HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Փաստաբան. «Ալեհավաքի տվյալներով` տուժողը դեպքի վայրում չի եղել»

Քթի վնասվածքի պատճառով կողոպուտի մեջ կասկածվող Համլետ Գասպարյանի գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործի նյութերով քննիչները, փաստորեն, հաստատել են, որ 23-ամյա երիտասարդը կողոպուտի փորձ է կատարել։

Հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանի կարծիքով՝ դատարանը պետք է քննի ոչ թե իր պաշտպանյալ Համլետ Գասպարյանի մեղավորության հարցը, այլ հենց հանցադեպի իրական լինելը: Նա ուսումնասիրել է գործի նյութերը և հայտնաբերել, որ հեռախոսային ընկերությունների կողմից տրամադրված տվյալների համաձայն ոչ միայն իր պաշտպանյալը, այլև տուժողն ու վկան դեպքի վայրում չեն եղել:

«Հետքն» արդեն պատմել է, որ  2016թ. սեպտեմբերի 4-ին երեկոյան ժամը 10:30-ի սահմաններում 23-ամյա Համլետ Գասպարյանն վայր էր ընկնել և վնասել քիթը։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ հաջորդ առավոտյան ժամը 9-ին ոստիկանները Համլետին, նրա մորն ու կնոջը «հրավիրել» են ոստիկանություն՝ բացատրություն տալու։ Ոստիկանները Համլետից պահանջել են խոստովանել, թե ինչի համար են կոտրել նրա քիթը, ծեծի են ենթարկել երիտասարդին, հետո հորդորել մոռանալ միջադեպն ու տուն ճանապարհել, իսկ մեկ շաբաթ հետո ներկայացել են խուզարկության, հայտարարելով, որ գտնվել է անձ, ով ճանաչել է Համլետին որպես իր պարանոցից շղթան հափշտակողի։ Խուզարկության օրը Համլետի մայրը զանգահարել է ոստիկանության 1-02 համարով, և հիմա ՀՔԾ-ն քննում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում Համլետ Գասպարյանին ծեծի ենթարկելու առթիվ հարուցված գործը։

Թամարա Բաղդասարյանը հերթով թվարկում է գործի այն հակասությունները, որոնց առկայությամբ վարույթն իրականացնող մարմինը պարզապես պետք է դադարեցներ Համլետ Գասպարյանի նկատմամբ հետապնդումը և կարճեր գործը՝ փոխարենը քննելով տուժողի և վկայի կողմից տրված ցուցմունքների արժանահավատությունը։

«Դեկտեմբերի 20-ին հայտարարվեց նախաքննության ավարտը, – ասում է հանրային պաշտպանը և նշում, որ եթե  նախաքննության ընթացքում կողմին հասանելի չէին միջնորդությամբ ստացված տեղեկությունները, որոնք կհաստատեին իր պաշտպանյալի անմեղությունը, ապա  գործի նյութերի ամբողջական փաթեթն այժմ թույլ է տալիս փաստերով հաստատել Գասպարյանի կողմից իր այլուրեքության մասին հայտնած տեղեկությունները։  Թ․Բաղդասարյանն ուշադրություն է հրավիրում գործի մի շարք հանգամանքների վրա, որոնք ըստ նրա հաստատում են, որ՝ «սույն քրեական գործի քննությունը և ընդհանրապես իրականացված քննչական գործողությունները ողջամտության սահմաններից դուրս են»:

«Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Ռայնիս և Սևակ փողոցների խաչմերուկում,- բացատրում է փաստաբանը,-ինչի վերաբերյալ տուժողը հաղորդում էր տվել դեպքից երկու օր հետո: Քանի որ խաչմերուկների վրա տեղակայված տեսաձայնագրող սարքերի տեսաձայնագրությունները պահպանվում են ընդամենը 48 ժամ, իսկ տուժողը դիմել էր միայն 48 ժամ հետո, հետևաբար անհնար էր ստանալ դրանք: Բայց մենք գործում ունենք ապացույցներ, որոնց պայմաններում մեղադրանքը հաստատված համարելը և գործը դատարան ուղարկելը կատարյալ անհեթեթություն է»:

Նախևառաջ, փաստաբանը նշում է, որ «Վիվասել  MTS»-ից ստացվել են համապատասխան վերծանումները և դրանց կից տեղեկանք, որտեղ նշված է, թե որ ալեհավաքները կարող են սպասարկել Յան Ռայնիս–Գոգոլ փողոցների խաչմերուկում եղած անձանց: Այդ ալեհավաքները տեղակայված են Ռուբինյանց, Ռուբինյանց-Սևակ, Շովրոյան 5 և Մոլդովական 1 հասցեներում։

«Իմ պաշտպանյալը մինչև այս գործողությունները հայտնել է, որ սկզբում գտնվել է Աբովյան փողոցի ՍԱՍ սուպերմարկետում,-ասում է պաշտպանը,-որտեղ լիցքավորել է հեռախոսը, այնուհետև գնացել է Նորքի 8-րդ զանգված, որից հետո գնացել է Նորքի 2-րդ զանգված, և միայն 21:30-ից հետո է եղել Զեյթունի տարածքում, ինչը հիմնավորվում է այդ վերծանումներով: Մենք ունենք վերծանումներ, որոնց համաձայն՝ 04.09.2016թ. 20:19 րոպեից մինչև 20:48 րոպեն իմ պաշտպանյալի հեռախոսը սպասարկում էր Մոլդովական 27-ի ալեհավաքը: Միևնույն ժամանակ քրեական գործում առկա է «Վիվասել MTS»-ի կողմից տրամադրված գրությունը, որտեղ հայտնվում է՝ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Յան Ռայնիսի 7-րդ շենքի հարակից տարածքը գրեթե անհնարին է, որ սպասարկվի Մոլդովական 27-ում տեղակայված կայանի կողմից»: Այստեղ ունենք նաև Մոլդովական 1-ը, որը ենթադրում եմ, որ  անձը պարզապես տեղաշարժվել է, որովհետև եթե ժամանակագրական առումով նայում ենք (20:37-ին՝ Մոլդովական 27, 20:44-ին՝ Մոլդովական 1, 20:47-ին՝ դարձյալ Մոլդովական 27), ապա այդ երեք րոպեների ընթացքում, անձը չէր կարող գնալ, հասնել Յան Ռայնիս փողոց ու հետ գալ, իսկ Մոլդովական 27-ը Նորքի 2-րդ զանգվածում է, ինչի վերաբերյալ իմ պաշտպանյալը ի սկզբանե հայտնել էր»:

Բաղդասարյանը նշում է, որ տուժողը առերեսման ժամանակ հայտնել էր, որ շատ հստակ հիշում է, թե ինչ հագուստով է եղել շղթան հափշտակողը։ 

«Տուժողն ուղղակի հստակ նշեց,- ասում է Բաղդասարյանը, - որ՝ «լավ ֆիքսել եմ դեմքը և կարիչնիվի վեռխով էիք»:

Նա ցույց է տալիս ՍԱՍ սուպերմարկետի տեսախցիկի զննության արձանագրությունը, որտեղ վարույթն իրականացնող մարմինը նշել է. «ՍԱՍ սուպերմարկետի մուտքի դռնից սրահ է մտնում մի երիտասարդ տղա՝ սև, կիսաթև վերնազգեստով, սև, սպորտային տաբատով, որի երկու կողմերում առկա են սպիտակ ուղղահայաց գծեր»:

Սակայն ըստ Բաղդասարյանի՝ հագուստի հետ կապված անհամապատասխանությունից զատ, գործում ավելի լուրջ հակասություններ կան, և դրանցից ամենաուշագրավը տուժողի հեռախոսահամարի վերծանման արդյունքն է:

«Ամենաաբսուրդն այս ամենի մեջ այն է,- ասում է Բաղդասարյանը, -որ գործով տուժողն անգամ չի գտնվել դեպքի վայրում, ի՞նչ հանցադեպի մասին է խոսքը: Զննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը նշել է՝ «2016թ. սեպտեմբերի 4-ին տուժողը մուտքային հեռախոսազանգեր է կատարել և ելքային հեռախոսազանգեր ստացել»:

Թամարան հերթով ներկայացնում է տուժողի կողմից կատարված զանգերը․ 04.09.2016թ. 20:15 կատարվել է հեռախոսազանգ, որը սպասարկվում է Բորյան փողոցի ալեհավաքի կողմից, այնուհետև 20:33 և 20:55 եղել են հեռախոսազանգեր, որոնք սպասարկվել են Գալշոյան փողոցից:  Գալշոյան փողոցը Նորքի 5-րդ զանգվածում է:  Եթե ուշադրություն դարձնենք՝ ո՛չ Բորյան, ո՛չ Գալշոյան փողոցի ալեհավաքները չեն մտնում այն ցանկի մեջ, որոնք կարող էին ինչ-որ պայմաններում սպասարկել Յան Ռայմնիս փողոցը: Այսինքն, տուժողն ինքը չի գտնվել այդ վայրում»:

Բաղդասարյանը «Հետքի» ուշադրությունը հրավիրում է նաև այն հանգամանքի վրա, որ ենթադրյալ կողոպուտի ենթարկված մարդը դադարում է հեռախոսը օգտագործել մինչև 22։00-ն։  Փաստաբանը սա տարօրինակ է համարում՝ պարզաբանելով, որ նման իրավիճակներում հայտնված մարդիկ սովորաբար փորձում են իրենց հետ պատահածը պատմել հարազատներին։

Փաստաբանը նկատում է, որ վկայի հեռախոսային վերծանումները նույն պատկերն ունեն։

Սակայն այս ամենից զատ, Բաղդասարյանը նշում է, որ վարույթն իրականացրած մարմինը պարզապես իրավունք չուներ դատավարական կարգավիճակ չունեցող անձին ներկայացնելու ճանաչման, և այս հարցը նույնպես պետք է դատարանի կողմից քննության առարկա դառնա։

Բացի այդ, հեռախոսային վերծանումները, ՍԱՍ սուպերմարկետի տեսագրությունը վկայում են այն մասին, որ Գասպարյանն ակտիվ տեղաշարժվել է քաղաքում, ինչը նշանակում է, որ վերջինս եղել է ավտոմեքենայով, և գործնականում անհնար է պատկերացնել, որ վերջինս մեքենայից նկատել է տուժողի պարանոցի շղթան, արագ կողմնորոշվել է, որ կարող է մեքենան կանգնեցնել և, տուժողին մոտենալով մեջքից, պոկել-տանել շղթան՝ այն հույսով, որ հետո պիտի հասցնի նորից նստել ավտոմեքենան ու հանգիստ հեռանալ դեպքի վայրից: Ավելին, փաստաբանը հաստատեց, որ ո՛չ տուժողը, ո՛չ էլ վկան չեն նշում, որ Գասպարյանը եղել է մեքենայով:

Համլետ Գասպարյանի մայրը՝ Գեղեցիկը, անհանգստացած է որդու ճակատագրի համար։ Նա գտնում է, որ  մեղավորը պետք է պատժվի, եթե իսկապես մեղավոր է, և պահանջում է հանգիստ թողնել իր որդուն, ով հանցանք չի կատարել, և նոր հոգսով չծանրաբեռնել բազմաթիվ տառապանքների միջով անցած իր ընտանիքը։ 

«Նույնիսկ կոմունիստների ժամանակ սենց բան գոյություն չի ունեցել,-ասում է կինը։- Առերեսման ժամանակ քրեական հետախուզության պետ Արման Հովհաննիսյանը ցինիկ ժպիտը դեմքին դուրս եկավ, նայեց երեսիս ու ասաց՝ տիկի՛ն Գեղեցիկ, ես պրծա, բայց դուք չպրծաք»։

Տեսանյութերը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter