HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ոստիկանությունը չի կարողացել բացահայտել կասկածելի տեսանյութի հեղինակներին

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 1-ին բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հ. Մկրտչյանը որոշում է կայացրել «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի եւ «ԷկոԻրավունք» ՀԿ ծրագրերի ղեկավար Արթուր Գրիգորյանի դիմում-հաղորդումների հիման վրա նախապատաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքում անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջի միջոցով, «Իմացե՛ք ճշմարտությունը հասարակական կազմակերպությունների մասին» խորագրով տեսանյութ է տարածվել, որտեղ նշվում է, որ Ինգա Զարաֆյանը եւ Արթուր Գրիգորյանը գումարներ են ստանում որոշ հանքարդյունաբերող ընկերություններից:

Զարաֆյանը եւ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, պահանջելով սուտ մատնության համար քրեական գործ հարուցել, պատրաստակամություն հայտնելով տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կնպաստի գործի քննությանը և հանցագործության բացահայտմանը:

Սակայն ոստիկանությունն անզոր է եղել բացահայտել տեսանյութի հեղինակներին: Կապիտան Մկրտչյանը, քննարկելով Զարաֆյանի եւ Գրիգորյանի դիմում-հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ «Փակագծերից դուրս» անվանումով էջում, որտեղ տեղադրված է խնդրո առարկա տեսանյութը, ներկայացված չէ անհատականացնող որեւէ տվյալ՝ էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, գործունեության հասցե եւ այլն, «ինչը հնարավորություն կընձեռեր նույնականացնել էջի օգտատիրոջը եւ կատարել անհրաժեշտ պարզաբանումներ»:

«Բացի այդ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված «Փակագծերից դուրս» անունով կազմակերպություն չի հայտնաբերվել»,-նշված է ոստիկանության գրության մեջ:

Միեւնույն ժամանակ, ոստիկանությունը Զարաֆյանի եւ Գրիգորյանի կողմից նկարագրված արարքում սուտ մատնության հատկանիշներ չի հայտնաբերել, հիմնավորելով, սակայն, որ առկա են զրպարտության հատկանիշներ, ինչը ենթակա է լուծման քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter