HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Սոցիալական տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է

Ի՞նչ բնույթի տեղեկատվություն են տալիս քաղաքացիներին սոցիալական ոլորտի պատասխանատուները: Ի՞նչպես են մարդիկ տեղեկանում ոլորտում կատարվող փոփոխությունների մասին: ՀՀ սոցապ նախարարությունում գործում է հասարակայնության հետ կապերի բաժին, որի հիմնական գործառույթը հանրության իրազեկումն է: 

«Մենք տպագրում ենք բրոշյուրներ, տեղեկատվական գրքույկներ, որոնք իրազեկում են ոլորտում կատարվող փոփոխությունների մասին: Մեր հեռախոսը նաեւ «տաք գիծ» է, եւ օրական միջինը 30-40 զանգ ստանում ենք քաղաքացիներից: Բացի այդ, նախարարությունն ունի ընդունարան, որտեղ քաղաքացիներն իրենց դիմում-բողոքներն են ներկայացնում: Անցյալ ամիս, օրինակ, մոտ 1600 քաղաքացի է դիմել»,- մեր զրույցի ժամանակ նշեց ՀՀ սոցապ նախարարության լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Խաչատրյանը: 

ՀՀ սոցապ նախարարությունը տպագրել է հետեւյալ գրքույկները` «Խորհուրդ է տալիս սոցիալական աշխատողը» (5000 օրինակ), «Անհատական ծածկագրերի վերաբերյալ» (150.000 օրինակ) տեղեկատվական նյութերի փաթեթը, «Հաշմանդամների եւ տարեցների իրավունքների վերաբերյալ» (5000 օրինակ), «Աղքատության ընտանեկան նպաստը» (2000 օրինակ), որոնք անվճար բաժանվում են հանրապետության մարզերում եւ Երեւանում: Նախարարությունում ցուցատախտակին փակցված են սոցիալական ապահովության քարտ ստանալու հայտը լրացնելու կանոնների, աղքատության ընտանեկան նպաաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգում կատարված փոփոխությունների մասին ծանուցող ուղեցույցներ եւ 2002թ. տպագրված «Հաշմանդամների եւ տարեցների իրավունքների վերաբերյալ» տեղեկատվական մի գրքույկ: Նկատենք, սակայն, որ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները ներառված չեն գրքույկում: Օրինակ, եթե նախկին կարգի համաձայն մինչեւ 16 տարեկան երեխաներին էին տալիս «հաշմանդամ երեխա» կարգավիճակը, ապա այժմ` մինչեւ 18 տարեկաններին: 

Տիկին Խաչատրյանից տեղեկացանք նաեւ, որ սոցապ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հանրային հեռուստատեսության հետ եւ առանձին հաղորդաշարով մանրամասն պարզաբանումներ են տալիս սոցիալական ոլորտում իրականացվող քաղաքականության մասին: Օրենսդրական փոփոխությունների, սոցապ նախարարության միջոցառումների եւ ծրագրերի մասին պարբերաբար թարմ տեղեկատվություն է զետեղվում նախարարության www.mss.am ինտերնետային էջում: Ինչպես «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների, այնպես էլ բժշկասոցիալական փորձաքննության կարգի փոփոխությունների մասին տեղեկատվություն տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, տարածվել են մամլո հաղորդագրություններ գործակալությունների միջոցով: Աբովյանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գայանե Պողոսյանը պոլիկլինիկայի պատին փակցրել էր բժշկասոցիալական փորձաքննության կարգում կատարված փոփոխությունների մասին հակիրճ տեղեկատվություն: 

Հասմիկ Խաչատրյանը հանրության իրազեկման առումով կարեւորում է մարզային հանդիպումները, անհատական զրույցները տարբեր խավերի ներկայացուցիչների հետ: Ամռան ընթացքում 2-3 ժամանոց հանդիպումներ են եղել Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում: 

Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետարանի սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի բաժնի սոցիալական հարցերի պատասխանատու Օգսեն Գրիգորյանի հավաստմամբ`«սոցիալական ոլորտին առնչվող տեղեկատվությունն ավելի շատ հետաքրքրում է լրագրողներին, քան մյուս քաղաքացիներին: Հաճախ այստեղ մարդիկ դիմում են շատ տարբեր, ոլորտի հետ կապ չունեցող հարցերով»: Ի պատասխան մեր այն հարցի, թե համայնքի բնակիչներին որքանով է մատչելի սոցիալական ոլորտի տեղեկատվությունը, պրն Գրիգորյանը հավաստեց, որ շաբաթը մեկ անգամ թաղապետը եւ նրա տեղակալը կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն ոլորտին առնչվող բոլոր հարցերով: Բացի այդ, սոցիալական ոլորտի աշխատակիցները հանդիպումներ են ունենում ազատամարտիկների, պատերազմի վետերանների, կենսաթոշակառուների հետ: Թաղապետարանում մշակել են նաեւ տեղեկանքի հատուկ ձեւ, որը բաժանվում է քաղաքացիներին իրենց ցանկությունների եւ առաջարկությունների մասին նշումներ անելու համար: 

Նշենք, սակայն, որ Կենտրոնի թաղապետարանում սոցիալական ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այցելուներին տեղեկատվություն տվող որեւէ ուղեցույց կամ գրքույկ չկար: 

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Կարեն Մարգարյանի հավաստմամբ` «հիմնադրամը կառավարության որոշումների եւ օրենքների վերաբերյալ պարզաբանումներ տալիս է մամուլով եւ հեռուստատեսությամբ: Եթե թոշակառուն ցանկանում է հանդիպել հիմնադրամի աշխատակիցների եւ նախագահի հետ, ապա հանդիպման ժամանակ եւս տալիս են պարզաբանումներ»: 

Կոտայքի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն ոտք դնող քաղաքացին ընտանեկան նպաստի համակարգում կատարված փոփոխությունների մասին համապարփակ տեղեկատվություն է ստանում պատին փակցված ցուցատախտակներից: Ըստ գործակալության պետ Արտավազդ Ստեփանյանի`«որոշումների եւ օրենքների մասին պարզաբանումներ են տրվում նաեւ տեղական «Լանջ» եւ «Աբովյան» հեռուստաընկերություններով: Բացի այդ, գործակալության աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Աբովյանի ենթամարզի 30 գյուղական համայնքների բնակչության հետ եւ բացատրել աղքատության ընտանեկան նպաստ հատկացնելու կարգը: Ա. Ստեփանյանի հավաստմամբ, գործակալություն ամսական շուրջ 600-700 քաղաքացի է գալիս ընդունելության: Հետաքրքրական է, որ սոցիալական ոլորտի պատասխանատուները մեր զրույցների ժամանակ նշում էին, որ իրենք քաղաքացիներին ընձեռում են հնարավորություն` ծանոթանալու իրենց իրավունքներին եւ դժգոհում էին քաղաքացու`տեղեկատվություն ստանալու շահագրգռվածության պակասից:

Ի պատասխան մեր հարցումների` շարքային քաղաքացիները նշում էին, որ իրենց տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է: Մամուլը բնակչության մի զգալի հատվածի համար շարունակում է մնալ ոչ մատչելի: Զրուցակիցներս նշում էին, որ իրենք հազվադեպ են հետեւում «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում հրապարակվող հաղորդագրություններին: Իրենց հետաքրքրող հարցերի մասին նրանք բանավոր պարզաբանումներ են ստանում նախարարությունից կամ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter