12 տարի է չեն մշակվում վարելահողերը
Հրաչյա Պապինյան
Լոռու մարզի անտառամերձ գյուղերի վարելահողերը 12 տարի է, ինչ չեն մշակվում: Հայաստանում տեղի ունեցած ագրարային բարեփոխումները եւ հողի սեփականաշնորհման գործընթացը միանման կերպով են կիրառվել եւ անտառամերձ, եւ ոչ անտառամերձ գյուղերում։ Ասօր Լոռու մարզում քիչ չեն այնպիսի ագրարային տնտեսությունները, որոնք ոչ միայն մշակում են իրենց հողաբաժինը, այլեւ վարձակալել են մեծաքանակ հողաբաժիններ եւ միավորել են, ասենք, 20 հա, 50 հա, նունիսկ 100 հա հող: Այդ տնտեսությունները հասել են լավ ցուցանիշների: Այսինքն` ֆերմերը արտադրում է ոչ միայն իր կարիքների համար, այլեւ վաճառելու նպատակով։ Սակայն այս ամենը միայն այն համայնքներում, որտեղ անտառներ չկան։
Բոլորովին այլ է պատկերը մարզի Ահնիձոր, Աթան, Շամուտ, Լորուտ, Մարց, Քարինջ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Ձորագյուղ եւ այլ համայնքներում, որտեղ վերջին 12 տարում վարելահողերը չեն մշակվում։ Գյուղացիները դա բացատրում են այն հանգամանքով, որ հողերը գտնվում են լեռնային եւ նախալեռնային գոտում, եւ որ նման հողերից անիմաստ է արդյունքներ ակնկալելը։ Սակայն փաստ է, որ Խորհրդային տարիներին նույն այս գյուղերը մշակել են հողերը եւ նախալեռնային գոտուն հարմարեցված ցորենի եւ կարտոՖիլի բարձր բերք են ստացել։ Բարձր բերք են ստացել նաե խնձորի, տանձի եւ սալորի այգիներից։ Այսօր վարելահողերը վեր են ածվել խոտհարքների, իսկ այգիները մնալով անխնամ չորացել են, ծառերը կտրվել են որպես վառելափայտ: Նման իրավիճակի պատճառն անտառի առկայությունն է։ Այսպես կոչված « փայտի գործը» հանգեցրել է նրան, որ վերը նշված գյուղերի աշխատունակ ուժը, տղամարդկանց այն մասը, որը պետք է կատարի հողի աշխատանքը, հիմնականում զբաղված է փայտի կուտակմամբ։ Նրանց մի մասը օրական 5000 -8000 դրամով մասնակցում է օրինական եւ անօրինական հատումներին, մի մասն էլ՝ առավել ճարպիկները, ձեռք բերելով «տանիք»` իրենք են հատում փայտը տեղափոխում ու վաճառում հանրապետության այլ բնակավայրերում։
Ըստ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանի` «Անտառանյութի տարեկան շրջանառությունը մարզում գնահատվում է 1.5 մլրդ դրամ, եթե այդ գումարը բաժանենք մեր հանրապետությունում գործող միջին եկամտի վրա, ենթադրենք 20- 30 000-ի, դուք ինքներդ կարող եք հաշվել, թե ինչքան մարդ է այդ գործով զբաղված, բայց այս ամենը, ցավոք, ստվերում է»: «Փայտի գործ» անողների թիվը հասնում է հազարների: Եթե գյուղատնտեսության ոլորտում աշխատանքները սեզոնային են, ապա այս ոլորտում տարվա 365 օրվա շուրջ 200 օր աշախատանքային է այս մարդկանց համար։ Եկամտաբերությունն էլ անհամեմատ բարձր է։ Այսպես` հողագործությամբ զբաղվելու դեպքում միջին ընտանիքի մեկ տարվա հացի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է 1.5 տոննա հացահատիկ, որի շուկայական արժեքը կազմում է միջինը 120-150,000 դրամ։ Միջին ընտանիքի կարտոՖիլի պահանջարկը կազմում է մեկ տոննա, դրա շուկայական արժեքը աշնանամուտին կազմում է 80-100,000 դրամ։ Այսինքն` սակավահող այս գյուղերում ակնկալվում է միայն սեփական կարիքների համար արտադրել հացահատիկ եւ կարտոՖիլ, որի շուկայական արժեքը տարվա կտրվածքով չի գերազանցում 300,000 դրամը։ «Փայտի գործով» զբաղվող լոռեցու վաստակը դիտարկենք Շամլուղի եւ մոտակա գյուղերի բնակիչների մեջ կատարած մեր ուսումնասիրությամբ։ Այստեղ հատում են Լալվարի անտառտնտեսության Վրաստանի հանրապետությանը սահմանակից անտառները։ Վերավաճառող կամ մթերող կազմակերպությունը յուրաքանչյուր խմ-ի համար փայտահատներին վճարում է 5000 դրամ։ Դրա 2000 դրամը անտառապետի բաժինն է, որից գոյանում է անտառտնտեսության տնօրենի եւ ավելի վեր կանգնած մարդկանց բաժինը։ Մնացած 3000 դրամը մեկ խմ բաժանվում է փայտահատների խմբի, սղոցը աշխատացնողի եւ անտառում ամենագնաց ավտոմեքենայի վարորդի միջեւ։
Փայտահատների մեկ բրիգադը օրվա ընթացքում հատում եւ բեռնավորում է մինչեւ 20-30 խմ փայտ։ Ստացվում է, որ 60-90 հազար դրամը բաժանվում է փայտահատների միջեւ։ Փայտահատը մեկ օրում վաստակում է, ինչպես արդեն նշեցինք, 5000-8000 դրամ։ Այս մարդիկ տարվա ընթացքում անտառում աշխատում են 200 օր։ Մեկ փայտահատը տարեկան վաստակում է մոտ 1,000,000-1,600,000 դրամ։ Իսկ հողագործությամբ զբաղվող գյուղացին լավագույն դեպքում տարվա ընթացքում ապրանքի տեսքով կարող է ստանալ 300,000 դրամ: Լոռու մարզի անտառամերձ գյուղերի վարելահողերի չմշակման պատճառը հիմնականում սա է: Այս փայտահատներից շատերը ցավում են իրենց կատարած ավերածությունների համար, սակայն ունեն պատճառաբանություն. «Ես չանեմ, ուրիշն է անելու»: Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշալույս Աղաջանյանը վարելահողերը չմշակելու պատճառը համարում է այն, որ սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսական տեխնիկան վաճառվել է եւ գյուղից դուրս է տարվել։
Սակայն հարեւան Դեբեդ գյուղի գյուղապետ Ֆելիքս Պապինյանը գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի եւ դուրս բերման պատճառը համարում է այն, որ «փայտի տենդը» սկսվելուց հետո այս տեխնիկան անգործության է մատնվել, ինչի հետեւանքով մեխանիզատորները վաճառել են այն։ Ֆ. Պապինյանի կարծիքով գյուղացիների այն մասը, որ մշտապես անտառահատման աշխատանքներով չի զբաղված, միշտ էլ հնարավորություն ունի անտառից մեկ-երկու մեքենա փայտ տանելու եւ հացահատիկի ու կարտոՖիլի հետ փոխանակելու։ Այդ պատճառով էլ ոչ ոք հող մշակելու ցանկություն չունի, քանի դեռ մոտակա անտառում կանգուն է գոնե մեկ ծառ։
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ունեցած վիճակագրական տվյալների համաձայն` թեպետ «փայտի տենդը» լուծում է գյուղացիների տնտեսական խնդիրները, սակայն իր հետ բերում է լուրջ սոցիալական եւ առողջապահական խնդիրներ։
«Այս գյուղերում չափից շատ են անդամալույծները, որն արդյունք է անտառում ստացված տարաբնույթ տրավմաների»,- նշում է վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը:
Անտառամերձ գյուղերի բնակչության հող չմշակելու արդյունքում անապատացման են ենթարկվում ոչ միայն նրանց գործունեության արդյունքում հատված նախկին անտառների տեղը, այլեւ վարելահողերը։ Չմշակվող հողերում սկսվում են հողի կառուցվածքային փոփոխություններ, որը վերականգնելու համար անհրաժեշտ են բազում տարիներ եւ հսկայական միջոցներ։ Մի օր վերջանալու են Հայաստանի անտառները, ինչպես եղավ Վանաձորի մերձակա լեռնալանջերին։ Ինչո՞վ եւ ինչպե՞ս են գոյատեւելու այս գյուղացիները։ Որտեղից են ճարելու անհրաժեշտ միջոցները հողը վերականգնելու համար։
«Պատասխանատվությունը եկեք չփորձենք միայն գյուղացու վրա դնել։ Գյուղացին, ինչպես որ ամեն մի սովորական մարդ, իր ընտանիքի կարիքներն է հոգում: Հիմա նրան եթե ընձեռվում է այսպիսի հնարավորություն, կամա թե ակամա դա ոչ թե առավելություն է ավելի շուտ նրա եւ բնության, մեր հետագայի դժբախտությունն է , մարդ-բնության եւ մեր իրականության հակասությունը, խնդիրը պետական վերահսկողության, գյուղացուն պետական աջակցության ծրագրերի եւ բնապահպանական կազմակերպությունների անգործության հակասության մեջ է»,- ասում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել