
Արծվիկ Մինասյանը՝ Ամուլսարի հանքի մասին. «Ես խնդրում եմ՝ ինձ մի դրդեք անօրեն քայլերի, ես չեմ անելու դա»
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ամփոփեց 2016թ.-ը և անդրադարձավ նաև Ամուլսարի հանքավայրի շահագործմանը: Արծվիկ Մինասյանը հորդորեց ամեն ինչ տեղափոխել իրավական հարթություն, քանի որ միայն այդ դեպքում կարելի է ունենալ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետություն:
«Այն բոլոր գործընթացները, որ իրականացվել են մեր երկրում և այս պահի դրությամբ այն փորձաքննությունը, որ իրականացվել է, տրվել է դրական եզրակացություն: Բազմիցս եմ ասել, որ ես, որպես Սահմանադրությունն ընդունող, հարգող և սահմանադրությամբ շարժվող մարդ, շարժվելու եմ բացառապես օրենքի շրջանակներում: Եթե կա այլ մոտեցում, իրավական հիմնավորում՝ եզրակացությունը վերանայելու, մենք պատրաստ ենք քննարկել, բայց մյուս կողմից չի կարելի է անընդհատ խոսել մի թեմայի մասին առանց իրավական հիմքերին համապատասխան վերանայված փաթեթի, որովհետև սրա արդյունքում մենք վնասում ենք նաև այն նախաձեռնությունները, որոնք կապված են բանպահպանական ծրագրերի հետ»,- ասաց նախարարը:
Այդուհանդերձ, նախարար Մինասյանը նշեց, որ փորձաքննության այն համակարգը, որն այսօր գործում է Հայաստանում, ոչ բավարար է: Այն պետք է ուժեղացնել և հասցնել այն մակարդակի, որ հասարակության շրջանում որևէ տարակուսանք չառաջանա:
«Այսօր մենք ունենք թույլ փորձաքննության համակարգ, բայց ունենք այն, ինչ ունենք: Եթե մենք ունենայինք այնպիսի փորձաքննական համակարգ, որն ապահովեր լիարժեք ձևով բոլոր տիպի հարցերի ամբողջական պատասխանները, վստահ եմ, որ այսօր շատ հարցեր չէին հնչի»,- ասաց Ա. Մինասյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե՝ եթե փորձաքննության համակարգում բացթողումներ կան և թերություններ, արդյոք հնարավոր չէ կասեցնել Ամուլսարի նախագիծը, Արծվիկ Մինասյանը կրկին հիշեցրեց, որ դրա համար իրավական հիմք է հարկավոր:
«Ես խնդրում եմ՝ ինձ մի դրդեք անօրեն քայլերի, ես չեմ անելու դա: Ես խնդրել եմ և աջակցություն եմ ակնկալում, որ եթե կա պահանջ, խնդրանք, առաջադրանք, ես պատրաստ եմ օրենքի շրջանակներում քննարկել և ընթացք տալ: Այս պահի դրությամբ ես չունեմ այդպիսին: Երկրորդ՝ նաև իրար հետ պայմանավորվենք, երբ ես ասում եմ՝ մեր փորձաքննությունը թերի է, ես նկատի ունեմ, որ համակարգային լուծում պետք է տալ, բացարձակ կապ չունի՝ Ամուլսարն է, թե որևէ այլ ծրագիր: Մենք փորձաքննության համակարգը զարգացնելու խնդիր ունենք, որպեսզի նմանատիպ հարցերի նախ քանակը նվազի, և երկրորդ՝ համոզմունք ձևավորվի, որ այս կամ այն ծրագիրն ունի հստակ ելքային արդյունք»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով, փորձաքննությունը կարող է կասեցվել կամ չեղյալ ճանաչվել, եթե ծրագրի իրկանացման ընթացքում տեղի է ունենում շեղում նախատեսված ծրագրից:
«Այս պահի դրությամբ մենք դեռ չունենք հանքի շահագործում, դուք միանգամից պահանջում եք, որպեսզի կասեցվի կամ չեղյալ ճանաչվի: Ի՞նչ իրավական հիմքով»,- հարցով պատասխանեց Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ նախարար նշանակվելիս հայտարարել է, որ առաջնորդվելու է երեք հիմնական փաստաթղթերով՝ խմբագրված Սահմանադրությամբ, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթով և երկու քաղաքական ուժերի միջև ստորագրված հուշագրով՝ տեսնել Հայաստանն ավելի բարեկեցիկ շրջակա միջավայրի տեսակետից, ավելի բարելավված և զարգացում երաշխավորող համակարգերով:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևոր խնդիրներից մեկը բնապահպանական ամբողջական ապահովագրական համակարգ ներդնելն է: «Լիդիան-Արմենիան» դա իր նախաձեռնությամբ է իրականացնելու, իրենց հարգող կազմակերպություններն այդ առաջարկն անում են:
«Մենք ունենք այս լավ օրինակը, դեռևս կամավորականության սկզբունքով: Սակայն եթե խոսվում է էկոլոգիական քաղաքականության մասին, հիմքեր են ստեղծվում, որ հետագայում անցում կատարվի պարտադիր ապահովագրության»,- ասաց Ա. Մինասյանը:
Ըստ նախարարի՝ մրցակցային տեսակետից կարելի է դիտարկել լավագույն լուծում առաջարկող կազմակերպության մոտեցում: Այժմ դա դիտարկվում է կամավորության հենքի վրա, հետագայում քննարկվելու է պարտադիր դառնալու գաղափարը:
Մեկնաբանել