Կառավարությունը ստեղծում է երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և հաստատել դրա կանոնադրությունը։ Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակում արդյունավետ և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդների առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումը և այլն։
Կառավարության որոշմամբ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի շենքը, շինությունները որպես պետության կողմից գույքային ներդրում հանձնվել են «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին։
Վերջինս պարտավոր է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հայցի հիման վրա գույքն անհատույց տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, նաև սփյուռքից, այդ թվում` «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդության հյուրընկալման համար։
Բացի դրանից՝ կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման հայեցակարգին, հաստատել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2012/2013 թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել