականությունս:
Պետք է անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու օրվանից հայ ժողովրդի մեջ առկայծեց հույսի մի վերջին կաթիլ, որը կա՛մ կծովանա և կարդարացնի մարդկանց բյուր սպասումները, կա՛մ կչորանա և անորոշության խավարի մեջ կմխրճի նրանց հոգիները: Ղեկավարի մեջ տեսնելով սրտացավություն, նախանձախնդրություն, խստապահանջություն և հայրենասիրություն՝ այսպես թե այնպես հավատքով ես լցվում նրա խոսքի, գործի և տեսլականի նկատմամբ, եթե այդ ամենն անկեղծ են և հետին նպատակներ չեն հետապնդում:
Հայաստանում ներկայումս կան հարյուրավոր չլուծված հարցեր, որոնք կարոտ են սպառիչ և օրինական հանգուցալուծումների: Բավական է թերթատել օրվա մամուլը, որպեսզի ծանոթանալ այն մռայլ իրականությանը, որն ուրվականի պես պարուրել է հայաստանաբնակ հայի առօրյան, մտածողությունը, տրամադրությունները…Սակայն այս բաց նամակով ուզում եմ երկրի ղեկավարության ուշադրությանը հանձնել մի շատ կարևոր և հրատապ խնդիր՝ կապված Երևանի հանրային փոխադրամիջոցների հետ:
Գաղտնիք չէ, որ Երևանում հանրային փոխադրամիջոցները ըստ պատշաճի չեն կարողանում բավարարել ուղևորների ամենօրյա փոխադրական կարիքները՝ երբեմն թերանալով նաև արագ և անվտանգ երթևեկություն ապահովելու մեջ: Ինչպես երթուղային տաքսիները, այնպես էլ ավտոբուսները շատ հաճախ այնքան են գերբեռնված երթևեկում, որ մինչև անգամ չեն կայանում սահմանված կանգառներում՝ պատճառ դառնալով ուղևորների կուտակումների աճին: Դա հատկապես դժվարություններ է հարուցում խստաշունչ ձմռանը, երբ պահանջվում է 20 րոպեից ավել սպասել անհրաժեշտ փոխադրամիջոցին: Իսկ եթե պատահմամբ փոխադրամիջոցներից մեկը կայանում է որևէ կանգառում՝ ներսի ուղևորների զգուշացմամբ, ապա այդ դեպքում էլ հնարավոր չի լինում բարձրանալ երթուղային տաքստի կամ ավտոբուս, քանի որ կանգնելու համար ազատ տեղ չի գտնվում: Ու մնում է կա՛մ միմյանց տրորելով սեղմվել իրար վրա՝ ավտոբուսի դեպքում, կա՛մ էլ միմյանց վրա կքելով արտաշնչել իրար ուղղությամբ՝ երթուղային տաքսիների դեպքում: Սրան էլ գումարվում է ամռան տոթը, օծանելիքի և այլ հոտերի բազմազանությունը, ձմռան ցուրտը, վերարկուների հագեցվածությունը, և այլն: Ձմռանը շատ քիչ ավտոբուսներ կան, որտեղ գործում է քիչ թե շատ նորմալ ջեռուցում:
Փոխադրամիջոցների գերբեռնվածությունը միևնույն ժամանակ խիստ վտանգավոր է մարդկային կյանքերի ապահովության համար: Քանիցս պատահել է, որ գերբեռնվածության պատճառով երթուղային տաքսիների դռները չեն փակվել, իսկ ուժ գործադրելիս՝ դռները պարզապես պոկվել և ընկել են փողոցի մեջտեղում: Դեռ չեմ խոսում այն մասին, որ երթուղային տաքսիների վարորդներն իրավունք չունեն նստատեղերից ավելի ուղևոր վերցնել: Բայց քանի որ, ինչպես նրանք են պատճառաբանում, օրական պարտավոր են մի կլորիկ գումար վճարել յուրաքանչյուր երթուղային տաքսու գծատիրոջը, ուրեմն ստացվում է, որ վարորդները նստատեղերի թվով ուղևորներ վերցնելիս վնասով պետք է աշխատեն, քանի որ այդկերպ անգամ չեն կարող ապահովել գծատիրոջ պահանջած գումարը: Մյուս կողմից էլ կանգառներում է՛լ ավելի կմեծանան ուղևորների կուտակումները, որոնք աշխատանքից ուշանալու դեպքում գործատուի կողմից կարժանանան բանավոր կամ գրավոր նկատողությունների:
Փոխադրամիջոցների ժամացուցակը ևս գոհացուցիչ չէ: Երթուղի դուրս եկող փոխադրամիջոցները աշխատանքի սկզբի և ավարտի ժամերին պետք է որ աշխատեն ավելի սեղմ ընդմիջումներով, իսկ օրվա մեջտեղի հատվածը՝ համեմատաբար ավելի երկար դադարներով: Որոշ փոխադրամիջոցներ ճիշտ կլիներ ունենային նաև գիշերային հատուկ ժամացուցակ՝ գիշերային հերթափոխ իրականացնող կամ գիշերային ճամբորդություն ունեցող անձանց տեղափոխումը Երևանում դյուրացնելու համար: Հետագայում կարելի է նաև յուրաքանչյուր փոխադրամիջոցի ժամացուցակն առցանց կերպով հրապարակել համացանցում, ինչպես նաև՝ կանգնառների էկրաններին: Վերջինս գործում է հատուկենտ ավտոբուսների համար, ինչը պետք է կրի համատարած բնույթ: Համացանցային կայքէջի միջոցով հարկ է վաղորոք տեղեկացնել այդ պահին առկա ճանապարհատրանսպորտային խցանումների, վթարների և սպասվող փակ ճանապարհների մասին:
Վերապատրաստել հանրային փոխադրամիջոցների վարորդներին և անցկացնել մասնագիտական քննություններ՝ ստուգելու նրանց վարորդական պատրաստվածությունը: Խստորեն զգուշացնել վարորդներին, որպեսզի երթուղու վարման ընթացքում փոխադրամեքենաներում չծխեն, ինչպես պահանջում է ՀՀ օրենքը: Հակառակ դեպքում պատժել օրինազանց վարորդներին, որոնց նկատմամբ ուղևորներից բողոքներ և գանգատներ կլինեն: Նման դեպքերում ծխող վարորդները սովորաբար վրդովվում են, երբ ուղևորները պահանջում են դադարեցնել ծխելը: Վարորդները մինչև անգամ սպառնում են այլևս չսպասարկել ծխելու դեմ բողոքող ուղևորներին՝ շփոթելով հանրային փոխադրամիջոցը անձնական օգտագործման մեքենաների հետ: Հարկ է թույլ չտալ, որ հանրային փոխադրամիջոցներում վարորդները միացնեն ռադիո, երաժշտություն՝ թեկուզ ցածր ձայնով: Պետք է հաշվի առնել, որ բոլորովին էլ պարտադիր չէ ուղևորների համար ունենալ վարորդների ճաշակը, նախասիրություններն ու հետաքրքրությունները: Ուղևորների մեջ այդ պահին կարող են լինել վատառողջ, անտրամադիր, հուզված մարդիկ, որոնց այդպես էլ դուր չգա կամ տհաճ լինի այդ պահին բարձրախոսով հնչող ձայնը:
Երթուղային տաքսիների փոխարեն ցանկալի է նույն երթուղիներով աշխատեցնել ավտոբուսներ, որոնք կունենան կանգառն ազդարարող կոճակներ: Այդպիսով կարիք չի լինի փոխադրամիջոցի մի ծայրից մյուսը բղավելով վարորդին զգուշացնել, որպեսզի հաջորդ կանգառում կայանի: Եվրոպական ամենաթույլ զարգացած երկրներում անգամ գոյություն չունեն երթուղային տաքսիներ՝ որպես հանրային փոխադրամիջոց: Փոխարենը կան մասնավոր տաքսիներ և պետական փոխադրամիջոցներ՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ, տրամվայներ, մետրոներ, շոգեկառքեր, գնացքներ… Երևանում հարկավոր է ավելացնել մետրոյի կայարանների թիվը հատկապես Էրեբունիում, Մալաթիայում, Աջափնյակում, Նոր Նորքի զանգվածում, Զեյթունում, Ավանում: Մետրոյով երթևեկելը ոչ միայն արագ է և անվտանգ, այլև էկոլոգիապես մաքուր:
Հաջորդ հարցը վերաբերում է փոխադրամիջոցների վճարումներին: Շատ է պատահում, որ վարորդներն այդ պահին մանրադրամ չեն ունենում, կամ ուղևորը ստիպված է հերթի մեջ սպասել, մինչև որ վարորդը բոլորին վերադարձնի մանրադրամը: Մեկ-մեկ էլ ուղևորներից ոմանք, օգտվելով վարորդի զբաղված լինելուց, իջնում են իրենց անհրաժեշտ կանգառը և առանց վճարելու փախչում: Նման տգեղ երևույթներից կարելի է խուսափել, եթե գործի վճարման քարտային եղանակը: Դա նշանակում է, որ բոլոր փոխադրամիջոցների համար սահմանվում է մեկ միասնական վճարային քարտ, որը լիցքավորելով՝ որոշակի գումար ենք համալրում քարտում: Ապա փոխադրամիջոցից օգտվելիս ուղևորները քարտը մոտեցնում են վարորդի մոտ տեղակայված գործիքին, որը հատուկ ազդանշանով և քարտի տեղեկոյթի էկրանային ցուցադրությամբ գանձում է սահմանված վճարը: Բնականաբար, քարտերի միջև տարբերակումներ նույնպես պետք է լինեն՝ ուսանողական, կենսաթոշակային և սովորական քարտեր, այդ թվում՝ շաբաթական, ամսական և տարեկան լիցքավորումով՝ համապատասխանաբար տարբեր սակագներով:
Վերը հիշատակված խնդիրներին մոտիկից ծանոթանալու և ասվածի հավաստիության մեջ համոզվելու համար պետական պաշտոնյաներին առաջարկում եմ գեթ մեկ շաբաթ աշխատանքի գնալ և աշխատանքից վերադառնալ հանրային փոխադրամիջոցներով, եթե դա հնարավոր է: Միաժամանակ իմ և ինձ հետ համակարծիք հարյուր-հազարավոր քաղաքացիների անունից խնդրում եմ պատկան մարմիններին արձագանքել բարձրաձայնված մտահոգություններին և ամենասեղմ ժամկետներում լուծման ուղիներ գտնել հնչեցված խնդիրներին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել