Պաղաղբյուրում ավագանու անդամը կողմ է քվեարկել իրեն ֆինանսապես աջակցելու հարցին
Գայանե Սարգսյան
2016թ. երրորդ եռամսյակում Լոռու մարզպետարանի կողմից վարչական հսկողության են ենթարկվել մարզի մի քանի համայնքներ, որի արդյունքում արձանագրվել են ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու լիազորությունների խախտման դեպքեր:
Քարկոփում համայնքի ղեկավարը խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, համաձայն որի` համայնքի ղեկավարը մինչև համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը պարտավոր է կազմակերպել և անցկացնել հանրային բաց լսումներ և քննարկումներ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում:
Քարկոփում սահմանված ժամկետներում համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի նախագծերի հանրային բաց լսումներ և քննարկումներ չեն իրականացվել:
Բացթողումներ են հայնաբերվել համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող ֆինանսական փաստաթղթերում: Մասնավորապես, գործուղման տրամադրման իրավական ակտերում նշված չեն եղել գործուղման նպատակը և ժամկետները, որոշ դեպքերում թերի է պահպանվել ՀՀ կառավարության թիվ 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջը, ըստ որի` աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը, կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Առանձին դեպքերում էլչի պահպանվել վերը նշված որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը, համաձայն որի` գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ:
Համայնքի ղեկավարը թերացել է նաև կայանալիք ավագանու նիստերի մասին բնակիչներին պատշաճ կարգով իրազեկելու, ինչպես նաև համայնքի ղեկավարի անհատական ակտերի ընդունումից հետո օրենքով սահմանված երկօրյա ժամկետում դրանք ավագանու անդամներին ուղարկելու, համայնքի ավագանու նստավայրում և բոլորի համար տեսանելի վայրում դրանք փակցնելու հարցում:
Համայնքում չի պահպանվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Այն է՝ «համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որը կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ»:
Հանձնաժողովը համայնքի ղեկավարին առաջարկել է ավագանու նիստերը հրավիրել և գումարել օրենքով սահմանված ժամկետում:
Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքում ևս չի պահպանվել օրենքով սահմանված կարգով՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումների ու քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը:
Այստեղ թերություններ են հայտնաբերվել նաև ապրանքանյութական արժեքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերում:
Պաղաղբյուրում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը արձանագրել է, որ համայնքի ավագանու անդամները ոչ միշտ են մասնակցել համայնքի ավագանու նիստերին: Ավագանու անդամ Գևորգ Սիմոնյանն, օրինակ, 2013թ. չի մասնակցել ավագանու անցկացրած 13 նիստերից 11-ին, 2015թ.- ին՝ 12 նիստերից 10-ին, սակայն ավագանին չի քննարկել նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
Նշվածը հաշվի առնելով՝ հանձնաժողովը եզրահանգել է. «Վաղաժամկետ պետք է դադարեցնել ավագանու անդամ Գ. Սիմոնյանի լիազորությունները:Ավագանու նիստերին ավագանու անդամների մասնակցության վերաբերյալ աշխատակազմում պետք է վարել հաշվառում:Եռամսյակը մեկ անգամ ավագանու անդամներին անհրաժեշտ է տեղեկանք տրամադրել նախորդ նիստերից կամ քվեարկություններից իրենց բացակայության մասին: Ավագանու նիստերի արձանագրություններում համապատասխան նշումներ կատարել նիստից ավագանու անդամի բացակայության պատճառի մասին (հարգելի, անհարգել)»:
Պաղաղբյուրի ավագանին չի պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը, ըստ որի ավագանու անդամն իրավունք չունի մասնակցել այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին:

Օրենքի այս դրույթը Պաղաղբյուրի ավագանու անդամ Լևոն Շահնազարյանը խախտել է նախ 2015թ.-ի օգոստոսի 20-ին՝ կողմ քվեարկելով համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին հարցին և ստորագրել իր անունը ներառող ցուցակի տակ, այդպիսով տալով իր համաձայնությունը իրեն 20.000 դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցին:
Նույնը կրկնվել է 4 ամիս անց. դեկտեմբերի 1-ին կայացած ավագանու նիստի ընթացքում Լ. Շահնազարյանը կրկին կողմ է քվեարկել որպես անապահով բնակիչ իրեն 20.000 դրամով աջակցելու հարցին:
Պաղաղբյուրում համայնքի ղեկավարը թերի է կատարել իր պարտավորությունը մատչելի տեղերում հայտարարություն փակցնելու միջոցով ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ ավագանու նիստի ժամանակի, վայրի և օրակարգի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու հարցում: Ի դեպ, այս բացթողումը գրանցվել է նաև Կաթնաղբյուրում:
Կաթնաղբյուր համայնքում թերություններ են հայտաբերվել ֆինանսական փաստաթղթերում:
Արձակուրդային գումարների հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձի հաշվարկի ժամանակ որոշ դեպքերում չի պահպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի կետ 2-ի առաջին պարբերության պահանջը, ըստ որի «աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով»:
Արձակուրդային գումարների հաշվարկման համար միջին օրական աշխատավարձի հաշվարկի ժամանակ էլ որոշ դեպքերում չի պահպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի կետ 3-ի պահանջը, համաձայն որի «հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի…»:
Կաթնաղբյուրում չի պահպանվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները` աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից:
Հանձնաժողովը Պաղաղբյուրում ու Կաթնաղբյուրում հարկեր չվճարողների հետ տարվող բացատրական աշխատանքները ոչ բոլոր դեպքերում է համարել արդյունավետ: Ըստ հանձնաժողովի՝ թերի է պահպանվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2.2 կետի պահանջը, համաձայն որի համայնքի ղեկավարը պետք է տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառի համապատասխան միջոցներ:
Նշված երեք համայնքներում էլ չի պահպանվել «Գնումների գործընթացի կազմակերպման մասին« ՀՀ կառավարության թիվ 168-Ն որոշման 21-րդ կետի պահանջը, ըստ որի մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակում www.gnumner.am ինտերնետային կայքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել