HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Քառօրյա պատերազմում վիրավորված 4 զինծառայողներ Ամանորը նոր տներում կդիմավորեն

Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Թուֆենկյան բարեգործական հիմնադրամն Արցախում մեկնարկեց վիրավոր զինծառայողներին բնակարանային հարցում աջակցության ծրագիրը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի խոսքով՝ հայտնվեցին բարերարներ, ովքեր ցանկություն հայտնեցին օգնել վիրավոր զինծառայողների ընտանիքներին։

«Ծրագրի շրջանակներում վերանորոգում, կառուցում կամ նոր տուն ենք գնում վիրավորված զինծառայողի ընտանիքի համար։ Առաջին տունը, որ կապիտալ վերանորոգեցինք, Հադրութի շրջանի Տող գյուղում է։ Եվս երկու տուն գնեցինք Մարտարկերտում, մեկը` Մաթևոսյան եղբայրների համար, մյուսը՝ թալիշեցի երիտասարդ սպայի ընտանիքի համար»,- ասաց Ր․Դուդակլյանը։

Տող գյուղից պայմանագրային զինծառայող Վաչագան Վարդազարյանն աջ ձեռքը մեջքին հենած, հատ-հատ բարձրանում է տուն տանող մի քանի աստիճանը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Վաչագանը ծանր վիրավորվել է։ Նրանից մի քանի մետր հեռավորության վրա պայթած արկի բեկորը ձախ թևից մտել և աջ կողմից դուրս է եկել՝ վնասելով թոքերը, թեթևակի` սիրտը և ողնաշարը։

«Հույս չկար, որ ես կապրեմ։ Չորս վիրահատություն են արել այստեղ և Երևանում։ Բժիշկն ասել է` դեռ մի երկու տարի ցավեր եմ ունենալու, պետք է ցավազրկողներով դիմանամ մինչև մեջքիս հատվածի վնասված նյարդաթելերը վերականգնվեն»,- բացատրում է Վաչագանը։

Վաչագանը ծնունդով Գորիսից է, բայց ապրել ու աշխատել է Երևանում։ 2003թ․ որոշել են Երևանից տեղափոխվել կնոջ հայրական գյուղ՝ Տող։

«Գյուղում նորմալ տուն չկար, բարեկամներից մեկն իր կիսաավեր տունը տվեց մեզ։ Այս տարիների ընթացքում մեր ուժերով, ինչքան կարողացել ենք, վերանորոգել ենք»,- ասում է Վաչագանի կինը՝ Վեներան` հավելելով, որ չէր հավատում, որ իրենք էլ մի օր բարեկարգ տուն կունենան։

10 տարի զինվորական ծառայությունից հետո Վաչագանը վերջերս զորացրվել է։ Նրա երկու որդիները շարունակում են զինվորական ծառայությունը։ Վարդազարյաններն անհամբեր սպասում են կրտսեր որդու զորացրմանը։

«Կրտսեր որդիս ժամկետային զինծառայող է։ Հունվարին վերջին հերթապահությունը պիտի իրականացնի առաջնագծում։ Ամսվա վերջ զորացրվելու է։ Ավագ որդիս 5 տարուց ավելի է՝ պայմանագրային զինծառայող է»,- ասում է նա։

Վաչագանը լավատես է ու մի քիչ կազդուրվելուց հետո որոշել է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Նա ուզում է Արցախում արևելյան մարտարվեստների իր դպրոցը բացել։

Մարտակերտից Էրիկ և Էդուարդ Մաթևոսյան եղբայրներն ապրիլին, մի քանի օրերի տարբերությամբ, վիրավորվել են մարտի ժամանակ։ Էդուարդը դաստակի բեկորային վիրավորում է ստացել։ Կարճատև բուժումից մի քանի ամիս հետո նորից վերադարձել է ծառայության։

«Էրիկի վնասվածքներն ավելի լուրջ էին։ Երկու ծնկներից փամփուշտային վիրավորում է ստացել։ Ձախ ոտքն առայսօր չի կարողանում լիարժեք շարժել։ Բուժումը դեռ չի ավարտել, բայց ինքն էլ արդեն վերադարձել է ծառայության»,- ասում է Էդուարդը։

Մաթևոսյանների ընտանիքը սեփական տուն չուներ, ապրում էր ծանոթներից մեկի տանը։

Էդուարդը ժպտալով ասում է, որ Թուֆենկյան հիմնադրամի նվիրած երկհարկանի տունն ընտանիքի առաջին ու միակ սեփականությունն է։

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանն էլ խոստացավ տղաներին օգնել վերանորոգման աշխատանքների հարցում։

Չորս ընտանիքիների աջակցությունը ծրագրի ընդամենը սկիզբն է։ Րաֆֆի Դուդակլյանի խոսքով` ծրագիրը հաջողվել է, և Թուֆենկյանի հոգաբարձուների խորհուրդը որոշել է շարունակական դարձնել այն։ Ավելին՝ հիմնադրամը չի սահմանափակվի միայն ապրիլյան պատերազմի վիրավորների աջակցությամբ։ Նրանք հնարավորություններ կփնտրեն հետագայում ծրագրում նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորված վետերանների ընտանիքներին ընդգրկելու համար։

Հերթական՝ 5-րդ տան բարեկարգման աշխատանքները կսկսեն արդեն գարնանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter