
Միքայել Արամյանցի տունը ճանաչվեց բացառիկ` գերակա հանրային շահ
Կառավարությունն այսօր կայացած նիստում հավանության արժանացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ «Միքայել Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը և դրա տարածքը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու առաջարկը։
«Օտարվող գույքի արժեքի փոխհատուցումը կիրականացվի ՀՀ կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից։ Խնդրում ենք հաստատել նախագիծը և խնդրում ենք եռօրյա ժամկետ որոշ տեխնիկական հարցեր ֆինանսների նախարարության հետ քննարկելու համար»,- կառավարության նիստին հայտնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Որոշման նախագծում նշվում է, որ գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում հուշարձանը հնարավոր կլինի օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական և ճանաչողական նպատակներով, հնարավոր կլինի իրականացնել սեփականության իրավունքի արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված պատմամշակութային արժեքի նախնական տեսքի վերականգնման և նորոգման աշխատանքներ, հնարավորություն կստեղծվի լուծել դրա զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը։
Բացի այդ, որոշման նախագծում նշվում է, որ հուշարձանի օտարումը և վերականգնումը կնպաստի համայնքի կողմից մշակութային ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն կտա Ախթալայի, ինչպես նաև մոտակա համայնքների բնակչությանը լիարժեք մասնակցել մշակութային և զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը, Արամյանցի ամառանոցի շենքի գիտականորեն հիմնավորված վերականգնումը գրավիչ կդարձնի հուշարձանը, կնպաստի դեպի հուշարձան այցելությունների աճին և բնակչության զբաղվածության ապահովմանը:
Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ, մասնավորապես` վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով բարերար Միքայել Արամյանցի կողմից կառուցված շենքերը փլուզման եզրին են:
Հավելենք, որ Լոռու մարզի Ախթալա համայնքի Մ. Արամյանցի ամառանոցի շենքը 1992 թ. Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան սեփականության իրավունքով հանձնվել է Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005 թ-ին 1 մլն 200 հազար դրամով վաճառել էր ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Սերոբ Տեր-Պողոսյանի մահվանից հետո սեփականությունը տնօրինել է կինը` Մադլեն Թաշճյանը: Համաձայն կառավարություն ներկայացված տեղեկատվության՝ ներկայում ամառանոցը սեփականության իրավունքով պատկանում է «Լոզե» ՍՊԸ-ին, իսկ 2013 թվականից հիփոթեքի պայմանագրի հիմքով գրավադրված է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում։ Վերջին անգամ նախկին սեփականատերը ամառանոց է այցելել 2015 թվականին (ըստ հսկիչների տրամադրած տեղեկության):
«Օտարումից հետո սեփականատերը, ինչպես նաև հետագա տնօրինող անձինք չեն իրականացրել պահպանական միջոցառումներ, ինչի պատճառով բարերարի կողմից կառուցված ինքնատիպ շենքը խարխլվել է և հասել փլուզման վիճակի՝ վտանգելով դրա գոյությունը: Միաժամանակ, 2005 թվականից հետո սեփականատիրոջ իրականացրած շինարարական աշխատանքներից հետո աղճատվել է պատմական միջավայրը և գտնվում է անբարեկարգ և անհրապույր վիճակում»,- ասված է որոշման նախագծում:
Մեկնաբանել