Հաստատվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և հավաստագրերի տրամադրման կարգը
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով հաստատվել է օրինապահ հարկ վճարող կարգավիճակի որոշման և հավաստագրերի տրամադրման կարգը:
Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած փաստացի գործունեության իրավաչափության վերաբերյալ Կոմիտեի պաշտոնական հավաստումն է:
Ինչպես հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում էլեկտրոնային եղանակով, որից հետո օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կստանան սահմանված չափանիշները բավարարող տնտեսվարողները, որոնց ցանկերը կհրապարակվեն հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:
ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանն, անդրադառնալով նորամուծությանը, նշել է. «Վերոհիշյալ իրավական ակտով լրացուցիչ պարտավորություններ կամ իրավունքները սահմանափակող դրույթներ հարկ վճարողների համար նախատեսված չեն, այլ ընդհակառակը` նախաձեռնությունը նպատակ ունի սահմանելու որոշակի նոր արտոնյալ պայմաններ օրինապահ հարկ վճարողների համար: Ներկա պահին բարեխիղճ տնտեսվարողների համար քննարկվում են բանկերի կողմից արտոնյալ վարկերի տրամադրման ընթացակարգերը: Նախաձեռնությունը կարևոր կլինի ինչպես հարկ վճարողների համար` շրջանառու միջոցները համալրելու նպատակով արտոնյալ պայմաններով վարկեր ներգրավելու, այնպես էլ ներդրողների համար` բիզնես գործընկերներ ընտրելու տեսանկյունից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել