HY RU EN

Դիանա Ղազարյան

ԼՂՀ-ում կստեղծվի ««Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն»-ի մասնաճյուղը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ««Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն» մասնաճյուղ ստեղծելու առաջարկը։

Մասնաճյուղը գործելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում։

«Ըստ էության` «Փյունիկ» հիմնադրամի ջանքերով արդեն այդ մասնաճյուղը ստեղծված և աշխատում է։ Շատ հաջող ծրագրերից մեկն է ԼՀՂ-ում։ Ունենք արդեն լուրջ հավաքածու, պարզապես ամրացնում ենք և Մատենադարանին իրավունք ենք տալիս ունենալ մասնաճյուղ ԼՂՀ-ում»,- կառավարության նիստին նշեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Ինչպես նշված է կառավարությանը ներկայացված որոշման նախագծում՝ Արցախի հոգևոր մշակույթն ու նրա պատմական ժառանգության հանրահռչակման, դրանց ուսումնասիրության խթանման նպատակով Գանձասարի վանական համալիրին կից, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի ներդրունմերի շնորհիվ վերակերտված կառույցում 2015թ. նոյեմբերի 21-ին բացվել է պատմական Հայաստանի Արցախ և այլ նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյանների, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ բնագրերի ու ընդօրինակությունների, վավերագրերի, հնատիպ գրքերի, ինչպես Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրերի ցուցադրություն։

Իրադարձային այդ նախաձեռնության շարունակականությունն ապահովելու, Արցախի հոգևոր ժառանգությունը միջազգայնացնելու համար նշվում է, որ նպատակահարմար է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գանձասար վանական համալիրին կից տարածքում ստեղծել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մասնաճուղ:

«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր բացառիկ ձեռագրեր ու հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, որոնք գրվել են Արցախում և ներկայացնում-լուսաբանում են Արցախի հոգևոր մշակույթն ու նրա պատմական ժառանգությունը»,- նշվում է որոշման նախագծում։

Լուսանկարը՝ armenpress.am-ի