HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնեցիների երկամյա պայքարով ձեռք բերված հաջողությունները

Ազատ գետի համար գառնեցիների պայքարը հանրապետության 2016 թ·-ի կարեւորագույն իրադարձություններից մեկն էր: Երկամյա պայքարը հանգուցալուծվեց այս տարվա մայիսի 21-ին, երբ հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ազատ գետի փրկության համար Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած գառնեցիներին եւ հայտարարեց· «Չեղյալ է հայտարարվում «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, դադարեցվում է շինարարությունը եւ շինտեխնիկան դուրս է բերվում Ազատի կիրճից»:  

Հիշեցնենք, որ ծրագրով Ազատի գետի վրա, Գառնիի հեթանոսական տաճարի ուղղությամբ (1235.5մ նիշի վրա) նախատեսվում էր կառուցել ջրընդունիչ կառույց եւ 27.5 կմ-անոց խողովակաշար՝ մոտ 1000 լ/վրկ քանակությամբ ջուր Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան հասցնելու համար, որպեսզի ինքնահոս ոռոգման ջրով ապահովեն Արարատի մարզի 12 գյուղերին:

Այս ծրագիրն իրականացնելու հարցում հիմնական շահագրգիռ անձը համարվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը շահառու համարվող գյուղերից երկուսում՝ Նարեկում եւ Քաղցրաշենում մեծ չափերի հողատարածքներ ունի:

Ծրագիրը չեղյալ հայտարարելուց մոտ մեկ ամիս հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեն (ՋՏՊԿ) հայտարարեց Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի նոր, «փոխզիջումային» նախագծի մասին:

ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը եւ ԾԻԳ-ի նախագծային ճարտարագետ Սամվել Կարապետյանը ներկայացնում են նախագծում կատարված փոփոխությունները: «Փոզիջումային» տարբերակի համաձայն՝ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխվել է Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Մինչ այսօր դրանք ծառայում էին այդ գյուղերին պոմպակայանի միջոցով մեխանիկական եղանակով ջուր մղելու համար: Նշված գյուղերին արդեն ջուր կտրվի զուգահեռ շահագործվող Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգից:

«Նախկինում, եթե գլխամաս պետք է կառուցվեր՝ հիմա գլխամասը կառուցելու համար շինարարություն չի կատարվելու, նախկինում ջրանցքներ պիտի կառուցվեր՝ հիմա չի կառուցվելու, եղած ենթակառուցվածքները՝ տարածքում առկա շենք-շինությունները, ճանապարհները, էլեկտրական սնուցման գծերը եւ ենթակայաններն են օգտագործվելու ծրագրի համար»,- հայտնեց բնապահպանը:

Նշված փոփոխությունների արդյունքում նախագծի արժեքը նվազում է 1,6 մլն դոլարով: Ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի (ՀԲ) տրամադրած վարկը կազմում է 10 մլն դոլար, ծախսերը նվազում են ի հաշիվ կրճատվող խողովակաշարի եւ գլխամասի կառուցման շինաշխատանքների:

«Նախագծի փոփոխությունից ունենում ենք ջրի կորուստ, որը պետք է ինչ որ ձեւով փոխլրացվի եւ լրացվելու է պոմպակայաններով ջուր մղելով: Այստեղ նախատեսել ենք փոքր հզորությամբ 3 արդիական պոմպերի շահագործում, որոնցից 2-ը՝ 400 կվտ հզորությամբ, 1-ը 500 կվտ հզորությամբ: Պոմպերից 2-ը գործածվելու են խողովակաշարով ջուր մղելու համար, իսկ մեկը՝ պահեստային տարբերակ է լինելու»,- ասում է Սամվել Կարապետյանը: Վերջինս ասելով՝  այս դեպքում նախագծի արդյունավետությունն ինչ որ չափով նվազում է, որովեհետեւ եթե նախկինում խնայվելու էր 10 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, հիմա խնայվելու է 8 մլն կվտ/ժամ: Պոմպերը շահագործելու համար 2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա կծախսվի:

Ընթերցողներին հիշեցնենք, որ գառնեցիներն ու բնապահպանները կասկածի տակ էին դնում Քաղցրաշենի ծրագրի նախագծային տվյալների հիմնավորվածությունը: Գառնեցիները պնդում էին, որ Ազատ գետում բավարար ջրաքանակ չկա, որպեսզի ե՛ւ Գառնի գյուղը ոռոգման ջրով ապահովվի, ե՛ւ բնապահպանական թողքը պահպանվի գետում, ե՛ւ Ազատի ջրամբարը լցվի, եւ 980 լ/վրկ քանակությամբ ջուր խողովակով մղվի Արտաշատի տարածաշրջանի գյուղեր: Նրանց պնդումները հիմնավորվում էր մեկ տարի առաջ, նաեւ նախորդ երեք տարիներին կատարված ջրաչափումների արդյունքով:

Նախագծային փոփոխությունները կատարելուց առաջ, այս ամռանը «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի աշխատակիցներն Ազատ գետում ջրաչափումներն իրականացրել են ընդգրկելով նոր մասնագետների՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) հիդրոշինարարության, ջրային համակարգերի եւ ՀԷԿ-երի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլիկ Սարգսյանին եւ ԵՃՇՊՀ-ի հիդրոշինարարության, ջրային համակարգերի եւ ՀԷԿ-երի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Խաչատրյանին: Մասնակցել է նաեւ «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի հիդրոլոգը:

Ազատ գետը սակավաջուր է դառնում հատկապես օգոստոս ամսին, վերջին տարիներին, հատկապես այդ ամսին գետը գրեթե ցամաքում է: 2016 թ·-ը ջրառատ տարի էր եւ պատկերը փոխված էր նաեւ Ազատ գետում: Ըստ ներկայացվող արդյունքների՝ 2016 թ·-ին Ազատ գետում ջրի քիչ քանակություն է գրանցվել օգոստոս ամսին՝ 1.95 մ3/վ: «Հաշվի առնելով օգոստոս ամսին Քաղցրաշենի ջրապահանջը՝ 0,98 մ3/վ, գետի հոսքը կկազմի 0,97 մ3/վ, ինչն անգամ 0.12 մ3/վ-ով ավելին է քան Ազատ գետի համար հաշվարկված բնապահպանական թողքը (0.85 մ3/վ)»,- նշում է ջրաչափումն իրականացրած հանձնաժողովը:

 

Ջրաչափության ամսաթիվը

Չափման արդյունքները/Ազատ գետի ելքը, մ3

17.07.2016

2.59

22.07.2016

2.36

04.08.2016

1.95

18.08.2016

2.19

17.09.2016

2.58

 

Սեպտեմբեր ամսվա համար ջրի անհամեմատ մեծ քանակությունն արդյունք է այն բանի, որ Գառնիում սեպտեմբերի 1-ից ՋՕԸ-ն դադարեցրել էր ոռոգման ջրի մեխանիկական մատակարարումը, որի հաշվին գետում ջրի քանակն ավելացել է:

ԾԻԳ-ի սոցիալական հարցերի մասնագետ Մարինե Վարդանյանն ասում է, որ փոփոխված տարբերակով շրջանցել են Ազատի կիրճի հողօգտագործողներին: Պոմպակայանից ներքեւ 3 հողատեր կա, որոնց հետ համաձայնագիր ունեն՝ շինարարության ժամանակ վնասելու դեպքում փոխհատուցելու են:

Շինարարությունն այս հատվածում կսկսվի 2017թ·-ի սկզբներին:

Այսպիսով, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ»  նախագծի փոխզիջումային անվանված տարբերակով բավարարվել են գառնեցիների ներկայացրած բոլոր պահանջները, որին նրանք հասան 2 տարվա պայքարի արդյունքում:

  • Ազատի կիրճը փրկվեց ամայացումից, պահպանվեցին եղած բուսատեսակները,
  • կիրճի 5·2 կմ հատվածում սեփական հողատարածքներ ունեցողները չեն կրի այն հնարավոր պոտենցիալ վնասները, որ կարող էին լինել շինարարության հետեւանքով, չեն զրկվի իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորությունից:
  • Ազատ գետը կշարունակի հոսել բնականոն հունով:
  • Կիրճում գտնվող բնության հուշարձանները՝ «Քարե սիմֆոնիան» եւ մյուսները,  որոնք համարվում են Հայաստանի տեսարժան վայրերից, փրկվեցին շինարարության հետեւանքով կանխատեսելի ոչնչացումից:
  • ՀԲ-ի վարկային ծրագրով 2017 թ· մարտ ամսից կհիմնանորոգվի Գառնիի ներքին ջրացանցը՝ Գառնիի մայր ջրատարի 6 կմ-անոց հատվածը եւ ներտնտեսային ոռոգման համակարգերի առավել վնասված՝ ընդհանուր 3.5 կմ հատվածները:  Ըստ հաշվարկների՝ ջրի կորուստը կպակասի մոտ 35%-ով:
  • «Քաղցրաշենի ինքնահաոս ոռոգման համակարգ» նախագծին ՀԲ-ի տրամադրած 10 մլն դոլար վարկը կրճատվեց 1,6 մլն դոլարով,
  • ծրագրի արդյունքում կխնայվի 8 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա,
  • Տեղական ինքնակառավարման ընտրություներում գառնեցիները մերժեցին նախկին համայնքապետին, որը բնակչության կամքին դեմ գնալով համաձայնություն էր տվել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրականացմանը:

Գրանցված հաջողություններն, անխոս, ժողովրդի միասնականության ու համախմբվածության արդյունք են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter