Մսի խոշոր վաճառակետերում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը. ՍԱՊԾ ստուգումները
Նոյեմբերի 30-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Իշխան Կարապետյանը հանդիպել էր մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծում տալու համար:
Միևնույն ժամանակ տնտեսվարողներին զգուշացվել է ՝ «ձեռնպահ մնալ առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված միսն ընդունելուց և իրացնելուց, այլապես պետական վերահսկողության շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ»:
Մենք ուսումնասիրել ենք 2014-2016թթ. Երևանի մսի վաճառակետերում ՍԱՊԾ արձանագրած խախտումները, և նկատել, որ ամեն տարի միևնույն վաճառակետերում գրանցվում են նույն խախտումները:
2016 թ.
Մոտ մեկ ամիս առաջ Panorama.am կայքը նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես են «Նոր Զովք» սուպերմարկետների ցանց միս մատակարարում՝ չպահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը: Դրան արձագանքել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ հորդորելով «խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին»:
Գումի թիվ 2 շուկայի և նրա հարակից՝ Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառակետերում արձանագրված խախտումները նոր չեն.նմանատիպ մի դեպք, ՍԱՊԾ-ն գրանցել է նաև այս տարվա օգոստոս ամսին՝ նույն տարածքում գործող թվով 24 տնտեսվարողների մոտ:
ՍԱՊԾ-ն այդ իրացման կետերին տրամադրել է օրենսդրությամբ սահմանված և իրացման կետերին ներկայացվող անասնաբուժական և անասնաբուժասանիտարականն պահանջները՝ առկա թերությունները վերացնելու համար:
Այդ նույն ժանակահատվածում անասնաբուժական և անասնաբուժասանիտարականն պահանջների խախտման դեպքեր են գրանցվել նաև Կոմիտասի շուկայի տարածքում գործող 6, «Մալաթիա թիվ 4» ՍՊԸ-ի տարածքում գործող 17 և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքում գործող 11 մսի վաճառակետերում:
2015թ.
Խախտումներ կրկնվել են նաև նախորդ տարիներին կատարաված ուսումնասիրությունների ժամանակ: 2015թ.ի ապրիլին Գումի 2 շուկայի, Խորենացի փողոցի, Կոմիտասի և Մալաթիայի շուկայի տարածքներում գործող մսի 33 վաճառակետերում կատարվել է անասնահամաճարակային մշտադիտարկում, որի ժամանակ հայտնաբերվել են մի շարք խախտումներ.
- Սառնարանի, ախտահարիչների բացակայություն,
- Սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանություն
- Սանիտարական գրքույկի բացակայություն
- Արտահագուստի բացակայություն
Բացի այդ, «Վագասար» ՍՊԸ-ին, Ա/Ձ Արմեն Ղարիբյանին, Արթուր Բադեյանին և Եղիազար Կիրակոսյանին պատկանող վաճառքի կետերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, մեկ նմուշում էլ՝ ոսկեգույն ստաֆիլակոկ:
Խախտումներն արձանագրելուց հետո ՍԱՊԾ-ն տվել է դրանք վերացնելու հանձնարարականներ, կարգադրագրեր և կասեցրել 4 կազմակերպությունների մսի վաճառքը՝ մինչև խախտումների վերացում:
Մոտ 2 շաբաթից տնտեսվարողները դիմում են ներկայացրել կարգադրերի պահանջների կատարելու վերաբերյալ:
2014թ.
Դարձյալ Գումի թիվ 2 շուկայի և Խորենացի փողոցի վաճառակետերի ստուգումների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ.
- Սանիտարահիգիենիկ պայմանների խախտում
- Սառնարանային պայմանների խախտում
- Ախտահարիչների բացակայություն
- Անվատնագությունը հավաստող անասնաբուժական փաստաթղթի բացակայություն
- Սանիտարական գրքույկների բացակայություն
- Արտահագուստի բացակայություն
Սառնարանային պայմանների խախտում և անասնաբուժասանիտարական փորձաքննության թերթիկի բացակայություն գրանցվել է նաև Կոմիտասի շուկայում:
Նմանատիպ խախտումներ եղել են նաև Երևանի «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքում.մսեղիքը վաճառվել է ոչ սառնարանային պայմաններում, ցուցափեղկերի վրա շարված: ՍԱՊԾ-ն ընդամենը հանձնարարել է տեղում դրանք տեղափոխել սառնարաններ և հետագա վաճառքը կատարել այդտեղից:
Հանձնարականներ են տրվել նաև Էրեբունի վարչական տարածքում գտնվող մսի վաճառքի կետերին.այնտեղ բավարար չէին արտադրական գույքին և աշխատողի արտահագուստին ներկայացվող պահանջները, բացակայում էին աղբահավաք փակ տարանները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել