HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարը ամփոփել է տարին

Այսօր տեղի է ունեցել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Նախարարը նշել է, որ այս ընթացքում առաջնահերթորեն վերլուծության են ենթարկվել գյուղոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հանդիպումներ են կազմակերպվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ վարկային ծրագրեր են իրականացվում` հստակեցնելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են գյուղոլորտի տարբեր ճյուղերի առաջընթացին:

Ինչպես տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Իգնատի Առաքելյանը ասուլիսի ընթացքում նշել է, որ Գյուղատնտեսության նախարարության ուղղվածությունը լինելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ մեխանիզմների ստեղծումը, որը կնպաստի ոլորտի զարգացմանը:

Պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին առնչվող հարցերի հետ կապված, նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն տնտեսվարող սուբյեկտները դեռևս պատրաստ չեն ամբողջապես ապահովել պարարտանյութերի ներքին շուկայի պահանջարկը, ուստի այս պահին առավել նպատակահարմար է միջանկյալ լուծում տալ խնդրին. կհայտարարվի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել: 

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորմանն ու վարկավորմանը վերաբերող հարցերին, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման անհրաժեշտությանը: Նախարարն ընդգծել է, որ մեխանիզացիան այսօր շատ հնամաշ է, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ խնդրին լուծում տալ` առկա ֆինանսական միջոցները կուղղվեն սուբսիդավորելու կանխավճարները կամ վարկի տոկոսադրույքները, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան բարձրակարգ մեխանիզացիա ձեռք բերել: Կա նաև մասնավոր ընկերություն, որը պատրաստ է իր վրա վերցնել  մեխանիզացիայի ներդրման համակարգի կառավարումը, և այս պահին վերջինիս հետ բանակցություններ են ընթանում:

Գյուղատնտեսության հոկտեմբեր ամսվա անկումը և նոյեմբերի աճը նախարարը բացատրել է տարվան բնորոշ բնակլիմայական պայմաններով. անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացիներն այս տարի չեն կարողացել բերքը հավաքել հոկտեմբերին, և բերքահավաքը կատարել են նոյեմբեր ամսին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ ունենանք անկում, իսկ նոյեմբերին ընդհակառակը` աճ արձանագրվի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter