Կապարը քայքայում է օրգանիզմը
2001թ.-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Շրջակա միջավայրի գիտակառավարման կենտրոնի կատարած հետազոտությունների համաձայն` կապարի պարունակությունը հողում հասել էր մինչեւ 240 մլգ/կլգ-ի մեջ: Երեւանի համար սա միջին թիվ էր, քանի որ որոշ թաղամասերում, օրինակ 3-րդ մասում, որտեղ կապարի պարունակությունը տատանվում էր մինչեւ 1000մլգ/կլգ-ի մեջ:
Հողում կապարը հասնում է մինչեւ 265մլգ, այսինքն նորմայից 10 անգամ բարձր է: Որոշ բակերում այն հասնում է 400մլգ-ի: Ի դեպ` 30-40լ ոչ էթիլացված, այսինքն կապարով հարստացված, բենզին է պետք թափել մի փոքր հողակտորի վրա, որպեսզի նման ցուցանիշ լինի: Ըստ կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Չառլզ Դանլեփի` Հայաստանում ջրում կապարի պարունակությունը չի գերազանցում նորման. օդը բավականին մաքուր է, իսկ սննունդն էլ դեռ լավ հետազոտված չէ:
Կապարի տարածման աղբյուրներ կարող են հանդիսանալ գործարանային թափոնները, անորակ բենզինը, հանքերը, մեքենաների հին մարտկոցները:
Բենզինը մշակման ընթացքում հարստացնում են կապարով, քանի որ այն նպաստում է մարտկոցի լավ աշխատանքին: 70-80-ական թթ. այդ խնդիրը սկսվեց շոշոփվել ամբողջ աշխարհում: Եվ քանի որ կապարը այն ծանր մետաղներից է, որը լուրջ հետեւանքներ է ունենում մարդու, բնական միջավայրի, կենդանական աշխարհի վրա ու դժվարությամբ է ախտահանվում, որոշվեց կանգնեցնել բենզինի` կապարով հաստացման գործընթացը: Հայաստանի կառավարությունը 2000թ. որոշում կայացրեց Հայաստան ներմուծել միայն կապար չպարունակող բենզին: Արդյունքում կապարի պարունակությունը բնական միջավայրում նվազեց 3 անգամ: Որակի տեսչության բաժնի պետ Է. Սաֆարյանը նշեց, որ բենզնի մեջ կապարի պարունակությունը չպետք է գերազանցի 0.0013 %-ը: «Չափը գերազանցելու խախտումներ մինչեւ այսօր չի եղել, բացի այդ կապարի պարունակությունը ստուգվում է ամեն ներմուծման ժամանակ»,- ասում է Է. Սաֆարյանը:
Հայաստանում գործող հանքեր կան Ախթալայում, Քաջարանում, Ղափանում: Դրանք հիմնականում բազմամետաղային են: Կապարը այլ մետաղներից ամբողջովին մաքրել հնարավոր չէ։ Բացի այդ, հանքահանման ժամանակ ոչ պիտանի մետաղները թափում են մի տեղ, որտեղից դրանց մեջ կուտակված կապարը անցնում է բնական միջավայր։
Ամենաշատը կապարը կիրառվում է մեքենաների մարտկոցների արտադրության մեջ։ Հետագայում ոչ պիտանի մարտկոցները հայտնվում են աղբանոցում, այդ ճանապարհով էլ մարտկոցի մեջ եղած կապարն անցնում է հողի եւ ջրի մեջ։ Որոշ դեպքերում օգտագործված մարտկոցներից մնացած կապարը նորից ձուլվում եւ մշակվում է: «Եթե մարտկոցը հին է ու էլ չի կարելի օգտագործել, աղբաման են նետում։ Կան մարդիկ 200 դրամով առնում են մեջի կապարը, հետո հալում ու ավելի թանկ գնով վերավաճառում են»,- ասում է Նար-Դոս փողոցի վրա մարտկոցներ վաճառողը։
Հայաստանում կան կետեր, որոնք կապարը վերաձուլում, հալում եւ վերավաճառում են արտասահմանյան կամ տեղական ձեռնարկություններին։ Դրանք որեւէ մեկի կողմից չեն վերահսկվում։ Մինչդեռ կապարի վերամշակումը ուղեկցվում է թունավոր արտանետումներով, որը վերջին հաշվով անցնում են բնական միջավայր։ էներգետիկ ճգնաժամի տարիներին մարդիկ սկսեցին համատարծ օգտագործել մարտկոցներ:
Դրանք հետո հայտնվել են աղբանոցում։ «Հայաստանում հողը աղտոտված է, բայց եթե վերցնենք Սովետական Միության եւ ԱՄՆ-ի նորմաները, մեր նորմաները շատ ցածր են եւ մոտիկ բնական ֆոնին։ Երեւանի կենտրոնում աղտոտվածությունը կապված է տրանսպորտի հետ։ Աղտոտվածություն կա նաեւ Բյուրեղավանում, Շենգավիթի եւ էրեբունու շրջանում, Արտաշատում ու Հոկտեմբերյանում»,- ասում է Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների ինստիտուտի թունաբանության լաբարատորիայի բաժնի վարիչ էմիլ Բաբայանը։
Կապարը մնում է հողի մակերեսին: Գոյություն ունեն մի շարք մեթոդներ այդ հողաշերտերը ախտահանելու համար: Հայաստանի համար բարդ տեխնոլոգիաներ չպահանջող եւ համեմատաբար էժան մեթոդներից են` հողի այդ հատվածը մի ուրիշ շերտով ծածկելը կամ պարզապես այն այլ հողով փոխարինելը: Ընդ որում հողի նոր շերտ կարելի է ստեղծել` աղտոտված հողի վրա օրգանական նյութեր պարունակող (օր. թառամած ծաղիկ կամ ձու) աղբ լցնելով: «Արտասահմանում կապարով հարուստ հողի մի մասը պարզապես մեկուսացվում է փայտե ցանկապատով, ուր եւ լցվում է այդ աղբը: Հայաստանում դա տարածված մեթոդ չէ: Հիմնականում աղբը այրում են, ու դրա վրա մեծ գումարներ են ծախսում: Իսկ եթե այդ գումարի մի մասը ծախսվեր նման գործընթացի վրա, ապա ավելի հարմար ու արդյունավետ կլիներ»,- ավելացրեց Չ. Դանլեփը:
Կապարը թունավոր է եւ վտանգավոր նրանով, որ անցնելով օրգանիզմ չի քայքայվում, այլ կուտակվում է։ Այն կարող է ժամանակ առ ժամանակ դուրս շպրտվել արյան մեջ ու առաջ բերել կապարային հիվանդություններ։ Կապարը առաջին հերթին ազդում է սիրտանոթային եւ նյարդային համակարգի, ինչպես նաեւ լյարդի ու երիկամների վրա։ Այն շատ ուժեղ գենետիկ թույն է ու ազդում է սեռական հորմոնների վրա։ Կապարը ամենաշատն ազդում է մինչեւ 4 տարեկան երեխաների վրա։ Նրանց մոտ խաթարվում է մտավոր զարգացումը, առաջ է գալիս ագրեսիվություն, թերզարգացվածություն, լսողության նվազում։ «Եթե կապարը մտավ օրգանիզմ այն համարյա ամբողջովին չի արտահանվում։ Այն կուտակվելով ոսկրերում, լյարդում՝ առաջացնում է թունավորում»,- ասում է էմիլ Բաբայանը։
Ընդունված է, որ մինչեւ 4 տարեկան երեխաների արյան մեջ 10մկգ կապարի պարունակությունը 100մլ մեջ թույլատրելի է եւ անվնաս։ 10-20մկգ ցուցանիշը ցույց է տալիս, որ երեխան արդեն ենթարկվել է կապարի ազդեցությանը, սակայն թունավորման տեսակետից դեռ վտանգավոր չէ։ 20մկգ ավել պարունակությունը նշանակում է, որ լուրջ վտանգ կա, իսկ 40մկգ խոսում է թունավորվածության մասին։ Մեծահասակների մոտ 20մկգ 100մլ մեջ համարվում է նորմալ եւ անվնաս։ 60մկգ 100մլ մեջ արդեն թունավորում է։
Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների ինստիտուտը 1997թ.-ին ավարտեց մարդկանց արյան մեջ կապարի պարունակությունը որոշող հետազոտությունը։ Պարզվեց, որ Բյուրեղավանի գործարանի բանվորների մոտ (հետազոտվեց 180 մարդ) 5- դեպքում կա լուրջ թունավորում՝ 80մկգ= 100մլ մեջ։ 60մկգ ավել 11 հոգու մոտ, ավելի շատ մարդկանց մոտ հանդիպում էր 20-40մկգ ցուցանիշը եւ ոչինչ չհայտնաբերվեց 40-50% մոտ։ Հետազոտված երեխաների 40% մոտ գրանցվել է 20մկգ ավել ցուցանիշ։ Երեւանում հետազոտվել է 280 երեխա, որոցից 70-ի մոտ հայտնաբերվել է 10-17մկգ։ Դա առաջ է բերում մտավոր ունակությունների անկում։
Կապարի վերաձուլման պրոցեսն ուղեկցվում է թունավոր արտանետումներով եւ այդ ժամանակ արդյունաբերության ձեռնարկություներում աշխատող մարդկանց մոտ առաջ են գալիս մասնագիտական թունավորումներ։ Հիմա կան մանր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք դուրս են վերահսկողությունից։ Նախկինում պարտադիր կերպով բոլոր բանվորները, որոնք աշխատում էին վնասակար արդյունաբերության մեջ, պարտադիր անցնում էին բժշկական քննություն։ Այժմ ոչ մի ձեռնարկատեր չի ուզում վճարել իր աշխատողի բժշկական քննության համար։
Բնական միջավայրի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Բնապահպանության նախարարությունը։ Բնության մեջ կապարի պարունակությունը որոշելու համար պետք է ե՛ւ մասնագետ մարդիկ, ե՛ւ սարքավորումներ։ Դրանք բացակայում են եւ այդ պատճառով էկոլոգիական վերահսկողության շրջանակները նեղացել են։ «Առայժմ այդ հարցով զբաղվելու համար մենք չունենք ո՛չ ֆինանսական, ո՛չ մարդկային ռեսուրսներ։ Նախատեսվում է հողերի աղտոտվածությամբ զբաղվել մյուս տարի եւ ամենայն հավանականությամբ դա կարվի Բնապահպանական նախարարության հետ համատեղ»,- ասում է Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնի տնօրեն Խաժակ Կարայանը։
«Մենք մտադիր ենք այդ լուրջ խնդրի հանդեպ հետեւողական լինել ու հատուկ գույնի աղբարկղներ ստեղծել հին մարտկոցների համար»,- ասաց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շրջակա միջավայրի գիտակառավարման կենտրոնի տնօրեն Չ. Դանլեփը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել