HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիլյամ Սարոյանի տունը կդառնա ինտերակտիվ թանգարան

2015 թ. դեկտեմբերին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք էր բերել համաշխարհային գրականության հսկաներից մեկի՝ Վ. Սարոյանի տունը, որը հանվել էր աճուրդի: Եվ հենց այդտեղից բացվեց պատմության նոր էջը: Ինտելեկտուալ գնումից հետո Ինտելեկտուալ Ռենեսանսի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնեց «Սարոյան Հաուս»  նախագիծը և դրեց հաջորդ խնդիրը՝ գրողի տունը դարձնել տուն-թանգարան:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի շրջանակներում ձևավորված «Սարոյան Հաուս» նախագիծը գործի անցավ, գտավ ու կապ հաստատեց գրողի հարազատների, հեռու ու մոտ բարեկամների հետ: Գրողի տուն-թանգարանի նախագիծը մշակելու համար հայտարարվեց մրցույթ, որի եզրափակիչ փուլը անցկացվեց Երևանում:

Հաղթողի անունը արդեն հայտնի է՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիա: «Ստորակետ»-ը առաջարկեց ոչ թե ավանդական, այլ նորագույն տեխնոլոգիաական լուծումներով հագեցած նախագիծ: Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն ու կապրեն 114 մ2 տարածքի  վրա, որտեղ ժամանակին Սարոյանն էր ապրում ու ստեղծագործում: Սարոյանը կընդունի իր հյուրերին, կշրջի ու կխոսի նրանց հետ: Ինտերակտիվ թանգարանում կջնջվեն ժամանակի ու տարածության բոլոր սահմանները:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք է բերում բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ: Հիմնադրամը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է կազմակերպել գրողի ծննդյան 110 ամյակին՝ 2018 թ. օգոստոսի 31-ին: Մինչ այդ «Սարոյան Հաուսի» աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը: «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմը արդեն իսկ պարզել է, որ Պուլիցերյան մրցանակակրի գրական ժառանգության մի մասը գտնվում է Ստենֆորդի համալսարանում, մյուս մասը «Սարոյան» հիմնադրամին է պատկանում, որոշ մասն էլ հարազատների ու ընկերների մոտ է: Ներկայումս աշխատանքներ են տարվում այս ամենը ամբողջացնելու և մեկ վայրում հավաքագրելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքին հետևում ու օժանդակում է «Սարոյան Հաուս» խորհուրդը, որի անդամները աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայտնի սարոյանագետներ են:

«Սարոյան Հաուս» նախագծի ձևավորումից հետո հիմնվեց «Սարոյանասերների» ակումբը, և արդեն մոտ մեկ տարի է, որ Սարոյանին ճանաչողներն ու սիրողները ամիսը մեկ հավաքվում են «Սարոյանասերների» ակումբում, որտեղ վերհիշում են գրողին, ընթերցում նրա ստեղծագործությունները, անցկացնում քննարկումներ ու վերլուծություններ և պարզապես խոսում գրողի մասին: Ակումբի հանդիպումները հնարավորություն են ընձեռում ամեն անգամ նորովի տեսնելու և նորանոր մանրամասներ բացահայտելու գրողի հետ կապված միևնույն իրադարձության վերաբերյալ: Օրինակ՝ ինչ ասաց Վ. Սարոյանը, երբ 1976 թ. Հայաստանում դիտեց «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմը: Մեկը մյուսին ընդհատելով՝ ակումբի անդամները պատմում են հատկապես Սարոյանի հայաստանյան այցերի մասին, թե ուր էր գնում, ինչեր էր անում ու ինչ էր սիրում:

«Սարոյան Հաուս» նախագծի՝ տարվա ընթացքում ծավալած աշխատանքները ի մի բերելու, Սարոյանի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու հետազոտությունները հասարակությանը ներկայացնելու համար հարմար առիթ հանդիսացավ գրողի ծննդյան 108 ամյակը, որը հիմնադրամը նշեց մեծ շուքով:  Հիմնադրամը բազմաթիվ բաժիններից բաղկացած միջոցառում էր կազմակերպել, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Սարոյանի հայտնի ու անհայտ ձիրքերը. գրող, նկարիչ, երաժիշտ:

Սարոյանը «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմի կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել: Նրանք ամեն օր և ամենուր Սարոյանին են փնտրում ու նրա մասին գտած ամեն մանրուք սիրով հավաքում ու պահում՝ գրողի իրական պատկերը վերստեղծելու ու տուն-թանգարանը ամբողջականացնելու համար:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Վիլյամ Սարոյանն է բացել Կապանի կենտրոնում գտնվող Դավիթ-բեկի արձանը,որը,առանց կասկածի, Հայաստանի ամենալավ արձանն է՝ իսկական գլուխգործոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter