HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կապանի նախկին ու ներկա քաղաքապետերի բիզնեսները. Հրանտ Մարգարյանն ու Լոքյանի որդին՝ փայատերեր

«Հետք»-ը թիվ 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել է Կապանի նախկին եւ ներկա քաղաքապետեր Արտուր Աթայանի եւ Աշոտ Հայրապետյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որոնք հանձնաժողովին ներկայացվել են այս տարվա հոկտեմբերին, ՏԻՄ ընտրություններից առաջ:

Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանը հայտարարագրի «անշարժ գույք» բաժնում գրառել է 16 գույք, որոնց մակերեսները հաշվարկելու համար հաշվիչ սարք է անհրաժեշտ:

Թյուրքական անունով հայկական գյուղ՝ ընդամենը տարածք

Արտուր Աթայանը հայտարարագրել է 2 բնակելի տուն Կապան քաղաքում եւ Վարդավանք գյուղում, որոնցից առաջինի մակերեսը 599 քմ է, երկրորդինը՝ 102,9 քմ: Կապանում Աթայանը նաեւ 82,9 քմ մակերեսով բնակարան ունի: Արտուր Աթայանը հայտարարագրել է նաեւ 4 շինություն՝ Կապանում, Վարդավանքում եւ Վանեք գյուղում, 556,1 քմ ընդհանուր մակերեսով: Կապանում եւ Վարդավանքում նախկին քաղաքապետն ունի նաեւ 4 տնամերձ հողամաս՝ ավելի քան 8000 քմ ընդհանուր մակերեսով:

Լուսանկարը՝ Աթայանի ֆեյսբուքյան էջից

Գյուղատնտեսական կամ այլ նշանակության հողամասերը, որ ներկայացված են Աթայանի հայտարարագրում, նույնպես թվով 4-ն են, 4,2 հեկտար ընդհանուր մակերեսով: Հողամասերը գտնվում են Սյունիքի մարզի Վանեք եւ Վարդավանք գյուղերում: Վանեքում Արտուր Աթայանը նաեւ լողավազան ունի:

Չնայած Վարդավանքն իր ներկայիս անունով է կոչվում արդեն 10 տարի, միջնադարում այստեղ կառուցվել է հայկական եկեղեցի, գյուղում կան նաեւ 13-17-րդ դարերի հայկական գերեզմանոցներ, ինչպես նաեւ Պուտխաչ հնավայրի ավերակները, Արտուր Աթայանի ներկայացրած հայտարարագրում գյուղի անունը նշված է իր հին, թյուրքական տարբերակով՝ Գյոդաքլու:

Արտուր Աթայանը երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ 2005 թվականի արտադրության ՎԱԶ-21214 եւ 2012 թվականի արտադրության «Toyota Land Cruiser 200 4.0»: Toyota-ի շուկայական արժեքը 25 միլիոն դրամի սահմաններում է: Կապանի նախկին քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 60 միլիոն դրամ եւ 40 հազար ամերիկյան դոլար:

Աթայանին է պատկանում «Առտ-Շեյպինգ» ՍՊԸ-ի բաժնեթղթերի ողջ փաթեթը: Այս ընկերության՝ իմա՝ Աթայանի, սեփականությունն է հանդիսանում «Ֆենիքս» հյուրանոցային համալիրը: Այստեղ գործում են ռեստորան, սրճարան, հյուրանոց, լողավազան, մարզասրահ, ՍՊԱ կենտրոն եւ այլ ծառայություններ:

Կրի բիզնեսը եւ Դաշնակցությունը

Արտուր Աթայանը կրի վերամշակմամբ զբաղվող «Վայբլ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է եւ մինչեւ վերջերս եղել է ընկերության 50 տոկոսի սեփականատերն ու տնօրենը: 

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Աթայանը «Վայբլ» ընկերությունից ստացել է 4 միլիոն 984 հազար դրամի չափով աշխատավարձ, ինչպես նաեւ 105 միլիոն դրամ՝ շահաբաժնից, 52 միլիոն դրամ՝ փոխառության տեսքով, 432 հազար դրամ՝ վարձավճարից ստացված եկամուտ: Կապանի նախկին քաղաքապետը սեպտեմբեր ամսին օտարել է ընկերությունում ունեցած իր բաժնետոմսերը, գործարքից ստանալով 201 միլիոն 369 հազար դրամի չափով եկամուտ: Աթայանի բաժնետոմսերը ձեռք են բերել Երեւան քաղաքի բնակիչներ Լուսինե Առաքելյանը եւ Լիանա Սահակյանը, յուրաքանչյուրը՝ 25 տոկոսի չափով:  

2015 թվականի նույն օրը՝ սեպտեմբերի 22-ին, «Վայբլ» ՍՊԸ 25-ական տոկոս բաժնետոմսեր են ձեռք բերել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը եւ Սերգեյ Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի անկուսակցական որդին:

Լուսանկարը՝ Մարգարյանի բլոգից

Ինչպես տեղեկանում ենք ընկերության ֆինանսական աուդիտի փաստաթղթերից մեկից, «Վայբլ» ՍՊԸ-ի ակտիվները 2013 թվականին կազմել են ավելի քան 1 միլիարդ 250 միլիոն դրամ, իսկ համախառն շահույթը՝ 460 միլիոն դրամ: «Վայբլ»-ը 2010 թվականին Բնապահպանության նախարարության կողմից ստացել է Սյունիքի մարզի Կարաչիմանի ԱԿԽ-ի երեւակման լիցենզիա:

Արտուր Աթայանը մասնագիտությամբ  ֆինանսիստ-տնտեսագետ է: 1991թվականից ՀՅԴ անդամ է, կուսակցության քաղաքային և մարզային կառույցներում պատասխանատու դիրքեր է զբաղեցրել: 1995 թվականին Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու է առաջադրվել: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, եղել է պալատի Սյունիքի մասնաճյուղի խորհրդի նախագահ:

Շատ գույք, քիչ փող

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հայտարարագրել է 9 միավոր անշարժ գույք՝ երկու հողամաս Երեւանում, 3 հողամաս՝ Կապանում, ինչպես նաեւ մեկական բնակարան, շենք, բնակելի տուն եւ տարածք՝ նույնպես Կապանում:

Լուսանկարը՝ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Հայտարարագրի «եկամուտներ» բաժնում Աշոտ Հայրապետյանը գրառել է 3,4 միլիոն դրամի չափով աշխատավարձ՝ Կապանի քաղաքապետարանից: Հայրապետյանը նաեւ հայտարարագրել է 1,4 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Հայրապետյանին է պատկանում «Լեվարյուս» ՍՊԸ բաժնետոմսերի 100 տոկոսը: Այս ընկերությունը համագործակցում է «ԻնգոԱրմենիայի» հետ, հանդիսանում նրա գործակալը եւ իրականացնում է ապահովագրական գործունեություն:

Աշոտ Հայրապետյանը նաեւ դուռ-լուսամուտների արտադրություն ունի:

Կապանի քաղաքապետը մասնագիտությամբ մեքենաշինության տեխնոլոգ է: 2001-2002թթ. ղեկավարել է «Հայփոստ» ՊՓԲԸ Սյունիքի մարզային ներկայացուցչությունը: 2002թ.-ից մինչ 2012 թվականն եղել է ընկերության Կապանի փոստային մասնաճյուղի տնօրենը: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապանի քաղաքապետ, այս տարվա աշնանը՝ վերընտրվել: