
Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետը բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ամփոփել բոլոր այն հանձնարարականները, որոնք տրվել են կառավարության նիստերին և մինչ տարվա վերջ դրանք ավարտին հասցնել։
Ապա Կարապետյանը նախարարներին հանձնարարեց պատրաստել նյութեր՝ 2016 թվականի` հունվարին ներկայացվելիք հաշվետվության վերաբերյալ, ինչպես նաև կազմել 2017 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին վարչապետը հանձնարարեց ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ ֆիքսվում են այն բոլոր ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը։
«Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը, որը կայանալու է համայնքների բյուջեների համեմատությամբ։ Համայնքների բյուջեի, բնակչության քանակի համեմատությունը բավականին լուրջ ինֆորմացիա է տալիս, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել և դնել այն հորիզոնները, որ համայնքային բյուջեները կարող են ունենալ»։
Վարչապետի դիտարկմամբ՝ մարզպետներին, մարզպետարանների համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջե վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվեն այն անհամամասնությունները, որի հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն։
Հաջորդ հանձնարարականը ուղղված էր արտաքին գործերի նախարարությանը։ Կարապետյանի փոխանցմամբ՝ զբոսաշրջության և ավիացիայի կոմիտեները առաջարկություններ են արել վիզաների հայեցակարգի վերաբերյալ։ Գործադիր մարմնի ղեկավարը այդ գերատեսչություններին խնդրեց քննարկել այս հարցը՝ լուծում տալով, ինչպես նաև այդ առաջարկը համեմատել հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ։
Մեկնաբանել