HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աշոտ Խուրշուդյան. «Բանկերի խոշորացումից հետո ԿԲ-ն պետք է վերաիմաստավորվի»

2014-ի տարեվերջին ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում եկող տարվա սկզբից։ Դրանով պայմանավորված՝ այս տարին առանձնացավ բանկային համակարգում միաձուլումներով և խոշորացումներով։ Արդյունքում 21  առևտրային բանկերից համակարգում կմնա 16-17-ը։   Ի՞նչ դրական ու բացասական ազդեցություն ունեցավ այս որոշումը բանկային համակարգի համար, և ի՞նչ փոփոխություններ է ենթադրում խոշորացման գործընթացը։ Այս ու այլ հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ։

- Պրն Խուրշուդյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր ՀՀ բանկային համակարգին այս խոշորացումն անհրաժեշտ։

- Երևի, բանկերի համար ևս անակնկալ էր այդ որոշումը։ Ի սկզբանե ես թերահավատ չէի, որ այն կկատարվեր։ Ճգնաժամից հետո (2008-2009թթ. հետո) որոշ բանկեր, իսկապես, մեծ վնասներ կրեցին։ Որոշ վարկեր սկսեցին չվերադարձվել՝ փոքր սպառողական վարկերից սկսած մինչև մեծ ծավալի։ Մարդիկ չէին կարողանում դրանք մարել։ Իսկ բանկը պատասխանատու է իր ավանդատուների առաջ։ Ճգնաժամը եղավ դրդիչը, որ ԿԲ-ն այդ որոշումը կայացրեց։ Ըստ իս՝ կապիտալի բարձրացումը չպետք է ԿԲ-ն պարտադրեր, այլ բանկերն իրենք կամավոր պետք է սկսեին բանակցությունները, միաձուլվեին կամ խոշորանային իրենց խնդիրները լուծելու համար։ ԿԲ-ն, փաստորեն, մեկ ընդհանուր արշին սահմանեց բոլորի համար։ Կային բանկեր, որոնք այնքան էլ չէին տուժել, նրանց վարկային պորտֆելում անհուսալի վարկերի ծավալը մեծ չէր։ Նրանք կարող էին մնալ փոքր։ Բայց քանի որ բոլորի համար մեկ արշին սահմանվեց, նրանց մի մասը ստիպված միացավ այլ բանկերի։ Դա այս որոշման առաջին բացասական կողմն է։  Ընդհանուր առմամբ, որոշման մեջ կային և՛ դրական, և՛ բացասական կողմեր։  

- Փաստորեն, գործընթացն ի շահ ավանդատուների՞ էր։

- Այս գործընթացի արդյունքում Հայաստանում ոչ մի ավանդատու չտուժեց։ Դա ամենակարևոր ձեռքբերումն է։ Բայց երկարաժամկետ հատվածում ռիսկ կար, որ եթե հանկարծ ժամկետային անհամապատասխանություն ծագեր տվյալ բանկի վարկային և ավանդային պարտավորությունների միջև, բանկը երկար ժամկետում, այո, կարող էր իր խնդիրը լուծել, բայց կարճ ժամկետում կարող էր ինչ-որ պահի խնդրի առաջ կանգնել՝ չկարողանար մարել իր ավանդները։  

- Փոխարժեքի տատանումներն ի՞նչ ազդեցություն ունեցան այս որոշման վրա։

- Կապիտալի շեմի բարձրացման մասին որոշման պատճառներից մեկն էլ հենց փոխարժեքն էր։ Երբ տարիներ առաջ դոլարի փոխարժեքը 580 դրամից հասել էր 350 դրամի, մարդիկ իրենց խնայողությունները բանկերին դրամով էին ի պահ տվել։ Ճգնաժամից հետո կտրուկ փոխեցին։ Որոշ բանկերի համար դա մեծ եկամտի աղբյուր եղավ, որոշների համար էլ՝ մեծ վնասների։ Եվ խոշորացումն ու միաձուլումներն այս համակարգում հնարավորություն տվեցին այդ տարբերությունները միավորել։ Սա դրական էր։

-Իսկ բացասակա՞ն կողմը։

- Խոշորացման այս գործընթացը նշանակում է, որ մենք մտնում ենք նոր իրականություն։ Արդեն ունենք բանկային համակարգի ավելի քիչ խաղացողներ։ Մրցակցության վրա դա կազդի. այն ինչ-որ չափով կպակասի։ ԿԲ-ն մի կողմից կարող է մտածել, որ արդեն խոշոր խաղացողներ են, հարկավոր է ավելի խիստ վերահսկել։  Մյուս կողմից էլ՝ քանի որ մրցակցությունն ինչ-որ չափով պակասել է, ավելի ազատականացնել և թույլատրել բանկերին մրցակցությունն ավելի ակտիվանցնել։ Ես կարող եմ առաջարկել մեկ տարբերակ՝ սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից հարկավոր է մանրածախ բանկային գործունեության խստացում, որպեսզի բանկերն ավելի զգոն լինեն։ Բայց միջբանկային, ֆինանսական այլ գործունեության ավելի բարդ գործիքների զարգացման առումով ավելի ազատ թողնել բանկերին։ Նույն հենց արտարժույթի շուկայում ավելի շատ թույլատրել տատանումները, քիչ միջամտել, որ բանկերն իրենք սկսեն տարբեր բարդ գործիքներ մշակել։ Այո, խոշորացումը ենթադրում է, որ շուկան պետք  է մեկ մակարդակով բարձրանա։  

- ԿԲ-ի ներկա վերահսկողությունը բանկերի նկատմամբ ճնշում կարելի՞ է համարել։

- Ավելի շուտ դա ոչ թե ճնշում է, այլ՝ մտավախություն։ Պետք է այդ մտավախությունները մի կողմ դնի ԿԲ-ն և թույլ տա, որ բանկերն ավելի շատ մրցակցեն, նոր գործիքներ զարգացնեն։ Վերաբերմունքի հարց է։ Եվ հատկապես ավելի խոշոր հաճախորդներին սկսեն նոր պայմաններ առաջարկել։ ԿԲ-ն պետք է նպաստի այդ ամենին։ Ես սա ընդամենը մեկ լուծում եմ առաջարկում։ Մենք պետք է հասկանանք, որ մտել ենք նոր իրականություն, և այս նոր իրականության մեջ Կենտրոնական բանկը՝ որպես վերահսկող, նույնպես պետք է վերաիմաստավորվի։ Անպայման։ Սա մեծ քայլ էր, և մենք պետք է տեսնենք դրա արդյունքները։

- Խոշորացման գործընթացը երկու տարի տևեց։ Հաճախորդները ո՞ևէ կերպ զգացի՞ն այդ փոփոխությունները։

- Բանկերի հաճախորդներն այս ընթացքում ոչինչ չզգացին։ Այդպես էլ պետք է լիներ։ Եվ դա հենց ճիշտ էր։ Գործընթացը սահուն գնաց։

- Իսկ գործընթացից հետո հաճախորդների համար որևէ բան կարո՞ղ է փոխվել։

- Ես թերահավատ եմ, որ բանկերի խոշորացումը կբերի նրանց ադմինիստրատիվ ծախսերի կրճատմանն, ու դա որևէ օգուտ կտա հաճախորդներին։ Եթե բանկերն անցնեն նոր մակարդակի կառավարման և կարողանան էականորեն կրճատել անիմաստ ծախսերը, կընդունեմ, որ խոշորացումը բերեց դրան։

Եվս մեկ փոփոխություն տեղի ունեցավ, որը  չի երևում այս ամենի ֆոնին։ Բավականաչափ շատ ներդրումներ Հայաստանում դարձան ներքին։ Այսինքն՝ եթե առաջ հիմնականում Ռուսաստանից ներդրումներ կային, այսօր մեր բանկերը դարձան ներդրողներ, օրինակ՝ հանքահումքային ոլորտում, էներգետիկայում։ Այսինքն՝ բանկերը դարձել են իրական հատվածի խաղացողներ։ Դա, ըստ իս, սեփականատերերի հետ է կապված։ Խոսքը շատ խոշոր գործարքների մասին է։ Բայց դա էլ նշանակում է, որ ինչպես լավ դերակատարում, այնպես էլ՝ ռիսկեր։ Դրա համար էլ  ռիսկերի նվազեցման համար բազմազան գործիքների ու մեխանիզմների զարգացում է պետք։ 

- Միաձուլումների արդյունքում չորս բանկ դադարեց գործել։ Բազմազանության առումով համակարգը որևէ բան կորցրե՞ց այստեղ։

- Խոշորացման արդյունքում բանկերի ընդհանուր կապիտալը մեծացել է։ Դիվերսիֆիկացիայի առումով մենք կորցրինք փոքր կարևոր խաղացողի՝ գերմանական «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը, որը միացավ «Ինեկոբանկ»-ին։ «Պրոկրեդիտն» ապահովում էր այդ բազմազանությունը։ Հենց այստեղ է հարցը՝  մեզ արդյոք պե՞տք չեն փոքր, բայց նվազագույն ռիսկով աշխատող բանկեր։ Ես գտնում եմ, որ պետք են։

Իսկ կարևո՞ր է գործող բանկերի քանակը։ Դա ինչ-որ բան փոխու՞մ է։

- Չկա որևէ կանոն դրա վերաբերյալ։ Այստեղ քանակն ընդհանրապես կարևոր չէ։  Ամբողջ հարցը՝ ինչպե՞ս են իրենք աշխատում։

- Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ապագայում ԿԲ-ն նորից իջեցնի նորմատիվային կապիտալի նվազագույն շեմը։

- Չգիտեմ՝ ԿԲ-ն ռիսկ կանի՞ նվազեցնել այն, որ նոր խաղացողներ գան։

- 30 մլրդ դրամի շեմով նոր խաղացողների մուտքը ՀՀ բանկային  համակարգ այս պահին հնարավո՞ր է։

- Կասկածում եմ։ Հայաստանի տնտեսության մասշտաբները հաշվի առնելով՝ այս պահին, կարծես, պետք է սահմանափակվենք եղածներով։ Չգիտեմ՝  ի՞նչ պետք է լինի, որ նոր խաղացող գա ու միանգամից 30 մլրդ դրամ կապիտալ ունենա։

Ապագայում ինչ-որ ճկունություն պետք է մտցնել այս հարցում։ Տեսնենք, թե եկող տարի դաշտում ինչ է լինելու։ Պարտադիր չէ շեմը նվազեցվի։ Շուկա նոր մուտք գործողի համար կան տարբեր իրավունքներ, բայց ավելի ճկուն մեխանիզմ է պետք, որ նոր խաղացողին հնարավություն տաս աշխատել։ Նաև ազնվություն է պետք. որ եղած բանկերը մրցակցությունը անազնիվ չհամարեն։

Կամ էլ ԿԲ-ն կարող է ընդհանրապես դաշտը փոխել։ Վարկային միավորումների, ֆինանսական խաղացողների ինստիտուտը զարգացնել որպես մրցակից այս խոշոր բանկերին։

- Ամփոփելով 2016 թվականը՝ այս  տարին բանկային համակարգի համար, կարծես, բարենպաստ էր։

- Այո, եթե 2015 թվականի վերջի դրությամբ 20 մլրդ կուտակային վնաս ունեին բանկերը, ապա այսօր 11 մլրդ դրամի շահույթ կա։ Դա՝ այս պահի դրությամբ։ Այս տարի փոխարժեքի կտրուկ տատանում չի եղել։ Դրանից կախված՝ կտրուկ շահույթներ կամ վնասներ չեն ստացել։ Պետք է, որ բոլորի համար էլ տարին բարենսպատ անցած լինի։ Բանկերը սկսել են չնշել այնպես, ինչպես մինչճգնաժամային ժամանակահատվածն էր։ 2008 թվականը նկատի ունեմ։ Ամեն ինչ ընկավ իր տեղը։ Լարված վիճակի հաղթահարման տարի էր։

Լուսանկարը՝ boon.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter