HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը հյուր է ընդունել Հայաստանում ՌԴ դեսպանին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հյուր է ընդունել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին:

Փոխվարչապետն անդրադարձել է օրերս ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերին եւ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նշվել է, որ առաջիկայում երկկողմ աշխատանքներ կիրականացվեն հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի 2012թ. օրակարգի ձեւավորման ուղղությամբ: Նախատեսվում է, որ խմբի գործունեության օրակարգում կլինեն ինչպես տարածաշրջանների միջեւ տնտեսական, այնպես էլ հումանիտար համագործակցության խնդիրները, նաեւ` առկա իրավապայմանագրային բազայի դյուրացման հարցերը:

Զրուցակիցները հաջողված են համարել ապրիլին Երեւանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը` ընդգծելով նման ձեւաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, որը նպաստելու է երկու երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Քննարկվել են երկրորդ համաժողովի անցկացման հնարավորությունները եւ այն նախապատրաստելու հետ կապված հարցեր:

Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի մազպետարանների եւ ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու վերաբերյալ` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով: Մասնավորապես նշվել է, որ առավել մեծ ուշադրություն կդարձվի զբոսաշրջության, փոքր եւ միջին ձեռներեցության, հումանիտար ոլորտներում համագործակցության խնդիրներին:

Փոխվարչապետին տեղեկացվել է, որ միջտարածաշրջանային մակարդակով երկկողմ համագործակցության հարցերը գտնվում են «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունում համապատասխան համակարգող կենտրոնի ուշադրության ներքո, եւ անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի հետ համագործակցության հարցերով հետաքրքրվող սուբյեկտներին, ընկերություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի նյութերը հրատարակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter