HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայազգի երիտասարդի նկատմամբ ՌԴ իրավապահները հետախուզում են հայտարարել

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել հայազգի Կարեն Մամիկոնի Գուբասարյանի նկատմամբ: 28-ամյա Կարենին պատկանող «Մերսեդես» մակնիշի Е 963 ЕЕ 77 համարանիշի մեքենան դեկտեմբերի 13-ին Մոսկվայում՝ Բաումանսյան 57 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին՝ Յուրի Կարպովին, որը ստացած վնասվածքների հետևանքով դեպքի վայրում մահացել է: Իսկ մեքենան և վարորդը դեպքի վայրից հեռացել են՝ առանց օգնություն ցուցաբերելու:

ՌԴ ՆԳՆ-ն այդ կապակցությամբ հետախուզում է հայտարարել «Մերսեդեսի» տիրոջը՝ 1988թ.-ին Վրաստանում ծնված Կարեն Գուբասարյանին և սևահեր, 180 սմ հասակ ունեցող 20-25 տարեկան անհայտ անձի նկատմամբ: ՌԴ գլխավոր քննչական վարչություն է փոխանցվել նաև այս դեպքով հարուցված քրեական գործը՝ ՌԴ ՔՕ 264-դ հոդվածի 3-րդ մասով, այն է ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան:

Ռուսական life.ru-ին հայտնի է դարձել, որ «Մերսեդես»-ի սեփականատերը միայն վերջին 1 տարվա ընթացքում 100-ից ավելի վարչական տուգանք ունի: Նրան հիմնականում տուգանել են արագությունը գերազանցելու, մեքենան սխալ տեղում կայանելու, stop կանգառի գծի մոտ կանգ չառնելու և այլ խախտումների համար: Ընդ որում՝ տուգանքների գումարը գերազանցում է 70 հազար ռուսական ռուբլին:

Ոստիկանությունը վթարից ժամեր անց հայտաբերել է մեքենան՝ լքված դեպքի վայրից մի քանի կմ հեռու:

Իրավապահները հանգուցյալի հորն ասել են, որ խոսել են մեքենայի տիրոջ հետ, ով նշել է, որ տեղյակ չէ, թե ով է այդ պահին եղել մեքենայի ղեկին: Եվ իրավապահները հիմքեր չեն ունեցել նրան ձերբակալելու  համար: Եվ միայն մեկ շաբաթ անց է նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել, երբ արդեն Կարեն Գուբասարյանն անհետացել է, չի պատասխանել իրավապահների զանգերին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Ռուսական РЕН ТВ-ին հայտնում է, որ  Կարեն Գուբասարյանը նույն մեքենայով մասնակցել է նաև մեքենաների մրցավազքերի և նույնիսկ մրցանակային տեղեր զբաղեցրել:

Կարեն Գուբասարյանի անունը երևում է “СК Нева” ՍՊԸ-ում, որտեղ նա ներկայացված է որպես գլխավոր տնօրեն:  Ընկերությունը շինարարական գործունեություն է ծավալում:

Երիտասարդի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սովորել է իրավագիտություն Մոսկվայի տնտեսագիտության և մշակույթի ինստիտուտում: Աշխատել է Sony Pictures-ում: 

Դեպքը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում և ՌԴ լրատվամիջոցներում. մեղադրանքներ են ուղղվում նաև ՌԴ իրավապահների նկատմամբ, ովքեր առաջին իսկ օրվանից չեն ձերբակալել մեքենայի սեփականատիրոջը և թողել են, որ նա հնարավորություն ունենա թաքնվելու կամ նույնիսկ երկրից հեռանալու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter