HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեծ ընտանիքում մեծանալով` ամեն ինչին ուրիշ աչքով ես նայում, մեծանում ես դժվարությունների փորձով»

Գայանե Սարգսյան

Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում բնակվող Խաչատրյանների բազմանդամ ընտանիք ոտք դնելու առաջին իսկ րոպեներից ականատես ենք լինում ակտիվ եռուզեռի: 5-րդ դասարանցի Անգելինան դաշնամուրի մոտ հերթական դասն է փորձում, նրանից փոքր երկու քույրերը՝ Աքսան ու Ադասան խաղում են միասին:

Ամենափոքրին՝ 6 ամսական Անդրեասին գրկած մեզ ընդառաջ է գալիս 9 երեխաների մայրը՝ Նարինեն: Մեզ հյուրասենյակ հրավիրող մոր գրկից  փոքրիկին վերցնելով, 16-ամյա Արմանն անցնում է կից ննջարան՝ Անդրեասի քնի ժամն է: Մյուս ննջարանում անխռով քնած է Նարինեի անդրանիկ թոռնիկը, ով 6 ամսական Անդրեասից փոքր է ընդամենը երկու ամսով:

-Դեռ երիտասարդ տարիքից եմ երազել շատ երեխա ունենալ ու համարյա թե հասել եմ նպատակիս,-ծիծաղում է Նարինեն:

 -Համարյա՞,-զարմանում եմ:

-Դե, այն ժամանակ առանց երկար-բարակ մտածելու միշտ ասում էի, որ 23 երեխա եմ ունենալու: Առայժմ 9-ը ունեմ,- ժպտում է բազմազավակ  մայրիկը:

«Մենակ ամպագորգոռ հայտարություններով չի, որ ասենք՝ մեռնեմ Հայաստանին: Մարդը պետք է ցույց տա, որ ինքն իրապես հայ է ու մտածում է իր ազգի մասին,- ասում է երեխաների հայրը՝ Արմենն ու հավելում,- երբ ծառը շատ պտուղ է տալիս, մարդիկ ուրախանում են: Երեխեքն էլ բերքի պես են, միայն ուրախանում ենք: Աշխարհում այնքա՜ն մարդ կա, երազում են, որ գոնե մի երեխա կարողանան ունենալ…»:

Նարինեն ասում է, որ առաջին երեխային ավելի դժվարությամբ է պահել, քան հաջորդներին:

«Երբ ընտանիք կազմեցինք, երկրաշարժից հետո սով ու մութ տարիներն էին, երբ ամեն ինչ հայթայթելը շատ դժվար էր: Լույս, գազ չկար, նույնիսկ հագուստ գտնելն էր դժվար, ուտելիք չկար: Միշտ ասում են՝ որ ունենանք, ո՞նց կպահենք: Եթե մտածեինք՝ ո՞նց կպահենք, սա չունենք, նա չունենք, գուցե իրոք չունենայինք: Ես ունեցել եմ, միշտ վստահելով, որ Աստված կպահի:  Ալբերտիս, որ առաջինն էր, ավելի դժվար եմ պահել, ավելի հին հագուստով, քան թե հիմա իններորդիս՝ ավելի լավ հագուստով, նորաոճ, պամպերսով ու ամեն ինչով»,- ասում է Նարինեն:

Խաչատրյանների երկու դուստրերը սովորում են Երևանում՝ պետական բժշկական և տնտեսագիտական համալսարաններում: Ավագ դուստրն առողջական խնդիրներ ունի, երկու անգամ ծանր վիրահատություն է տարել արտերկրում: Վերջին տարիներին աղջկա հաշմանդամության կարգը երկրորդից փոխել են երրորդի:

 «Ստուգումը անց են կացնում, ասում՝ չէ, երրորդ կարգի ա: Բայց ո՞նց կարա երկու անգամ վիրահատություն տարած հիվանդը սահմանափակ շարժվելով 3-րդ կարգ լինի,- ասում է մայրը։ Նա համոզված, որ դստերը լիարժեք հետազոտելու դեպքում նրան երկրորդ կարգ կտային ու վերջինս կկարողանար օգտվել անվճար սովորելու իրավունքից»:

Ասում է՝ ինքը լիարժեք անվճար ուսանող կլիներ ու ես չէի ընկնի էստեղ-էնտեղ 10 տեղ դիմում ներկայացնեմ, որ իմ երեխուն զեղչ անեն:

«Դրանք բժշկական խնդիրներ են, բժիշկներն ավելի լավ գիտեն»,- կնոջ խոսքը շտկում է ամուսինը:

 Խաչատրյանների զավակներից ավագը՝ 23-ամյա Ալբերտը, ծառայել է Հայոց բանակում, ավարտել Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի բաժինը: Մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել չի հաջողվել: Երիտասարդը չի տրտնջում, ասում է՝ մեծ ընտանիքում մեծանալով ամեն ինչի ուրիշ աչքով ես նայում, մեծանում ես դժվարությունների փորձով:

Մինչ մասնագիությամբ աշխատանք կգտնի, Ալբերտը օրավարձով բանվորություն է  անում: Բազմանդամ ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրն այսօր 63 000 դրամ ընտանեկան նպաստն է, դստեր ու վերջին երեք տարիներին հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի հոր թոշակն է:

Տարիներ շարունակ որպես արհեստավոր աշխատած Արմենն այսօր ծանր աշխատանք չի կարողանում անել: Ասում է՝ տարիներ առաջ նախագծած ու հաշվարկած սեփական տան տանիքի նորոգումն այդպես էլ չի կարողացել իրագործել: Բազմանդամ ընտանիքն այսօր ապրում է մշտական կաթոցքների տակ: Նարինեն դիմել է Լոռու մարզպետարան, Վանաձորի քաղաքապետարան, հույսով, որ հաշվի կառնեն 9 երեխա ունենալու հանգամանքն ու կաջակցեն:

«Ինձ  մի քանի տարի առաջ մի պաշտոնյա ասել էր՝ որ չէիր կարում պահես, ո՞ւր էդքանը բերեցիր: Խիստ վիրավորվեցի: Երկար ժամանակ ոչ մի տեղ չէի դիմում աջակցության համար: Ուզում էի հասկանան՝ էնպես չի, որ եկել եմ ողորմություն խնդրեմ: Ոչ թե չեմ կարում պահեմ, այլ ուզում եմ իմ՝ բազմազավակ մոր իրավունքներից օգտվեմ,- պատմում է Նարինեն,-հեռուսատեսությամբ միշտ տեսնում ենք, որ Երևանում բազմազավակներին օգնում են, միշտ ասում էի՝ ախր Լոռու մարզում,  մեր Կիրովականում բա ինչո՞ւ չեն օգնում: Ասեցի՝ էս անգամ էլ պետությանը խնդրեմ, որպես 9 երեխու տեր, որպես ամուսինս հաշմանդամ աջակցեն, բայց էլի ոնց որ երևում ա՝ մերժվեցի…»:

Կնոջը տրված պատասխանը ամուսնուն զայրացրել է: 

«Դա անհեթեթ արտահայտություն է: Օրինակի համար դա ասող մարդը ինչի գլխին նստել է տեր ու տիրեկան, հոր քրտինքիցն ա՞ վայելում: Որ նստել ա, ժողովուրդն ա, չէ՞, ստեղծել: Պետության ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր իրավունքներից օգտվի: Ու չենք գնում ասում՝ քո գրպանից ինձ պահի: Իմ պապս կռիվ ա գնացել, զոհվել, իմ երեխեքը ծառայել են էս երկրի բանակում, իմ ծնողները աշխատել են էս երկրի համար,- ասում է Արմենն ու անմիջապես էլ վրա բերում,-էլի շնորհակալ ենք պետությունից, որ գոնե նպաստը տալիս են, լավ ա,  գոնե ՉՎ(չվճարել) չեն գրում»:

Արտերկրում հաստատվելու հարազատ-բարեկամների առաջարկները 9 երեխաների հայրը մշտապես մերժել է:

Առկա խնդիրներն ու հոգսերը մատնանշելով հանդերձ, Արմենը վստահ է՝ ամենալավ տեղը աշխարհում Հայաստանն է:

«Մեր Հայաստանից լավ տեղ չկա, ով ուր ուզում է գնա: Ավելի լավ է թեկուզ մի կտոր չոր հաց ուտենք, բայց Հայաստանում։ Քո ընտանիքն ա, քո երկիրն ա: Եթե քո ընտանիքում նեղված ես, գնաս հարևանիդ ընտանիքում ապրե՞ս: Մեր ազգը դարեր շարունակ ապրել է ճնշվածության մեջ: Անկախություն ենք ձեռք բերել, ազգային բանակ ենք ձեռք բերել, երկրաշարժ ենք տարել: Մեծ ընտանիք է, քայքայվել է, հիմա նոր-նոր պետք է վերականգնվի: Ընտանիքս սա է,  ճիշտ է, դժվար է, բայց մարդը պետք է կարողանա համակերպվի, քչի մեջ գոհանա…»:

Ամանորին բազմանդամ ընտանիքը հավաքվում է մի հարկի տակ: Մի քանի օրից ծառայությունը կավարտի ու կզորացրվի նաև ընտանիքի երկրորդ զավակը: Գուցե հենց դա  է պատճառը, որ բոլորն անհամբեր սպասում են տոներին: Նարինեն ցույց է տալիս նախորդ տոներին նկարված ընտանեկան լուսանկարը՝ ընտանիքի ամբողջ կազմով:

«Մարդիկ մի երեխա են ունենում, գնում, ծաղրածու են բերում, որ տոնը հետաքրքիր դառնա: Բայց մեր երեխեքն էնքան շատ են, որ սեղանի շուրջը նստում ենք, իրանք էլ շնորհքով՝ երգող, ասմունքող, նվագող, շատ ուրախ է անցնում»,- պատմում է  Նարինեն ու հրավիրում տոները միասին նշելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter