
Արտոնության երկարաձգում՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի համար
Կառավարությունը չքննարկվող կարգով բավարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` կառավարությանը ներկայացրած որոշման նախագիծը, որով կառավարության 2015 թվականին ընդունված որոշման մեջ փոփոխություն կատարելով` «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երկարաձգվեց ևս տասը ամսով։ Եթե նախկինում այդ ժամկետը սահմանված էր մինչ 2017 թվականի հունվարի 5-ը, այժմ այն երկարաձգվեց մինչ հոկտեմբերի 5-ը։
«Ներկայումս ընկերության մոտ առկա են որոշակի խնդիրներ, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն»,- նշված է որոշման նախագծում:
Ինչպես գրված է կառավարությանը ներկայացված որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմօյլ» ՓԲՆ-ն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը, ըստ նախագծի, կկառուցի իր տեսակի մեջ նավթամթերքի վերամշակման եզակի գործարան, կստեղծվեն 150 աշխատատեղեր՝ միջին աշխատավարձը կազմելով 2016թ.` 200, 2017թ.` 220 և 2018թ.` 250 հազ. դրամ: Այդ գործարանի կառուցման համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ:
Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրվել է կատարել շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ներմուծումը իրականացվելու է փուլ առ փուլ։
լուսանկարը` armoil.am
Մեկնաբանել