HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից հեռու…

Երբ դիմացինդ բացում է շոկոլադի տուփն ու առանց մյուսներին հյուրասիրելու` սկսում է ուտել, հասկանում ես, որ Հայաստանում չես, ու նա էլ հաստատ հայ չէ...

Ավստրիացի է, գերմանացի, լիտվացի... կապ չունի, թե Եվրոպայի որ ծայրից է. հայ չէ։

Իհարկե, զարմանքդ երկար չի տևի... Եթե մտերիմ եք, տուփի կեսը դատարկելուց ու հագենալուց հետո քեզ էլ կառաջարկի...

Անտանելի անսովոր է հայկական մշակույթ կրողի համար գիտակցել, որ դիմացինդ ամենաառաջին համեղ կտորը քեզ չի հյուրասիրելու կամ քեզ կանգառում գիշերով մենակ է թողնելու, կամ էլ ձեռքի ամենամանր ցենտերը քեզ չի առաջարկելու, երբ դու խանութի հերթում կանգնած ամենաշատը դրանց կարիքն ես զգալու:

Չեմ նեղանում, իհարկե, երբ մյուսների քայլերն էլ եղանակի նման ցուրտ են լինում, չեմ տխրում, բայց անգիտակցաբար սպասում եմ. ախր Հայաստանում արևի նման տաք քայլերը տարվա բոլոր օրերին են լինում:

Երբ ուրբաթ երեկո գնում ես փաբ, պետք է ոգելիցը չափավոր օգտագործես, որ հանկարծ չհարբես, որովհետև վստահ չես, որ քեզ մենակ չեն թողնի, կամ էլ պարզապես երկու քայլ հետդ չեն քայլի մինչև ավտոբուսի կանգառը: Իսկ գարեջրի համար վճարելու մասին անգամ խոսք լինել չի կարող, կամ էլ կվճարեն, հաջորդ օրը կհիշեցնեն գումարը վերադարձնելու մասին:

Մեկ ամիս է` Լիտվայում եմ ապրում, դեռ ամիսներ էլ ունեմ` տարի լրացնելու համար: Մյուս եվրոպական երկրներում չեմ հասցրել դեռ լինել, բայց մարդկանց հանդիպել եմ: Եվրոպական կամավորական ծրագրի (EVS-ի) շնորհիվ հիմա այստեղ եմ, ամեն օրս մոտ 15 տարբեր ազգերի հետ եմ անցկացնում։

Իհարկե, անհամեմատ հեշտ է այսպես ապրել. հոգ ես տանում միայն քո մասին: Ի դեպ, ապրելու մյուս նշաններն էլ շատ հեշտ ու հաճելի են: Այստեղ օրենքները գործում են. երբեք քեզ ոտնահարված չես զգա, աշխատավարձն ավելի կլորիկ է, աշխատաժամերն էլ` քիչ: Հնարավորություններն անսահման մեծ են: «Ուիքենդդ» էլ կարող ես չափազանց էժան տոմսերով մյուս երկրներում վայելել: Հագուստն էլ որակյալ է ու զեղչերով լի, իսկ սուպերմարկետներն այնքան մեծ են. այնքան համեղ ուտելիքներ կգտնես. օրինակ` կաթնամթերքն ու հատկապես յոգուրտը շատ համեղ են:

Այդ համեղ յոգուրտներն ամեն առավոտ խոհանոցում միայնակ նստած ուտում եմ ու հաճախ մտածում` ո՞րն է ավելի համեղ` գիլասով կամ ելակով յոգուրտն ու մյուս քաղրցր ուտելիքները, թե հայկական ընկերների հավաքույթները. երբ վստահ ես, որ ընկերուհուդ պայուսակի միակ կոնֆետի մեծ կտորը հաստատ քոնն է լինելու, երբ հանգիստ կարող ես խմել, որովհետև մյուս ընկերդ էլ քեզ տուն կուղեկցի` տաքսի ծառայության գումարը վճարելով։

Ո՞րն է ավելի գայթակղիչ` ունենալ կրկնակի կամ եռակի ավելի աշխատավարձ, բայց Նոր տարվա խնջույքներին տանը միայնակ մնալ, կամ երբ գործընկերդ գործուղումից վերադառնա ու քեզ անգամ մի շոկոլադ բերած չլինի, իսկ օրվա ամենահոգնած  ժամին իր համար մեկ սուրճ պատրաստի ու շոկոլադի տուփն էլ ճռճռացնելով միայնակ վայելի:

Ու հիմա զարմանում եմ, թե ինչպես են շատ հայեր ընդմիշտ լքում հայկականն ու ապրում սառնության մեջ: Իսկապես, կարելի՞ է ամեն օր համեղ յոգուրտի տեսականի փորձելու համար լքել ջերմությունն ու գրկաբաց ընդունել սառնությունը, մոռանալ սովորություններդ, երեխայիդ հայերեն չսովորեցնել ու ամենամեծ հնարավորության դեպքում էլ ոչ թե Հայաստան այցելել, այլ մյուս շռայլ երկրներ գնալ:

Հայաստանում քո իրավունքները հավասարեցրել են զրոյի, երկրի ղեկավարներն անգամ երազում քո մասին չեն մտածում ու հոգ չեն տանում, հնարավորությունները օր-օրի են պակասում, իսկ գումարն անգամ ոչ համեղ յոգուրտի համար չի հերիքում, բայց երբ գնում ես օտար երկիր տեղավորվելու, դու ոչ թե քո երկիրն ես լքում, այլ այդ երկրի բնակիչներին...

Երբ ժամանակավոր ես հեռու լինում, շատ չես կարոտում. գիտես` մեկ ամսից կամ տարուց վերադառնալու ես ու կրկին հայկականի գիրկն ընկնես, բայց երբ ընդմիշտ ես լքում, կարծում եմ` կարոտելու հավանականությունն անհամեմատ մեծանում է: 

Հիմա ինքս էլ կարոտում եմ, դիմանալու կարոտ է, սակայն գիտեմ` վերադառնալու եմ ու չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ լքել հայկական տաքությունն ու մնալ սառնության մեջ: Ու այո՜... ինձ համար իմ հայկական հավաքույթներն ավելի համեղ են, քան այստեղ ամենահամեղ յոգուրտներն ու շոկոլադները:

Ամալի Խաչատրյան

Մեկնաբանություններ (9)

Սիրուն
Շատ ընդհանուր էր գրված: Ես չեմ կարող բոլորին ընդհանրացնել մեկ կատեգորիայի մեջ, չնայած որ արդեն գրեթե 3 տարի է բնակվում եմ «սառը» Գերմանիայում: Ես ուղղակի սահմանափակում եմ շփումս Ձեր նշած տիպի մարդկանց հետ: Իսկ ո՞վ ասաց` հայերիս մեջ այդպիսիները չկան: Քանի՞ այդ տեսակ հայի եմ հանդիպել այստեղ, բայց դա չի նշանակում ` պետք է բոլորի հետ շփվեմ միայն նրա համար, որ հայ են, ուրեմն ջերմ էլ կլինեն: Ես լիովին հասկանում եմ Ձեզ, բայց բոլորին ընդհանրացնել չենք կարող, ինչպես չենք կարող բոլոր հայերին ջերմ ու հյուրընկալ անվանել: Ես Ձեզ ուղղակի կցանկանամ, որ Ձեր կողքին ճիշտ ու լավ մարդիկ հայտնվեն այս մեկ տարվա ընթացքում:
Մերի Բունարջյան
Ես նույնպես ապրում եմ Գերմանիայում,որը համարվում է թերևս ամենասառը բնակչություն ունեցող երկիրը: Համաձայն չեմ բացարձակ Ձեր նկարագրած Եվրոպային: Հակառակը, ես գտնում եմ նրանց ավելի քան ջերմ, ընկերասեր և ցանկացած հարցում աջակցող ու քո խնդիրներով մտահոգվսղ ազգ: Ես նունպես կատարում եմ այժմ սոց. աշխատանք և ապրում եմ շաաատ տարբեւր ազգություն ունեցող մարդկանց հետ: Միասին հաճախ ճաշում ենք, ծնունդներ նշում ու անակնկալներ կազմակերպեւմ ուև մինչ օրս չեմ բախվել Ձեր նշած խնդրին: Կարծում եմ խնդիրը պետք է Ձեր մեջ տեսնել: Ցույց տվեք Ձեր մշակույթը և շնորհքը ու անպայման փոխադարձ վերաբերմոյնքը կտեսնեք: Սիրով Մերի
Ara
Մի փոքր ավելի ուշադիր ու բաց եղեք ու կտեսնեք, որ դրականնավելի շատ է... Իսկ մոտ շրջապատին, քո վերաբերմունքով կարող ես մի փոքր փոխել... Մեկը մյուսի համար վճարելը, երբ հաճախ է պատահում, կարող է և ճնշող լինել: Էլ չեմ ասում, որ հաճախ պատվասիրությունից դրդված, ֆինանսական անհարմար վիճակների մեջ կարող ես հայտնվել... Ի միջի այլոց, գիլասին հայերեն կեռաս են ասում... :)
anahit
չեմ հասկանում ինչպես կարելի է ընկերական շրզապատ ստեղծել մեկ տարվա մեջ երբ դու նույնիսկ լեզուն էլ չգիտես և առհասարակ ինչու պետք է մարդիք քեզ հավատան երբ նրանք քեզ չեն ճանաչում։ Հայաստանում դա շատ հեշտ է քանի որ հայերը ուիշների կյանքով շատ հետաքրքրված են, ամեն ինչ նրանց հետաքրքիր է և քանի որ շատերը պարապ են զբաղվում են ընկերությամբ և բամբասանքով։ մարդը հանգիստ ու դաթար չունի Հայաստանում, քանի որ եթե ընկեր էլ չունենաս հարևանդ կգրանցի քո անց ու դարձը
Քամ
Գեղեցկուհու բախտը բերել է որ Իտալիա, Իսպանիա կամ Պորտուգալիա չի մեկնել, նման դեպքում երևի կիլներ հրաշալի տոմատների, պանիրների, ձկնեղենի վերադրումը իր տեսած Չանախ կամ Թել պանրին, ութոտնուկի և լանգուստի վերադրումը փոքրիկ խեցգետնին կամ սիգին ու ամենակարևորը տաք իտալացիների վերադրումը ,,քյառթու հայերին,, ուրախ իսպանացիների գերադրումը նամռած հայրենակիցներին... Իսկ ընդհանուր առմամբ ճանապարհորդեք սիրելիներս, ճանապարհորդեք
Joe
«Իսկապես, կարելի՞ է ամեն օր համեղ յոգուրտի տեսականի փորձելու համար լքել ջերմությունն ու գրկաբաց ընդունել սառնությունը»- ինչ պրիմիտիվ մտածելակերպ ու արտահայտչաձև... Արտագաղթածներից ոչ մեկը յոգուրտի համար չէ դրսում, և այնտեղ լինելով հանդերձ` շատերը նախընտրում են պարզ յոգուրտը, առանց համային կողմնակի բազմազանության...նյութը տգիտության, չտեսության և մակերեսայնության լավագույն նմուշ է...Եթե Լիտվայում հայտնվելն է հանգեցրել նման արդյունքի, ինչեր կգրվեր, եթե նյութի հեղինակն հայտնվեր Արևմտյան Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի որևէ քաղաքում:
Անի
Կեցցես, այնքան կարոտ կար, սեր, հայրենասիրություն... ու քանի որ առաջին ամիսն է՝ կարիք ունես ինտեգրման: Հաճախ եմ գտնվում Եվրոպայում, շփվում ու այնպե՜ս եմ հասկանում քեզ: Կարոտը՝ առ քո ազգը, տունը, հայրենիքը, սովորույթները շատ խորն են ուզգայական: Բայց Եվրոպայում դու ավելի ապահով ես, գործում է օրենքը, քեզ չեն վիրավորի, նեղացնի կամ կողոպտի...: Ամիսներ անց գրիր նորից ու մենք կտեսնենք թե ինչպես ես ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին՝ մնալով հայ ու սիրելով հայի այն տեսակը՝ որ դու ես: Բարին ընդ քեզ:
Հենրի Վարդերեսյան
Մենք մեր լավը աշխատում ենք չտեսնել ու հիանում ենք ուրիշի փայլով: Այդ լավերն այնքան լավն են լինում, որ որի ջերմությունից երբեմն մոռանում ես ցուրտը: Եթե կողքից նայենք մեզ կտեսնենք, որ մենք էլ ենք մասնակից մեր «մրսելուն»:Մի փոքր ավելացնենք պահանջկոտությունը մեր նկատմամբ:
Աննա
Սիրելի Ամալի, ես տարիներ առաջ անցել եմ վերում նշածդ բոլոր քայլերով. հողեղեն ու ոգեղեն մարդու համար օտարությունը երևի նույն գույնն ունի:Ակամայից վերհիշեցի Պրահայի համով յոգուրտը, ընկերներիս չկիսած սնիկերսները և այլն... Բայց կա մի պարզ ճշմարտություն. մարդիկ այն են, ինչ տեսել են, ցույց տուր նրանց այլ բան, նրանք կսիրեն քեզ քո տեսակի մեջ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter