Մարտերի ժամանակ երեք հայ զինծառայող է զոհվել. ՊՆ
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել են երեք զինծառայողներ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը մեջբերում ենք նույնությամբ.
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել