Կադրային փոփոխություններ Վանաձորի քաղաքապետարանում
Գայանե Սարգսյան
Հոկտեմբերի 9-ից՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդմնակալությունից և համայնքապետի պաշտոնն ստանձնելուց հետո, Վանաձորի քաղաքապետարանում շատ բան է փոխվել: Պաշտոններից հեռացել են մի շարք բաժինների պետեր, բաժինների պետերի տեղակալներ, աշխատակիցներ: Նրանց փոխարեն Վանաձորի քաղաքապետարանում հայտնվել են նոր դեմքեր: Կատարված փոփոխությունների մասին Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ընտրություններից ավելի քան երկու ամիս անց էլ դեռևս ամփոփ տեղեկատվություն չկա:
Հոկտեմբերի 9-ից հետո քաղաքապետարանում տեղ գտած կադրային տեղաշարժերի մասին տեղեկանալու համար նոյեմբերի 22-ին գրավոր հարցմամբ դիմել էինք Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն աշխատանքից ազատվածների, աշխատանքի ընդունվածների ու ներկայումս թափուր աշխատատեղերի մասին:
Վանաձորի քաղաքապետին խնդրել էինք նաև տեղեկատվություն տրամադրել, թե ինչո՞ւ վերը նշվածի հետ կապված որևէ ամփոփ տեղեկատվություն չկա Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Նոյեմբերի 29-ին պատասխանով մեր հարցմանը, քաղաքապետը տեղեկացրել էր՝ նպատակ ունենալով ապահովել լիարժեք տեղեկատվությամբ, որը լրացուցիչ աշխատանք է պահանջում, անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրվի մինչ դեկտեմբերի 20-ը:
Այսինքն, մեկուկես ամսվա շարժի մասին տեղեկատվության տրամադրման համար քաղաքապետարանին անհրաժեշտ էր ամբողջ մեկ ամիս:
Հարցման պատասխանն ստացանք քաղաքապետի նշած ժամկետից մի քանի օր հետո: Պատասխանում ընդհանրական ձևով ներկայացվել էին մինչ դեկտեմբերի 12-ը կատարված կադրային փոփոխությունները: Ըստ այդմ, դեկտեմբերի 12-ի դրությամբ թափուր են Վանաձորի քաղաքապետարանի թվով 12 բաժիններից 4-ի՝ կոմունալ տնտեսության ու բարեկարգման, գույքի կառավարման ու եկամուտների հավաքագրման, առևտրի սպասարկման և տրանսպորտը համակարգող, համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժինների պետերի պաշտոնները:
Ի դեպ, քաղաքապետի փոփոխությունից հետո քաղաքապետարանի թվով 12 բաժինների պետերից իրենց պաշտոնը պահպանել և շարունակում են պաշտոնավարել 5-ը: Թվով 7 բաժինների պետեր հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին: Նրանց փոխարեն նոր բաժնի պետեր են նշանակվել 3-ում. քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ է նշանակվել Սուրեն Աբովյանը, ֆինանսական բաժնի պետ՝ մինչ այժմ բաժնի պետի տեղակալ աշխատող Ավագ Ավագյանը, իրավաբանական բաժնի պետ՝ Արևհատ Հովհաննիսյանը:
Թափուր են մնացել գույքի կառավարման, եկամուտների հավաքագրման և առևտրի ու սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժինների պետերի տեղակալների, ինչպես նաև ճարտարապետության ու քաղաքաշինության բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնները:
Քաղաքապետարանից ստացված գրության համաձայն հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակատվածում ազատվել և կրկին զբաղեցվել են մի շարք պաշտոններ, այդ թվում ֆինանսական, համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինների պետերի տեղակալների պաշտոնները: Այս ու էլի մի շարք նշանակումների մասին համայնքի պաշտոնական կայքը, սակայն, դեռևս լռում է:
Հաշվետու ժամանակահատվածում առաջատար, առաջին, երկրորդ կարգի մասնագետների նշանակումներ են եղել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, ծրագրերի և արտաքին հարաբերությունների, գույքի կառավարման ու եկամուտների հավաքագրման, մշակույթի և կրթության բաժիններում: Հայեցողական պաշտոններում նշանակվել են համայնքի ղեկավարի տեղակալն ու մեկ խորհրդական:
Վանաձորի քաղաքապետի վերջին ու թերևս ամենից բուռն արձագանքների արժանացած նշանակումը երեկ էր, ինչի մասին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել էր հանրությանը ու հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչներին ֆեյսբուքյան էջում կատարված գրառման միջոցով:
«Այսօրվանից Դինարա Մխոյանը ստանձնում է իմ մամլո խոսնակի պարտականությւնները»,- նշել էր քաղաքապետը: Չնայած նրան, որ նոր նշանակման մասին մասին լուրը երկու օր է, շրջանառվում է սոցցանցերում, պաշտոնական կայքում տեղեկատվությունը դեռևս տեղ չի գտել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել