
60-ամյա դպրոցի աղյուսե վառարանները «պատմական նմուշ» են
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թլիկ եզդիաբնակ գյուղի դպրոցը, կարելի է ասել, իսկական հնություն է: 1956 թ. կառուցված միահարկ շինությունում այսօր էլ պահպանվել են պատերի մեջ կառուցված աղյուսե բուխարիները, որտեղ ժամանակին ածուխ են վառել:
Սենյակները հիմա տաքացվում են նավթի վառարաններով, իսկ աղյուսե վառարանները բառիս բուն իմաստով քարե հուշ են դարձել: Անցյալից հիշողություն են նաեւ ուսուցչանոցի դռան հարեւան պատի վրա գրված Մեծ Հայրենականի մասնակից թլիկցիների անունները, որոնցից մի քանիսն արդեն ջնջվել են:
60-ամյա դպրոցի շենքը բաղկացած է համեմատաբար մեծ նախասրահ-միջանցքից, որը ձմռանը նաեւ սպորտդահլիճ է ծառայում, մի քանի փոքր դասասենյակներից, ուսուցչանոցից ու տնտեսական սենյակից: Սանհանգույցը դրսում է, ֆիզկուլտուրայի պարապմունքներն էլ տաք եղանակին բակում են կազմակերպվում: Մեր այցելության օրը դաս չկար: Ուսուցիչներից Ալիկ Մստոյանն ասաց, որ դասերը չեղարկվել են ցրտի պատճառով, չնայած այդ օրը եզդիաբնակ գյուղը նշում էր Սուրբ Զատիկը՝ Այդա Էզդիտը:
94 բնակիչ ունեցող Թլիկի դպրոցում այսօր սովորում է 21 աշակերտ, բոլորն էլ այս գյուղից են ու ազգությամբ եզդի են: Փոխարենը 9 ուսուցիչներից միայն 30-ամյա Ալիկ Մստոյանն է եզդի եւ տեղացի: Մյուսները հայեր են ու գալիս են հարեւան գյուղերից: Օրինակ՝ երկարամյա տնօրեն Վահագն Մարտոյանը Արագածավան համայնքից է:
Դատարկ դպրոցում մեզ ուղեկցում է Ալիկ Մստոյանը: Նա եզդիերեն լեզու եւ գրականություն է դասավանդում արդեն մեկ տարի: Մինչ այդ եզդիերենի ուսուցիչը Թլիկի նախկին գյուղապետն էր, որն արտագաղթել է Հայաստանից: Խորհրդային տարիներին ծաղկող գյուղում այսօր ընդամենը 18 տնտեսություն է մնացել, ընդ որում՝ դրանցից 9-ը վերաբնակներ են Արմավիրի Արաքս գյուղից: Ալիկն ասում է, որ այս ուստարում նախորդի համեմատ աճ են ունեցել՝ 20 աշակերտը դարձել է 21: Եթե այս սեպտեմբերին ունեցել են 2 առաջինդասարանցի, եկող տարի կունենան 5-ը:
Դպրոցում կրթությունը 9-ամյա է, սակայն ներկայում գործում է 5 դասարան, քանի որ կոմպլեկտացիա է արվել: Օրինակ՝ 7-րդ դասարանում միայն մեկ աշակերտ է սովորում: Ալիկը ցույց է տալիս այդ դասարանի մատյանը, որտեղ մեկ տող է լրացված. ժպիտ է առաջացնում, բայց նաեւ տխուր է: Ամենամեծ դասարանը 5-րդն է, որտեղ 6 աշակերտ կա:
Շրջում ենք դասարաններով, փայտե հատակը ոտքերի տակ ճռռում է: Աչքի են զարնում հին դասասեղանները, որոնք մի քանի սերունդ են ճանապարհել: Սրանց կարելի է, թերեւս, հակադրել 2012-ի մասնակի վերանորոգման արդյունք սպիտակ եվրադռներն ու լուսամուտները, ինչպես նաեւ առաստաղը: Ալիկը, որ 2001-ին է ավարտել այս դպրոցը, ասում է, որ իրենց ժամանակ դռներն ու լուսամուտները ջարդված էին:
Ուսուցչանոցի գրապահարանն ենք նայում: Ամենանորն այս տարի հրատարակված եզդիերենի դասագրքերն են: Համայնքում ակումբ ու գրադարան կա, որոնք գյուղապետարանի հետ նույն շենքում են: Հարցնում եմ՝ երեխաները գրադարանից օգտվու՞մ են: «Իբր շատ են պարապում, մնում էր գիրք կարդային»,- ժպտում է Ալիկ Մստոյանը:
Ուսուցիչն ասում է, որ հիմնական կրթությունից հետո երեխաներն ուսումը շարունակելու միտում չունեն: Պատմում է, որ անցյալ տարի շատ խելացի մի աշակերտուհի ունեին, եւ դպրոցում ցանկանում էին, որ նա շարունակի կրթությունը, բայց ծնողները չեն թողել: Հարցնում եմ՝ դա աղջկան շուտ ամուսնացնելու ավանդույթի՞ց է գալիս, թե՞ մտածելակերպի խնդիր է: «Ավանդույթը կապ չունի, մարդու մտածելակերպից է»,- պատասխանում է Ալիկն ու շեշտում, որ մարդ՝ աղջիկ թե տղա, պիտի անպայման կրթություն ստանա, որ հետո կարողանա իրեն պահել: Ապա ավելացնում է, որ աստիճանաբար կոտրվում են հին կարծրատիպերը:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել